Յարգելի խմբագիր.
«Ասպարէզ» օրթերթի 14 Ապրիլի 2011թ. համարում «Մեսրոպեան Ուխտ»ի անդամ, իմ գործընկեր Վաղարշակ Վարդանեանը «AIDS-ի թարգմանութեան մասին» յօդուածում թերթի կողմից AIDS-ը Միաւ թարգմանելու սխալի առիթով իրաւացիօրէն արծարծում է օտար մասնագիտական եզրոյթների հայեցի թարգմանութեան խնդիրը: Այդ առթիւ թոյլ տուէք յաւելել հետեւեալ պարզաբանումը:
Երբ աֆրիկացիների մօտ յայտնաբերուեց կապիկներից փոխանցուող հիւանդութիւնը, այն անուանեցին ՁԻԱՀ – Ձեռքբերովի Իմունային Անբաւարարութեան Համախտանիշ (անգլերէն՝ AIDS – Acquired Immune Deficiency Syndrome), ինչը մի աւարտուն եւ բացայայտ հիւանդութիւն է:
Յետագային պարզուեց, որ նման հիւանդութիւն կարող է լինել նաեւ մարդու մօտ՝ առանց կապիկներից փոխանցուած լինելու եւ թաքնուած վիճակում ՝ հանդէս չգալով որպէս բացայայտ հիւանդութիւն եւ չունենալով ՁԻԱՀի նման մահացու ելք: Այն կոչուեց HIV – Human Immunodeficiency Virus, եւ Հայաստանում այն թարգմանուեց ՄԻԱՎ- Մարդու Իմունային Անբաւարարութեան Վիրուս, ինչի լրիւ «հայացուած» անուանումը կը լինի ՄՎԱԺ – Մարդու Վարակամերժային Անբաւարարութեան Ժահր: Նշենք նաեւ, որ HIV – ՄԻԱՎը կարող է փոխարկուել մահացու AIDS – ՁԻԱՀի, բայց յաճախ էլ չփոխարկուել:
Այսպիսով, «Ասպարէզ»ի 24 Սեպտեմբերի 2010 թ հաղորդագրութեան մէջ («Հայաստանի մէջ կ՛ապրի 20 ՄԻԱՒ (AIDS) վարակակիր երեխայ») անճշտութիւնը ոչ միայն քերականական էր (պէտք է լինէր ՄԻԱՎ, այլ ոչ թէ ՄԻԱՒ), այլ նաեւ բուն իմաստով՝ HIV-ի փոխարէն AIDS գրելով: Ուստի կարող ենք սփոփանքով ասել. «Փառք Աստուծոյ, որ Հայաստանի մէջ 20 երեխայ ոչ թէ AIDS ունեն, այլ HIV»:
Իսկ հիմա, երբ ամէն ինչ յստակ է, մնում է որոշել, թէ հայերէնով ինչպէս պիտի անուանենք այդ հիւանդութիւնները. ՁԻԱՀ, թէ՞ ՁՎԱՀ. ՄԻԱՎ, թէ՞ ՄՎԱԺ: Այս հարցով «Մեսրոպեան Ուխտ»ը պիտի դիմի Հայաստանի պատկան մարմիններին:
ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ
«Մեսրոպեան Ուխտ» Լեզուապահպանական Միութիւն