ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Տնտեսական իրավիճակի բարդացման հետ աշխարհում ի յայտ են գալիս մի շարք երեւոյթներ, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով հասարակութեան լայն քննարկման առարկայ չէին դարձել: Այսօրուայ մեր ակնարկի ընթացքում կը փորձեմ ձեզ ներկայացնել դրանցից մի քանիսը՝ համեմատական վերլուծութիւն կատարելով հայկական իրականութեան հետ:
Նախ սկսենք Հնդկաստանից:
Գաղտնիք չէ, որ այս երկրում տնտեսութիւնն աննախադէպ թռիչք է ապրում. երկրի ղեկավարութիւնը նախաձեռնել էր որոշակի պահուստների կտրուկ բազմապատկմանը, որն էլ ինչ-որ տեղ նպաստեց անցեալ տարուայ թանկարժէք մետաղների շուկայում առաջացած իրարանցումին: Հնդկաստանում բարձր տեխնոլոգիաների հետ մէկտեղ կտրուկ զարգացում է ապրում նաեւ արդիւնաբերական արտադրութիւնը: Բնականաբար, երկրի բնակչութեան կենսամակարդակը բարձրանում է՝ ի յայտ բերելով միջին դասակարգը ներկայացնող հզօր մի բանակ: Սրա հետ մէկտեղ ծաղկել են նաեւ կաշառակերութիւնն ու խարդախութիւնները: Դեռ վերջերս Հնդկաստանում միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտօնեաների բանտ նստեցրին. մի բան, որ գրեթէ անհաւատալի էր մէկ տարի առաջ:
Այս ամէնը տեղի է ունեցել 74ամեայ մի ծերունու ջանքերով: Ոմն Աննա Հազարէն (ես չեմ շփոթուել, այս տղամարդու անունն Աննա է) մի քանի անգամ խաղաղ հացադուլի է դուրս եկել կառավարութեան շէնքի առջեւ՝ պահանջելով կտրուկ միջոցներ ձեռնարկել կաշառակեր պաշտօնեաների նկատմամբ: Օրինակ՝ 2010 թուականին Հասարակապետական սպորտային խաղերի համար միլիոնաւոր դոլարների գնումներ էին կատարել, որ չափազանցուած էին: Օրինակ՝ զուգարանի թղթի արժէքը նշուել էր 80 դոլար մէկ հատի դիմաց եւ այլն: Իշխանական շրջանակներն իրենց ծանօթ բարեկամներին էին յատկացրել այնպիսի ախորժելի պատառներ, ինչպիսիք երկրի բջջային ցանցը տնօրինելու իրաւունքն էր, խոշոր շինարարութիւնների իրաւունքներ եւ այլն:
Այսպիսի չարաշահումների արդիւնքում հնդիկ հարկատուն կորցրել էր մօտաւորապէս 40 միլիարդ դոլար: Մումբայի քաղաքում պետական պաշտօնեաները յափշտակել էին թանկարժէք բնակարաններ, որ նախատեսուած են եղել պատերազմում զոհուածների այրիների համար: Պարոն Աննա Հազարէն իր կեանքի նպատակն է համարում խաղաղ պայքար ծաւալել այսպիսի չարաշահումների դէմ: Նրան է միացել հնդիկ միջին դասակարգը: Ցոյցերից մէկի ընթացքում Հազարէին միացաւ մի քանի տասնեակ հազար ցուցարար՝ պահանջելով միջոցներ ձեռք առնել չարաշահումները դադարեցնելու համար: Հնդկաստանում 1980 թուականին բնակչութեան ընդամէնը 8 տոկոսն էր համարւում միջին դասակարգ, այժմ այն հասել է բնակչութեան 1/3 ցուցանիշին, եւ եթէ հաշուի առնենք Հնդկաստանի ընդհանուր բնակչութեան թիւը, սա ահռելի մի թիւ է կազմում: Մօտաւոր հաշուարկների համաձայն մինչեւ 2022 թուականը երկրի բնակչութեան կէսից աւելին կը հասնի այդ դիրքին: Առաջադէմ աշխարհի մի շարք ներկայացուցիչներ բացայայտօրէն ծափահարում են Աննա Հազարէի նախաձեռնած շարժմանը, սակայն հնչում են նաեւ այլ իրատեսական գնահատականներ: Մասնաւորապէս կարծիքներ են հնչում, թէ ժողովրդի արդար բողոքները փողոցային յեղափոխական ձեւ ընդունելու հետեւանքով կարող է խարխլուել երկրի կայունութիւնը եւ արգելակել ժողովրադավարական ընթացքը: Մի տեսակ իրարամերժ կարծիք է սա, բայց այստեղ ճշմարտութեան հատիկ կա՛յ: Յեղափոխութիւնն իր հետ բերում է փոփոխութիւններ, բայց ոչ միշտ է այն ծառայում առաջնային բարձր նպատակներին: Սովորաբար յեղափոխութիւնից օգտւում են ետեւից եկող ուժերը, ովքեր կարողացել են ճիշդ հաշուարկ կատարել, թէ ով որտեղ է ընկնելու, եւ ի վերջոյ իրենք են տիրացել «գահին»՝ թքած ունենալով ժողովրդի ընդհանուր բարօրութեան վրայ: Ինչեւիցէ, Հնդկաստանում առաջացած ալեկոծութիւնները մի քանի տասնեակ բարձրաստիճան պաշտօնեաների դատավարութեան եւ կալանքի հետեւանքն են դարձել:
Տարիներ առաջ զրուցել եմ մի անձնաւորութեան հետ, Արտեօմ անունով, ով լաւ ուսումնասիրել էր հնդկական հասարակութիւնն ու տեղական օրէնքները: 80ականներին էր այս զրոյցը: Նա պնդում էր, թէ հնդկական հասարակութեան մէջ առկայ բազմաթիւ (յատկապէս չգրուած) օրէնքներ շատ նման են հայկական իրականութեանը: Յատկապէս նշում էր յանցագործ աշխարհում առկայ օրէնքները. մի բան, որ դժուար թէ որեւէ պաշտօնական աղբիւր ուսումնասիրած լինէր գոնէ այն ժամանակ: Այնտեղ էլ շատ հաստատուն հիմքերի վրայ էին «սա իմ եղբայրն է, իսկ սա՝ իմ ընկերը, միւսն էլ խնամիս է. ինչպէ՞ս կարող եմ նրան քննադատել կամ նրա շահերին դէմ գնալ» գաղափարները: Ծանօթ է, չէ՞: Իսկ եթէ եղբօր կամ խնամու արարքը ոչ թէ մանր, այլ պետական յանցագործութիւն է, խոշոր չափերի յափշտակում, «մարդակերութիւն», ի՞նչ անել: Ես ընդունում եմ, որ ոչ բոլորը կարող են իրենց մէջ ուժ գտնել եղբօրը կամ ընկերոջը օրէնքի առաջ կանգնեցնելու առումով: Ես ինքս երբ մտածում եմ, տարօրինակ մի սարսուռ է անցնում մարմնովս: Միաժամանակ վստահ եմ, որ պետական բարձր պաշտօն ակնկալող իւրաքանչիւր անձնաւորութիւն ինքն իրեն պէտք է հարց տայ. «պետութեան շա՞հն է կարեւոր, թէ՞ եղբօրս բարօրութիւնը»: Սա լակմուսի պէս կարող է զտել թացը չորից: Մանկամտութիւն կը լինէր կարծել, թէ պետական աթոռի համար պայքարող իւրաքանչիւր անձ իր սրտի խորքում ձգտում է ծառայել երկրին, ժողովրդին, հայրենիքին: Դրանց մի մասի նպատակն իրենց ստամոքսն ու բարօրութիւնն են: Բայց պէտք է մէկ առ մէկ զտուեն բոլոր նրանք, ովքեր իրենց փորը գերադասում են պետութեան շահերին, նրա անվտանգութեանը:
Տնտեսական իրավիճակի բարդացումն իր հետքը թողել է նաեւ Հայաստանում: Ասում են, թէ որոշ երեւելիներ իրենց ճնշումն են ամբարտաւան ձեւով աւելացնում ժողովրդի վրայ, որն իր հերթին փորձում է երկրից դուրս փախչել: Դուրս եկողների մեծ մասն այլեւս երբեք ետ չի վերադառնայ, նոյնիսկ զբօսաշրջիկի կարգավիճակով: Ինձ համար շատ մօտ մի անձնաւորութեան կարծիքը չափազանց հիասթափեցնող էր: Մի

շաբաթ առաջ վերադառնալով Հայաստանից՝ նա ինձ տեղեկացրեց, թէ այս անգամուայ ճամբորդութիւնը շատ աւելի տխուր էր, քանի որ ժողովրդի շրջանում ծայրաստիճան յուսահատութիւն էր նկատւում: Հիմնական պատճառը տնտեսական խեղճութիւնն էր եւ օրէնքից խուսափելու ոմանց ցուցաբերած «գերազանց» հնարամտութիւնը: Միացեալ Նահանգներն ու Ռուսաստանը առաջիկայ տարիներին կարող են նուազեցնել Հայաստանին տրամադրուող օգնութեան չափը. արդեօ՞ք սա նշանակում է, թէ տեղական որոշ «իշխաններ» պէտք է իրենց ակնկալած «բացը» լրացնեն աւելի շատ մարդկանց կաշին քերթելով:
Կարծում եմ, թէ որեւէ իշխանափոխութիւն չի ստիպի հասարակութեանը ձերբազատուել «ընկեր-ախպերական» յարաբերութիւնների գերադասման ախտից, բայց իւրաքանչիւր պաշտօնեայ, ընդհուպ մինչեւ նախագահը, պարտաւոր է իր պաշտօնավարման ընթացքում ձգտել մաքրել իշխանութեան «խոհանոցը», որպէսզի իրեն յաջորդողը մէկ քայլ առաջ գնայ:
Մեր ժողովուրդը ստեղծարար է, շնորհքով ու խելացի: Միեւնոյն ժամանակ նաեւ չափազանց իրատես է, եւ դա է պատճառը, որ անարդարութեան եւ տնտեսական ընչաքաղցութեան արդիւնքում որոշում է ընդունում լքել բնակավայրը՝ նոր պայմանների ակնկալիքով: Նոր պայմանները գտնում է, հաստատւում, ոտքի կանգնում եւ սրտաճմլիկ կարօտով յիշում իր ծննդավայրն ու հողը: Մինչեւ ե՞րբ: Թող ոչ ոք չմեղադրի բարձրաստիճան պաշտօնեային, եթէ վերջինս իր մօտ կամ հեռու ազգականին մեկուսացնի վերջինիս հեղինակած խայտառակութիւնների համար: Իսկ եթէ այդ պաշտօնեան այդքան շատ է սիրում իր մերձաւորին, ուրեմն թող յօժարակամ հեռանայ: Այս ամէնն այդքան էլ պարզ չէ, ցաւօք: Կան բազմաթիւ ծալքեր, որոնց ուսումնասիրման համար ամիսներ, գուցէ եւ աւելի ժամանակ կը պահանջուի:
«Շատ ենք անհամբեր, ուզում ենք վաղն ամէն ինչ շտկուի», ասում էր հարազատներից մէկը, «այդպէս չի լինի»: Համաձայն եմ, բայց գոնէ աշխատանք պէտք է տարուի այդ ուղղութեամբ եւ շօշափելի արդիւնքներ են պէտք: Երկրի առաջնորդները պէտք է կտրուկ քայլերի դիմեն՝ ժողովրդի մէջ արդարութեան ձգտումն ապահովելու համար, եւ արտահոսքը կը նուազի: Իւրաքանչիւր «իշխան», ով իր դրամապանակն է լցնում անօրինական ճանապարհով, նպաստում է երկրի դատարկման: Լաւ, գոնէ թող մտածի, որ վաղն իրեն ենթակայ մարդ չի ունենայ: Գուցէ եւ պաթոսային է հնչում, բայց երեւի թէ լաւ կը լինէր այսպիսիներին հնարաւորութիւն տալ երկրից դուրս գալու, մի ուրիշ «քաղաքակիր»չ երկրում թող իրենց գործը դնեն, հարստանան:
Հնդկաստանի պարագան հեշտ է. երկիրը չտեսնուած հարստութեան տէր է, եւ աշխարհում երկրորդ ամենաարագ աճող տնտեսութիւնն ունի: Հայաստանի նման փոքր պետութիւնը, սակայն, պէտք է ընդօրինակի համաշխարհային փորձը անարդարութեան վերացման տեսանկիւնից: Այլապէս տեղական բնակչութիւնը եւ որոշ սփիւռքահայերի «կծելով» ո՞ւր կը հասնենք:
Եւս մի յատկանշական դէպք պատմեմ:
Ընկերս ահա արդէն մէկ տասնեակից աւելի տարիներ է, ինչ իր մէջ փայփայում է Հայաստան վերադառնալու յոյսը: «Երբ թոշակի անցնեմ, գնալու եմ մեր գիւղը, այնտեղ կուզենայի անցկացնել կեանքիս մայրամուտը»: Վերջին մի քանի ամիսներին մի տեսակ տխրութիւն եմ նկատում նրա մօտ: Առաջուայ պէս յաճախ չի խօսում իր երազանքի մասին: Անցեալ տարի այս ժամանակ էր, երբ տաք-տաք վիճում էր, թէ գնալու է հայրենիք, մի փոքր գործ կը դնի, մի քանի հոգու աշխատանքով կ՛ապահովի, ոչինչ որ եկամուտը մեծ չլինի: «Ամէն ինչ այնպէս կը դասաւորեմ, որ աշխատանքային թոշակով ապրեմ, իսկ հիմնած գործս մի քանի ընտանիք թող կերակրի, ինձ համար էլ թող զբաղմունք լինի», ասում էր: Գիտէ՞ք թէ քանի հազարներ են այսպիսի երազով ապրում: Գուցէ այսօրուայ ակնարկն ինչ-որ տեղ զգացական ստացուեց աւելի առարկայականի փոխարէն, բայց յուսով եմ, որ այն կը կարդան հայրենիքում՝ համապատասխան շրջաններում: Դիմում եմ նաեւ «իշխաններին»: Խնդրում եմ, մի սպանէք մարդկանց երազանքը: Հայրենիքը դրանց իրականացման արդիւնքում միայն կը շահի:
Գրե՛ք ինձ:
khachigmelekyan@aol.com