ՍԱՐՕ ՍԱՐՈՅԵԱՆ

Կազանեան հանդիպումից յետոյ տողերիս հեղինակը ղարաբաղեան հակամարտութեան բանակցային այդ հանգրուանին տուեց ոչ թէ ձախողում բնորոշումը, այլ՝ յաջողում: Նման բնորոշման հիմքում բոլորովին էլ ընկած չէր այն ակնկալիքը կամ ցանկութիւնը, որ տապալելով Կազաaնում բանակցութիւնների սեղանին դրուած առաջարկների ստորագրումը՝ կը տապալուի նաեւ հակամարտութեան կարգաւորման ողջ գործընթացը: Բանակցային գործընթացի այլընտրանքն անորոշ
արդիւնքով պատերազմն է եւ, հետեւաբար, տարածաշրջանի ապագայի կործանարար տեսլականը, որն անընդունելի է բոլոր առումներով:
Յաջողումն այն հեռանկարներն էին, որ բացուելու էին մեր երկրի առջեւ՝ ՌԴ նախագահ Մեդվեդեւի միջնորդական ջանքերից պաշտօնական Բաքուի ակնկալիքների չիրականանալու արդիւնքում հերթական անգամ «արեւմտեան» վերակողմնորոշում խաղարկելու, ինչպէս նաեւ առաջիկայ տարիներին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքական դաշտը ընտրական գործընթացներով ծանրաբեռնուած լինելու պատճառով: Մոսկուայի հետ յարաբերութիւններում սպասուող

սրացումները, ընտրական շրջափուլերում հակամարտութեան բանակցային գործընթացում բեկում ակնկալելու անհնարինութիւնը եւ ալիեւեան վարչախմբի Արեւմուտքի ու Թուրքիայի հետ յատկապէս էներգակիրների հարցում քաղաքական առեւտրի մէջ մտնելը կարեւոր խթան կարող էին դառնալ, որպէսզի գործարկուէին Արցախի ու Հայաստանի Հանրապետութեան համար կարեւոր մի շարք կենսական ծրագրեր:
Հոկտեմբերի 23ին ԼՂՀ նախագահ Բակոյ Սահակեանը, վարչապետ Արա Յարութիւնեանի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանի ուղեկցութեամբ, այցելեց Քարվաճառի շրջան եւ ծանօթացաւ այնտեղ իրականացուող աշխատանքներին: Այցի հիմնական մեխը ռազմավարական նշանակութիւն ունեցող մի ծրագիր էր՝ Սոդք-Քարվաճառ մայրուղու կառուցումը, որի մեկնարկը տրուեց օրերս:
Սա իսկապէս ռազմավարական այն բացառիկ ծրագրերից է, որի կենսակոչման համար Հայաստանի իշխող վերնախաւը չէր կարող ինքնուրոյն քաղաքական որոշում կայացնել՝ առանց նախնական երաշխիքներ ունենալու, որ կը կարողանայ Ադրբեջանի շահարկումների դէմն առնել եւ դիմագրաւել միջազգային հանրութեան ճնշումներին: Խնդիրն այն է, որ եթէ Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը բանակցային գործընթացում կողմերի ու միջնորդների կողմից ընդունւում է որպէս հակամարտութեան կարգաւորման կարեւոր բաղադրիչ («միջանցք», որն իրար է կապում Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի Հանրապետութիւնը), ապա նոյն այդ գործընթացում Սոդք-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհը բոլորովին խորթ մի «զաւակ» է եւ, հետեւաբար, միջազգային հանրութեան կողմից անընկալելի:
Քարվաճառի ճանապարհի շինարարութիւնն, այսպիսով, կարող է վկայել այդ գործում արտաքին ուժերի ներգրաւուածութեան մասին: Ուժեր, որոնց երաշխիքը ՀՀ իշխանութիւններին մղել է գործարկել Արցախը Հայաստանի Հանրապետութեանը կապող երկրորդ ճանապարհային ծրագիրը: Ընդ որում, նման ծրագրի իրացման համար ԼՂՀ վարչապետի բերած հիմնաւորումներն առաւել եւս խօսում են թէ՛ ԼՂՀ եւ թէ՛ ՀՀ իշխանութիւնների համար շինարարութեան մեկնարկի անսպասելիութեան մասին: Հոկտեմբեր ամսին սկսել մի ճանապարհի շինարարութիւն, որն անցնելու է բարձր լեռնային տարածքներով, այդքան էլ համոզիչ չէ, եթէ, իհարկէ, քաղաքական շահագրգռութիւնները վեր են ամէն տեսակ անյարմարութիւններից: Ու այդ տեսանկիւնից խնդիր է դառնում պարզել, թէ որ շահերը ստիպեցին գործարկել այս ծրագիրը:

Կազանեան հանդիպման ձախողումից յետոյ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տեղեկացուած աղբիւրները յայտնեցին, որ յաջորդ անգամ նման հանդիպում կարող էր կայանալ միայն, եթէ նախնական պայմանաւորուածութիւն լինէր որեւէ համաձայնութեան ստորագրման մասին: Դա նշանակում էր, որ համաձայնութեան կայացման գործում, որպէսզի նոր եռակողմ հանդիպում կազմակերպելու համար ինչ-որ միջանկեալ համաձայնութիւններ ձեռք բերուէին, այդուհետ կարեւորւում էին երկկողմ ձեւաչափով (Ռուսաստանի եւ Ադրբեջանի կամ Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների միջեւ) հանդիպումները: Սակայն դա միաժամանակ վկայութիւնն էր այն բանի, որ ռուսական իշխանութիւնների համար կազանեան տապալումը դիտւում էր արտաքին քաղաքական ցաւագին ու խոշոր մի վրիպում, որի պատասխանատուութիւնն ընկնելու էր բանակցութիւնների երկկողմ ձեւաչափում ամէնից ընդդիմացող կողմի վրայ:
Այդ պատասխանատուութեան հասցէատէրն իրեն շատ սպասել չտուեց: Օգոստոսի 9ին Սոչիում Ալիեւի ու Մեդվեդեւի անարդիւնք հանդիպումից յետոյ ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում նկատուեցին առաջին լուրջ բարդութիւնները: Բանակցութիւններից դժգոհ Ալիեւը նախ բոյկոտեց Սեպտեմբերի սկզբին Դուշանբէում տեղի ունեցած ԱՊՀ երկրների յոբելեանական գագաթաժողովը, իսկ Հոկտեմբերի 18ին ԱՊՀ երկրների կառավարութիւնների ղեկավարների նիստում հրաժարուեց ստորագրել ԱՊՀ ազատ առեւտրային գօտու ձեւաւորման մասին պայմանագիրը: Ի տարբերութիւն ռուս-ադրբեջանական օրէցօր բարդացող յարաբերութիւնների, Հոկտեմբերի 23-25ին ՀՀ նախագահի պետական այցը Մոսկուա ցուցադրեց հայ-ռուսական յարաբերութիւնների ողջ խորութիւնն ու ծաւալը:
Ռուսական ճակատում նկատուած այս միտումները դրական նոր զարգացումների հնարաւորութիւն ստեղծեցին Ադրբեջան-Թուրքիայ յարաբերութիւններում: Սակայն հիմնուելով գազային համաձայնագրի շուրջ թուրք-ադրբեջանական բանակցային փորձի վրայ՝ կարելի է ասել, որ Բաքուի կողմից թուրքական դաշտում հերթական վերախաղարկման գնալն այնքան էլ հեշտ չստացուեց: Միայն Հոկտեմբերի 25ին հնարաւոր դարձաւ գազային համաձայնագրերի փաթեթի շուրջ ամիսներ տեւած բանակցութիւնները բերել հանգուցալուծման: Ադրբեջանի նախագահի թուրքական այցի շրջանակներում նոյն օրը կնքուեցին ադրբեջանաթուրքական գազային համաձայնագրերը:
Նշուած համաձայնագրերը վերաբերում են ոչ միայն ադրբեջանական գազի՝ դէպի Թուրքիայ արտահանմանը, այլ նաեւ թուրքական տարածքով դէպի Եւրոպա տարանցմանը: Այսպիսով՝ մասնակիցը դառնալով Ռուսաստանը շրջանցող հաղորդակցային ծրագրի կենսակոչմանը, Ադրբեջանը եւս մէկ քայլ կատարեց ռուս-ադրբեջանական նկարագրուած բարդ յարաբերութիւնները խորացնելու ճանապարհին: Եւ քանի որ համաձայնագրերի ստորագրման հարցը Բաքուի համար նախկինում բազմիցս ծառայեցուել էր որպէս ղարաբաղեան խնդրում շահաբաժիններ ձեռք բերելու միջոց, ապա այժմ կարելի է խօսել պաշտօնական Բաքուի գազային խաղերի հերթական փուլի (Շահ-դենիզ) աւարտի եւ իր շահաբաժնի ստացման քաղաքականութեան ձախողման մասին:
Կազանեան հանդիպումից յետոյ բանակցային գործընթացում արձանագրուած զարգացումները վկայում են, որ Իլհամ Ալիեւը՝ Կազանում առաջ քաշելով 10 նախապայմաններ եւ տապալելով համաձայնութեան կայացումը, նպաստեց, որ ռուս-ադրբեջանական բանակցութիւններում երկուստէք շահերի առաջմղման գործում առանցքային խնդիրներից մէկը՝ «Ղարաբաղի հարցը», փոխակերպուի մի գործիքի, որի նպատակային նշանակութիւնը նրա պատժիչ գործառոյթն է: Ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում նման զարգացումները սպասելի էին կազանեան հանգրուանի տապալման դէպքում միայն:
Այսպիսով, բարձր մակարդակով Սերժ Սարգսեանի՝ Ռուսաստան, իսկ Իլհամ Ալիեւի՝ Թուրքիա այցերի խորապատկերին նկատելի պէտք է դիտուի ոչ միայն թուրք-ադրբեջանական գազային համաձայնագրերի ստորագրումը, այլ նաեւ Սոդք-Քարվաճառ ճանապարհի շինարարութեան գործարկումը: Առաջին հայեացքից իսկապէս անհամեմատելի ռազմավարական երկու ծրագրեր, որտեղ Քարվաճառի եւ, հետեւաբար, Լաչինի շրջանների՝ հայոց աշխարհի հետ վերջնականապէս միահիւսուած ապագան համեմատութեան մէջ է Բաքուի ստանալիք միլիարդաւոր նաւթադոլարների հետ: Կը գտնուեն մարդիկ, ովքեր ծանրութեան նժարը կը տան առաջինին, իսկ միւսները՝ երկրորդին: Սակայն յատկանշականն այստեղ միայն այն է, որ ամէն ինչ ընթացաւ առանց Հայաստանի քաղաքական իշխանութեան գիտութեան ու կամքի: Միայն դէպքերի յաջող ընթացքին տուրք տալով՝ հեռու չես գնայ:
ՍԱՐՕ ՍԱՐՈՅԵԱՆ Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւններու հայկական կեդրոնի (ՌԱՀՀԿ) փորձագէտ է: