Չորեքշաբթի, Յունիսի 1ին, «Շամլեան» Ազգ. վարժարանի աշակերտութիւնն ու անձնակազմը դպրոցի տարածքով մէկ երկրաշարժային աղէտի դիմակայման փորձառական միջոցառում ձեռնարկեցին՝ նպատակ ունենալով նախապատրաստել թէ՛ ուսուցիչներին, թէ՛ աշակերտներին եւ թէ նրանց ծնողներին, որ իրական կեանքում եւ դպրոցական ժամերին, նման աղէտի պատահման դէպքում, փրկարարական ի՞նչ անհրաժեշտ քայլեր պէտք է կատարուեն՝ երկրաշարժից տուժածներին օգնելու եւ կացութեանը տէր կանգնելու համար:
Շուրջ երկու ժամ տեւած այս կարեւոր միջոցառման ընթացքում, որը ղեկավարեց UCLA համալսարանի հանրային առողջապահութեան եւ աղէտների դիմակայման հարցերով կենտրոնի փոխտնօրէն դոկտ. Ալինա Դուրեանը, վարժարանում ներկայացուեց իրական երկրաշարժի հետեւանքով ստեղծուող իրավիճակը:
Այս նպատակով, անցնող ամիսներին «Շամլեան» վարժարանում տեղի ունեցած ուսուցչական հանդիպումների ու ժողովների ընթացքում կազմակերպուեց եւ գործադրման դրուեց համապարփակ մի ծրագիր, որը միտում է փրկարարական աշխատանքներ նախամշակել այնպիսի աղէտների համար, ինչպիսիք են՝ երկրաշարժները, հրդեհներն ու բնական այլ արհաւիրքներ: Նախկինում, դպրոցով մէկ հնչուող երկրաշարժային ահազանգերի ժամանակ պահանջւում էր, որ աշակերտները իրենց ուսուցիչների գլխաւորութեամբ համախմբուէին դպրոցի բակում եւ հետեւէին տնօրէնութեան ցուցմունքներին եւ ուղղութիւններին: Իսկ Չորեքշաբթի օրուան ահազանգի համար ձեռնարկուեցին յաւելեալ քայլեր: Վարժարանի պաշտօնէութիւնն ու ուսուցչական կազմը վերապատրաստուեցին CPR կոչուող սրտանօթային տագնապների անմիջական օգնութեան յատուկ ծրագրի, ինչպէս նաեւ առաջին օգնութեան եւ վթարային պատահարների որոնման ու փրկութեան ընթացակարգերի համաձայն, որպէսզի կարողանան դպրոցական պահերին հաւանաբար տեղի ունենալիք բնական աղէտների ժամանակ, անմիջական եւ նախնական օգնութիւն հասցնել տուժածներին:
Եւ այդպէս, Չորեքշաբթի օրուայ իւրայատուկ ահազանգից յետոյ, որը 60 վայրկեանով հնչեց առաւօտեան ժամը 9ին, վարժարանի անձնակազմի իւրաքանչիւր անդամ ստանձնեց իրեն յանձնարարուած իւրայատուկ աշխատանքը: Ահազանգը լսելով՝ աշակերտները դասարաններում, իրենց ուսուցիչների գլխաւորութեամբ, կատարեցին գրասեղանի ծածկոցին տակ մնալու փորձը եւ ապա համախմբուեցին դպրոցի բակում, ուր տեսնելու ու սովորելու նպատակով ներկայացուեցին փրկարարական աշխատանքների ընթացակարգերը՝ աշակերտների եւ ուսուցիչների կատարմամբ: Այդ իմաստով, մարմնային վնասուածքներով անձի դեր ստանձնած աշակերտներ, ուսուցիչներ եւ պաշտօնեաներ, ովքեր իբր թակարդուել էին պատահական վայրերում, յայտնաբերուեցին փրկարար ջոկատների օգնութեամբ եւ ստացան բեմականացուած համապատասխան բուժսպասարկում:
Դպրոցի բակի նախապէս ճշտորոշուած վայրերում տեղակայուած փրկարար ջոկատները, որոնց մաս էին կազմում՝ աշակերտներին խնամք տանելու, անվտանգութիւն ապահովելու, որոնման եւ փրկութեան փութալու, ծրագրաւորելու, աշակերտների ու անձնակազմի թիւը հաշուառելու եւ բուժսպասարկութիւն մատակարարելու հարցերով խմբերը, իրենց պատասխանատուների գլխաւորութեամբ լաւապէս կատարեցին իրենց յանձնարարուած պարտականութիւնները՝ յայտնաբերելով եւ օգնելով ձեւականօրէն վիրաւորուած ու թակարդուած բոլոր տուժածներին:
Փրկարար գործողութիւնների ողջ ընթացքում, օժանդակ ծառայութիւններ մատակարարող ջոկատը՝ վարժարանի 8րդ դասարանների աշակերտների համագործակցութեամբ, նախաճաշիկ եւ վրաններ տրամադրելով բակում համախմբուած աշակերտութեան եւ ուսուցչական կազմին՝ իր նպաստը բերեց սոյն աշխատանքներին:
Չնայած, որ վարժարանի որեւէ անդամ յստակօրէն չգիտէր, թէ ի՛նչ էր սպասւում երկրաշարժային այս փորձառական ահազանգից, այնուամենայնիւ, երկու ժամ տեւած նախապատրաստական սոյն գործողութիւնների շնորհիւ, թէ՛ աշակերտութիւնը, թէ՛ ուսուցչական կազմն ու տնօրէնութիւնը, կարեւոր եւ անհրաժեշտ տեղեկութիւններ ու փորձառութիւններ ձեռք բերեցին փրկարարական սոյն ծրագրի ընթացքում, որպէսզի երկրաշարժային իրական վթարի ժամանակ, առանց խուճապի մատնուելու, դպրոցի շրջափակում կարողանան լաւագոյնս անել՝ բոլորին անմիջական օգնութիւն հասցնելու համար:
(Թղթակցութիւնը վարժարանէն)