ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Միջազգային ճգնաժամը շատ աւելի խորն է, քան վերջին երկու տարիներին կանխատեսում էին տնտեսագէտները: Այսպիսի տրամադրութիւններն այսօր շատ աւելի տարածուած են, քան ամպագոռգոռ յայտարարութիւններն այն մասին, թէ ճգնաժամը լիովին յաղթահարուած է եւ շարժւում ենք առաջ՝ դէպի պայծառ ապագայ: Մի կողմից Միացեալ Նահանգների քաղաքական շրջանակների «մանկապարտէզային» մակարդակի վիճաբանութիւնները (որ չափից աւելի անվստահութեան մթնոլորտ են ստեղծում աշխարհի առայժմ գոնէ ամենահզօր պետութեան տնտեսական քաղաքականութեան նկատմամբ), միւս կողմից եւրոպական երկրներում մոլեգնող ամենաիսկական քաոսը, համաշխարհային տնտեսութեան անիւներն են արգելակում: Իսկ ինչպէ՞ս է իրեն զգում այս իրավիճակում Չինաստանը, որի մասին խոստացել էինք աւելի հանգամանօրէն զրուցել, բայց ինչ-որ տեղ թերացել էինք մեր խոստման մէջ: Պարզւում է ոչ այնքան լաւ: Բայց ամէն ինչ հերթականութեամբ:
Անցեալ Ուրբաթ Չինաստանի նեկայացուցիչը բացայայտօրէն յայտարարեց, որ աշխարհը չի կարող Չինաստանին տեսնել որպէս փրկութեան օղակ, եւ եւրոպական պարտքը հետաքրքրում է իրենց երկրին միայն սահմանափակ այնպիսի քանակութեամբ, որը Չինաստանի տնտեսութիւնը «կարող է մարսել»: Սա միանշանակօրէն մեկնաբանւում է հետեւեալ կերպ. Իտալիայի, Յունաստանի եւ այլ ճգնաժամային պետութիւնների պարտքերը վարկաւորելուց Չինաստանն անմիջապէս հրաժարւում է: «Եթէ Եւրոպան պարտամուրհակներ թողարկի, որոնք յարգուեն եւրոպական ԲՈԼՈՐ պետութիւնների կողմից, ապա Չինաստանը կը մտածի դրանք գնելու մասին՝ սահմանափակ քանակութեամբ»,- ասել է բարձրաստիճան մի պաշտօնեայ մայրաքաղաք Պեկինում:
Սրա տակ պէտք է հասկանալ հետեւեալը. եթէ Գերմանիան եւ միւս զարգացած եւրոպական պետութիւնները երաշխաւորեն պարտամուրհակների օրինական վաճառքը, ապա չինացիները դրանք կը գնեն այնպիսի ծաւալով, որ իրենց համար շահաւէտ կը լինի: Եւ ընդհանրապէս, վերջին մի քանի տարիներին տնտեսագէտներն աւելի շատ են դիւանագիտական արտայայտութիւններ գործածում եւ խուսափում են ուղղակի գնահատականներ տալուց, քանի որ մի անզգոյշ խօսքը կարող է նոր ցնցումների տեղիք տալ, իսկ ամերիկեան Dow Jones Industrial եւ Nasdaq տնտեսական ցուցանիշները կատաղած ճօճանակի պէս տատանւում են՝ իրենց ազդեցութիւնը թողնելով աւանդական շահաբաժինների եւ նոյնիսկ ոսկու արժէքի վրայ: Անցեալ շաբաթ ներդրողները խուճապի մատնուած վաճառում էին նաեւ ոսկին, որը վերջին մի քանի տարիների ընթացքում կրկնապատկել էր իր արժէքը:
Բայց եկէք վերադառնանք մեր արեւելեան հսկային:
Այսօր Չինաստանի տնտեսութիւնը աճում է մօտաւորապէս տարեկան 9 տոկոսով: Չինաստանի կենտրոնական դրամատան տնօրէն Չժոու Սիաոչուանը յայտարարել է, որ բազմաթիւ տնտեսագէտների կանխատեսումներն այն մասին, թէ Չինաստանի տնտեսութիւնը աճելու է 15 տոկոսով, անիրական է ու հեքիաթային: Իրական պատկերը 8ից 10 տոկոսի սահմանագիծն է: 2008-2009 թուականների ճգնաժամային տարիներին Չինաստանը 1.7 տրիլիոն դոլար ներդրեց իր տնտեսութեան մէջ՝ նպաստելով արդիւնաբերական ապրանքների գների աճին եւ դրամի արժէզրկմանը: 2010 թուականից ի վեր Չինաստանի վրայ ճնշում է գործադրւում ազատ արձակել չինական դրամանիշը՝ եուանը, որից յետոյ մէկ տարուայ ընթացքում ազգային դրամանիշն աւելի քան 5.5 տոկոսով արժէքաւորուել է դոլարի նկատմամբ: Պարոն Չժոուն խոստացել է, թէ Չինաստանն այլեւս ջանք չի ներդնի իրենց ազգային դրամանիշի արժէքաւորումը զսպելու կապակցութեամբ. ինչպէս դա արեցին 2008 թուականին: Արեւելքի հսկան նոր մօտեցում է որդեգրել, որ հաւանաբար հաշուարկուած է եղել մէկ կամ երկու տասնեակ տարի առաջ:
Մի բան ակնյայտ է. Չինաստանի ձայնը գնալով աւելի հաստատուն է դառնում ինչպէս պետական քաղաքականութեան, այնպէս էլ տնտեսական ոլորտներում. «համայնավարական» այս վերջին հանգրուանի հետ հաշուի են նստում դրամատիրութեան դարաւոր հսկաները՝ յաճախ գլուխ խոնարհելով նրա պահանջների առաջ: Բայց արդեօ՞ք ամէն ինչ այդքան վարդագոյն է Չինաստանում: Միթէ՞ ճգնաժամը եւ համաշխարհային աղէտալի այս քամիները ոչ մի բացասական ազդեցութիւն չեն գործում այս պետութեան վրայ:
Պարզւում է, որ յաջողութիւնը միայնակ չի գալիս, այն իր հետ բերում է նաեւ համապատասխան հոգսեր: Երկրում աճում է անհատների եւ ձեռնարկութիւնների կողմից վերցուած պարտքերի ծաւալը: Շատերը նաեւ արդարաբար կասկածում են, թէ համաշխարհային տնտեսութեան արգելակման հետ զուգընթաց կը դադարի նաեւ չինական ապրանքների նկատմամբ ցուցաբերուած հետաքրքրութեան աճը, եւ անհատներն ու ձեռնարկութիւնները չեն կարողանայ դուրս գալ իրենց վարկային պատասխանատուութիւնների տակից: Չինաստանում նկատւում է նոր մի երեւոյթ. զանգուածային բողոքների ալիքները գնալով աւելի յաճախակի են դառնում: Այսօր՝ Հոկտեմբերի մէկին, երկիրը տօնում է Չինաստանի ժողովրդական հանրապետութեան հիմնադրման 62րդ տարեդարձը, եւ շատ բարձրաստիճան ղեկավարներ ահով-դողով սպասում են, արդեօք զանգուածների բողոքը կը պոռթկայ յարմար այս առիթի ընթացքում: Ժողովուրդը բողոքի ձայն է բարձրացնում ոչ միայն Տիբեթում եւ Սինցզեանում, որտեղ հիմնականում ազգային փոքրամասնութիւններն են կենտրոնացած. դժգոհում են նաեւ աւանդաբար «խելօք» համարուող շրջանների բնակիչները, եւ բողոքի ալիքը հիմնականում ուղղուած է կաշառակերութեան եւ բիւրոկրատիայի սանձազերծած ամենաթողութեան, ինչպէս նաեւ հողերի զաւթման դէմ:
Փողի արժէզրկումն իր կործանիչ դերն ունի վերոյիշեալ դժգոհութիւնների հարցում: 2009 եւ 2010 թուականներին երկրի կառավարութեան դրամական մօտ 3 տրիլիոն դոլարի խթանման հետեւանքով ուտելիքի գինն աննախադէպ չափով բարձրացել է: Վերջին տուեալների համաձայն դրանց արժէքը մօտ 13.5 տոկոսով աճել է. խոզի միսը, որ չինացիների ամենասիրած կերակրատեսակներից է, թանկացել է աւելի քան 52 տոկոսով: Սա ուղղակիօրէն թշուառացրել է ընչազուրկ քաղաքացիներին: Չինաստանում ընթացիկ բողոքի ցոյցերի հիմքում ընկած է ուտելիքի գնի կտրուկ աճը եւ միլիոնաւոր մարդկանց գոյատեւման հարցը: Երկրում նկատւում է ֆէոդալիզմից դրամատիրութեան անցման շրջանին յատուկ մի երեւոյթ. գիւղացիների ձեռքից հողը «գնում»՝ իրականում խլում են եւ հարուստների համար խոշոր ամառանոցներ կառուցում: Ծանօթ պատկեր է, այնպէս չէ՞: Գիւղացիներին հողի շուկայում գնի կէսը տալով՝ դուրս են վռնդում իրենց պապական տներից:
Առկայ է նաեւ մէկ այլ երեւոյթ. Չինաստանում տեղական կառավարման մարմինների կուտակած պարտքը գերազանցում է 10 տրիլիոն եուանի սահմանագիծը, եւ շատերի կարծիքով վերջիններս չեն կարողանալու այդ պարտքերը վճարել, նոյնիսկ եթէ գիւղացիների ձեռքից խլեն իրենց հողերն ու վաճառեն դրանք գերհարուստներին: Սա իր հերթին առաջացնում է հաւասարակշռութեան խախտման մէկ այլ վտանգ:
Չինաստանն ունի չափազանց մեծ չափի բնակչութիւն, եւ սահմանափակ քանակութեամբ հող. հաշուի առնլով բնակչութեան թիւը՝ կարող ենք ենթադրել, որ եթէ կառավարութիւնը շուտափոյթ լուծումներ չգտնի կաշառակերութեան եւ անարդարութիւնների դէմն առնելու տեսանկիւնից, Չինաստանը կարող է կորցնել իր հաւասարակշռութիւնը, որ ոչ մի լաւ բան չի խոստանում մեզ բոլորիս: Չէ՞ որ համաշխարհային տնտեսութեան շոգեքարշն այսօր այս երկիրն է, եւ բազմաթիւ արեւմտեան տնտեսագէտներ զգուշութեամբ կանխատեսում են, թէ առնուազն մեր կեանքի ընթացքում Չինաստանի թռիչքը սանձել հնարաւոր չէ, բայց թռիչքն այդ իր հետ բերում է նոր խնդիրներ: