ՆԱԻՐԱ ՓԵԼԹԵԿԵԱՆ

Այս խորագրով էր «Աթանեան» արուեստի կենտրոնի աշակերտների ստեղծագործութիւնների ցուցահանդէսը, որը նուիրուած էր Հայաստանի անկախութեան հռչակման 20ամեակին:
Ցուցահանդէսը բացուեց Հոկտեմբեր 21ին, Բրբենկի Հայ առաքելական եկեղեցու «Զօրայեան» թանգարանում, առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի հովանաւորութեամբ:
Ցուցասրահում ներկայացուած էին 6-18 տարեկան երեխաների 108 աշխատանքներ՝ նուիրուած Հայաստանի պատմութեանն ու բնութեանը: Ուշագրաւ էին հայկական ժողովրդական հեքիաթների, աւանդոյթների ու ծէսերի թեմաներով գործերը: Օտար ափերում, հայրենիքից հեռու ծնուած երեխաները «Աթանեան» արուեստի կենտրոնում ոչ միայն սովորում են նկարել, այլեւ ստանում են հայեցի դաստիարակութիւն: Այդ են վկայում ալն բոլոր նկարները, որոնցից յորդում է հայրենիքի հանդէպ ունեցած սէրը:
Դեռեւս Ապրիլ ամսին, Երեւանում, Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Ազգային գեղագիտական եւ «Աթանեան» արուեստի կենտրոնների ջանքերով բացուած ցուցահանդէսում, «Աթանեան» դպրոցի սաներից շատերը պարգեւատրուեցին տարբեր մրցանակներով: Իսկ իննամեայ Ալբերտ Բալեանն իր աշխատանքներով մանկական նկարչութեան համահայկական երկու փառատօներում յաղթող ճանաչուելուց յետոյ, հրաւիրուեց Երեւան՝ յաղթողների համար նախատեսուած միջոցառումներին մասնակցելու:
«Ես սիրում եմ Հայաստանը» խորագրով ցուցահանդէսին ներկայ էին համայնքի արուեստագէտներ ու գրողներ, մանկավարժներ ու հասարակական գործիչներ, նաեւ պաշտօնական անձինք: Լոս Անջելըսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը ողջոյնի խօսքից յետոյ, շնորհաւորհելով ներկաներին՝ յատկապէս՝ անուանի արուեստագէտ ու մանկավարժ Վլադիմիր Աթանեանին, պաշտօնապէս յանձնեց նաեւ ՀՀ մշակոյթի նախարարութեան պատուոգիրը:
Կենտրոնը երեխաների համար սահմանել էր երեք կարգի մրցանակներ՝ ոսկեայ, արծաթէ եւ բրոնզէ: Ոսկէ մեդալի արժանացան Աննա Թորոսեանը, Վիվիէն Ադամեանը, Վարդան Ասատրեանը, Սիլվա Հայրիկեանը եւ ուրիշներ: Ցուցահանդէսում աչքի էին ընկնում Հայոց Ցեղասպանութեան թեմայով գործերը: Յատկապէս ուշագրաւ էին Փիւնիկ Քեշիշեանի եւ Դաւիթ Գրիգորեանի ստեղծագործութիւնները: Արուեստի կենտրոնը հաւաքագրելով 100 աշակերտների աշխատանքները՝ հրատարակել եւ ներկաների ուշադրութեանն էր ներկայացրել «Ես սիրում եմ Հայաստանը» շքեղ ալբոմը:
Ցուցահանդէսի կազմակերպմանն իրենց աւանդն ունեն կենտրոնի ուսուցիչներ Իրինա Աթանեանը, Թամարա Խաչատրեանը, Յարութ Դեմիրճեանը, Պոլետ Զարգարեանը եւ Գոռ Աթանեանը: Իսկ կենտրոնի հիմնադիր տնօրէնը, մեծ նկարիչը, քանդակագործն ու մանկավարժը, չի կորցնում իր ստեղծագործական աւիւնն ու եռանդը եւ ոչինչ չի խնայում կրթելու իր արդէն երրորդ եւ ամենակարեւոր սերնդին, որ կանգնած է ձուլման վտանգի առջեւ:
Ցուցահանդէսի մասնակից երեխաներն իրենց գունամտածողութեամբ ստեղծել էին հայկական, ազգային երանգապնակին հարազատ գունապատկերներ, ուր վառ արտայայտուած էր իր ինքնութիւնը ճանչցող մանուկի ու պատանու ազգային պատկանելութեան գիտակցումը: