Ռուսաստանի նախագահ Դմիթրի Մեդվեդեւի միջնորդութեամբ Թաթարստանի Կազան քաղաքում նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Յունիսի 24ին կայացած հանդիպումը արդարացրեց իրատեսների ակնկալիքները. Հայաստանն ու Ադրբեջանը բոլորովին էլ մօտ չեն ստորագրել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների շուրջ փաստաթուղթ:
Կազանեան հանդիպման մանրամասների պակասը չի խանգարում հասկանալ, թէ ո՛ր հարցերի շուրջ չեն կարողանում համաձայնութեան գալ Երեւանն ու Պաքուն: Եթէ առանց վերապահումների հաւատանք Հայաստանի արտաքին գործերի նախարարի խօսքերին, ապա «Կազանը բեկումնային չեղաւ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղաւ ընդունել եռանախագահների կողմից առաջարկուած հիմնարար սկզբունքների վերջին (Սոչիի) տարբերակը»: Նախագահների հանդիպումից յետոյ Էդուարդ Նալբանդեանը հայ լրագրողներին ասել է նաեւ, որ «ադրբեջանական կողմը մօտ մէկ տասնեակ փոփոխութիւններ առաջարկեց, եւ դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղաւ»:
Այսօր բանակցային սեղանին դրուած փաստաթուղթը կազմուած է 14 հիմնարար սկզբունքներից, եւ եթէ իրաւամբ Ադրբեջանը մօտ 10 փոփոխութիւններ է առաջարկել, դա նշանակում է, որ Պաքուն գրեթէ ամբողջութեամբ մերժում է կարգաւորման հիմնարար սկզբունքները, այլ խօսքով՝ ադրբեջանական կողմը տապալում է բանակցային գործընթացը: Այսպէս է, թէ ոչ, ցոյց կը տայ յառաջիկայ ապագան՝ բանակցութիւնների յաջորդ փուլը:
Անշուշտ, պէտք չէ բացառել, որ Ադրբեջանը 10 փոփոխութիւններ առաջարկելով, հետապնդում է մարտավարական նպատակներ, այսինքն՝ Հայաստանից 10 պահանջ է ուզում, որ յետագայ բանակցութիւններում ներկայացուած պահանջների մեծ մասից հրաժարուի՝ դա ներկայացնելով «զիջում, փոխզիջում կամ բարի կամքի դրսեւորում», որպէսզի գոնէ հայկական կողմից եւս մէկ զիջում հնարաւոր լինի կորզել:
Գուցէ Ադրբեջանը այս մարտավարութիւնն է որդեգրել, սակայն հաստատ է մէկ բան. Հայաստանը եւ Արցախը զիջելու տեղ չունեն: Որպէսզի պարզ լինի, թէ ի՛նչ զիջումների մասին է խօսքը, ներկայացնենք այն փաստաթուղթը, որի շուրջ նախագահները չեն կարողացել համաձայնութեան հասնել Կազանում: Ինչպէս յայտնի է, այդ փաստաթուղթը կազմուած է 14 հիմնարար սկզբունքներից: Ներկայացնենք դրանցից առաջին չորսը, որոնք ամենակարեւորն են:
Առաջին. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կ՛որոշուի պլեբիսցիտի՝ հանրաքուէի միջոցով, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի բնակչութեան կամքի ազատ եւ արդար կամարտայայտում: Պլեբիսցիտի ժամկէտներն ու մանրամասները կողմերը կը համաձայնեցնեն յետագայ բանակցութիւններում:
Երկրորդ. միջանկեալ ժամկէտի ընթացքում՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կ՛ունենան որոշակի իրաւունքներ եւ առաւելութիւններ, մասնաւորապէս՝ Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը իրաւունք է ունենալու ընտրելու պաշտօնեաներ՝ միջանկեալ շրջանում կառավարելու համար: Այդ պաշտօնեաները կիրականացնեն օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւն, ինչպէս նաեւ կը հիմնեն դատարաններ: Լեռնային Ղարաբաղի միջանկեալ իշխանութիւնները կ՛ունենան դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկւում են անմիջականօրէն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Լեռնային Ղարաբաղը կարող է անդամակցել միջազգային այն կազմակերպութիւններին, որոնցում միջազգայնօրէն ճանաչուած լինելու կարգավիճակը պարտադիր չէ: Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ արտասահմանեան երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների ֆինանսական օժանդակութիւնը:
Երրորդ. հայկական ուժերը դուրս են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի յարակից բոլոր տարածքներից: Հայկական ուժերը դուրս են բերւում Քելբաջարի շրջանից եւ Լաչինի ոչ միջանցքային տարածքներից: Հայկական սահմանափակ զօրամիաւորում տեղակայուելու է այն տարածքում, որը որոշելու է Միջազգային անցումային յանձնաժողովը՝ մինչեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումը: Քելբաջարի շրջանի վերահսկողութիւնը իրականացնելու է Միջազգային անցումային յանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի եւ Ադրբէյճանի ներկայացուցիչներ: Քելբաջարի հայ բնակչութեան դուրս գալը շրջանից խրախուսուելու է: Ադրբեջանական տեղահանուած անձինք վերադառնալու են Քելբաջարի շրջան խաղաղութեան համաձայնագրի ստորագրումից յետոյ:
Չորրորդ. համաձայնեցուած լայնութեան միջանցքը պէտք է կապի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը այդ միջանցքը պահպանելու է այն կարգավիճակը, որը առկայ էր փաստաթղթի ստորագրման պահին: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումից յետոյ, միջանցքի կարգավիճակը կը կարգաւորուի՝ հաշուի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:
Այսպիսով, կարող ենք ասել, որ Կազանում փակուղին չարեաց փոքրագոյնն էր հայկական կողմի համար: Անշուշտ, պէտք է պատրաստ լինել ադրբեջանական կողմի հնարաւոր արկածախնդրութիւններին, յատկապէս Հայաստան-Ադրբեջան եւ Արցախ-Ադրբեջան սահմաններում: Վերջին շրջանում յատկապէս աննախադէպ կերպով աշխուժացել են դիպուկահարները, որոնց կրակոցները խլում են երիտասարդ կեանքեր:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ այս յօդուածը գրած է «Ազդակ»ի համար