«ՀՐԱՊԱՐԱԿ»
Կը յաջողուի՞ արդեօք մեր պատմութեան մէջ ամենաթափանցիկ ու ամենամաքուր ընտրութիւնները կազմակերպել 2012ին՝ այնպէս, ինչպէս յայտարարում են մեր պետական այրերը: Կը յաջողուի՞ արդեօք թօթափել մէկ տասնամեակից աւելի արմատացած աւանդոյթները եւ քաղաքակիրթ ազգերի նման ընտրութիւններ անցկացնել:
Ասենք՝ մայիսեան մի արեւոտ օր ՀՀ քաղաքացին՝ տօնական հագնուած, բարձր տրամադրութեամբ դուրս գայ տնից, գնայ ընտրատեղամաս, վերցնի քուէաթերթիկն ու առանց վախի, առանց զգուշանալու, գիտակցուած դնի իր «պտիչկան» (պայմանանշան-Խմբ.): Յետոյ քուէաթերթիկը գցի քուէատուփն ու հանգիստ խղճով գայ տուն՝ վստահ, որ իր ձայնը տեղ է հասնելու, ոչ մի Վլէ կամ Խդօ քուէատուփը չեն լցոնելու, կարուսելներ չեն կազմակերպելու եւ գազելներով (ճամբորդատար մեքենաներով-ԽՄԲ.) մարդկանց բերման չեն ենթարկելու, ու ոչ մի ընկեր Գասպարեան (ոստիկանապետ-Խմբ.) թուեր չի նկարելու, ոչ մի Գ. Ազարեան (Կեդրոնական ընտրական յանձնաժողովի հանգուցեալ նախագահ-Խմբ.) կեղծ թուեր չի յայտարարելու:
Հնարաւոր կը լինի՞ այնպէս անել, որ ընտրութիւնը չդառնայ կենաց-մահու պայքար, ազգն ու ընտանիքները պառակտող գործընթաց, իսկ յետընտրական պրոցեսները (գործընթացները-Խմբ.)՝ քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու շարունակական հանրահաւաք-նստացոյցների դաժան ընթացք: Կը կարողանա՞ն իշխանութիւնները եւ հանրութիւնը մի անգամ «ջենտլմենական» պայմանաւորուածութեան յանգել, որ առաջինները չեն կեղծում, երկրորդները՝ չեն կաշառւում: Եւ որոշում են այնպիսի ընտրութիւններ անցկացնել, որ անգամ ամենաանհաւատները հաւատան դրանց արդիւնքներին, որ ոչ ոք չսպասի միջազգային դիտորդների կարծիքներին ու յոյսը չդնի պրեսկոտների զեկոյցների ու յայտարարութիւնների վրայ:
Կ՛ունենա՞յ իշխանութիւնն այդքան համարձակութիւն, իսկ հասարակութիւնն այդքան կամք, որ մի անգամ որոշի ու անի: Ուզում եմ հաւատալ, որ՝ այո: Բայց եւ վախենում եմ հերթական անգամ սխալուելուց: