ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Պատմաբան Աւետիս Փոշօղլեանի հետ նոյն օդանաւով Լառնաքայից վերադառնում եմ Պէյրութ: Արդէն մի քանի տարի Աւետիսը ընտանիքի հոգսերը ապահովելու համար ստիպուած է Կիպրոսի մայրաքաղաքում բանուոր աշխատել, մածուն արտադրող մի գործարանում, քանի որ «Մելքոնեան» վարժարանը փակուելուց յետոյ, նա զրկուել է հայ երեխաներին հայոց պատմութիւն դասաւանդելու հնարաւորութիւնից:
Աւետիսը ծնունդով Պէյրութից է, տարիներ առաջ տեղափոխուել է Կիպրոս ու այժմ ստացել կիպրական քաղաքացիութիւն: «2002ին եկայ «Մելքոնեան» հաստատութիւն՝ որպէս հայոց պատմութեան ուսուցիչ: 2005ին կրթօճախը փակուեց, իսկ ուսուցիչները մնացին անգործ», կը յայտնէ նա:
«Մելքոնեան» հաստատութիւնը աւելին էր, քան երկրորդական դպրոց: Այն ծառայում էր ոչ միայն Կիպրոսի, այլեւ Յունաստանի, Պուլկարիայի, Ալպանիայի եւ այլ երկրների հայերի համար, որոնք ուսանում եւ հայկական ոգով էին մեծանում: Երբ աշակերտներ եկան Հայաստանից եւ Արցախից, այն դարձաւ համահայկական կառոյց՝ արեւելահայերը շփուեցին արեւմտահայերի հետ: Անգնահատելի էր նրա նշանակութիւնը:
Կիպրահայ համայնքի ներկայացուցիչներից Սեպուհ Դաւիթեանի օգնութեամբ այցելեցինք «Մելքոնեան» հաստատութիւն: «Այս հաստատութիւնը հայապահպան դեր ունէր, որովհետեւ «Մելքոնեան»ը միայն վարժարան չէր: Այստեղ կար մշակութային կեանք՝ համերգներ, գրական երեկոներ: Հայ աշակերտների մեծ մասը աւագ դպրոցը նախընտրում էր «Մելքոնեան»ը, որն աւարտելուց յետոյ ուսանողների մի մասը Հայաստան էր գնում, եւ այսպէս, «Մելքոնեան»ը նաեւ կապող օղակ էր Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ: «Մելքոնեան» աւարտողը հայապահպանութեան զինուոր էր: Այսօր մեր երեխաները ստիպուած են երկրորդականը գնալ օտար դպրոց եւ օտար համալսարան», բացատրում է Դաւիթեանը:

Հայութիւնը աշխարհի շատ անկիւններում է դպրոցներ պահում, բայց Սփիւռքի որեւէ համայնքում դժուար էր գտնել «Մելքոնեան» հաստատութեան նման կարեւորութիւն ունեցող մէկ այլ դպրոց: «Մելքոնեան»ը կարելի էր համարել համահայկական համալսարան՝ իր մի քանի շինութիւններով, մեծ հողատարածքներով, տարբեր երկրներից այստեղ սովորող հայ ուսանողներով եւ ուսուցիչներով: Կիպրոսի կառավարութիւնը, տեղեկանալով, որ ՀԲԸՄի ղեկավարութիւնը պատրաստւում է տարածքը վաճառել՝ արգելք է դրել:
ՀԲԸՄը, քննադատութիւններին ի պատասխան, ժամանակին ասում էր, որ «Մելքոնեան»ը ֆինանսական առումով շատ թանկ է եւ իրեն չի արդարացնում: Բայց եթէ այս տրամաբանութեամբ առաջ շարժուենք, ապա պէտք է փակենք Սփիւռքի դպրոցները, թերթերը, ակումբները, եկեղեցիները: Այցելելով «Մելքոնեան», որը նախկին շուքը արդէն կորցրել է եւ աւելի շատ լքեալ տարածք է յիշեցնում, համոզւում ես, որ «Մելքոնեան»ը փակելու որեւէ արդարացում չէր կարող ունենալ: Աւելի՛ն. առաջին բանը, որ միտքդ է գալիս, հետեւեալն է. «Մելքոնեան»ը պէտք է վերաբացել:
««Մելքոնեան»ը մեծ դեր ունէր Կիպրոսում՝ իբրեւ հայութեան նշան, իբրեւ խորհրդանիշ: Բոլորս կը պարծենայինք «Մելքոնեան»ով: Հայապահպանութեան եւ մշակոյթի մեր կենտրոնն էր», ասում է Նիկոսիայի հայկական «Նարեկ» վարժարանի տնօրէն Վերա Թահմազեանը:
«Մելքոնեան»ի փակուելուց յետոյ, Նիկոսիայի «Նարեկ» վարժարանը դարձաւ միջնակարգ: Դպրոցը Սուրբ Աստուածածին առաջնորդանիստ եկեղեցու հարեւանութեամբ է: Եկեղեցին կառուցուել է 1980ին, բացումը կատարել են Մակարիոս արքեպիսկոպոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Խորէն կաթողիկոսը:

««Նարեկ»ում դասաւանդւում են հայերէն, անգլերէն եւ յունարէն. ծրագիրը մասամբ հետեւում է պետական ծրագրին, բայց մենք նաեւ դասաւանդում ենք հայոց լեզու, պատմութիւն եւ կրօն: «Նարեկ» անունով դպրոցներ ունենք նաեւ Լառնաքայում եւ Լիմասոլում: Կան ուսուցիչներ, ովքեր երեք դպրոցներում էլ դասաւանդում են: Մեր աշակերտութեան ընդհանուր թիւը 185 է՝ երեք քաղաքներում, որից 128ը՝ Նիկոսիայում», ասում է վարժարանի տնօրէնը:
Մինչեւ 400ական հայեր են բնակւում Լիմասոլ եւ Լառնաքա քաղաքներից իւրաքանչիւրում: Ողջ կղզում հայերի թիւը աւելանում է ամրան ամիսներին, երբ Կիպրոսի արեւոտ ափերին իրենց հանգիստն են անցկացնում բարեկեցիկ հայաստանցիները:
Կիպրոսի հայ գաղութը, ինչպէս նախկինում, այսօր եւս գերազանցապէս մնացել է հայախօս: Այն իր հայախօսութեամբ կարող է համեմատուել Լիբանանի, Սուրիոյ եւ Իրանի հայ համայնքների հետ: Բայց կիպրահայ գաղութը ունի մէկ առաւելութիւն. Կիպրոսի պետութիւնը վճարում է դպրոցի բոլոր ծախսերը. նման հոգածութիւն չկայ որեւէ այլ երկրում: «Նարեկ» դպրոցների դասագրքերը տպագրուել են Մեծի Տանն Կիլիկիոյ Միացեալ Նահանգների Արեւմտեան թեմում եւ ուղարկուել Կիպրոս:
Հայաստանը այս հարցում չի կարող օգտակար լինել, քանի որ կայ լեզուի եւ ուղղագրութեան հարց: Ինչպէս սփիւռքահայ միւս գաղութներում, Կիպրոսի հայկական դպրոցներում եւս դասաւանդման լեզուն արեւմտահայերէնն է, ուղղագրութիւնը՝ Մեսրոպեանը:

«Ես 1972ից ի վեր վիճակագրութիւն եմ կազմել: Մեր աշակերտների թիւը միշտ եղել է 150-200ի միջեւ: Որոշ չափով աւելացել է՝ Հայաստանից արտագաղթի պատճառով: Անշուշտ, կան նաեւ ծնողներ, որոնք իրենց երեխաներին տալիս են յունական կամ անգլիական դպրոց: Ենթադրւում է, որ մօտ 50 աշակերտներ յաճախում են օտար դպրոցներ: Մենք ձգտում ենք, որ հայերէնը չդառնայ երկրորդական լեզու հայ ընտանիքներում: Օտար ամուսնութիւնները շատանում են», ասում է «Նարեկ» վարժարանի տնօրէն Վերա Թահմազեանը:
Աւետիս Փոշօղլեանը եւս մտահոգիչ է համարում խառն ամուսնութիւնների պարագան: «Կիպրոսի պետութիւնը հիմնադրել է «Նարեկ» վարժարանը, որպէսզի հայ մնանք: Ինչ որ ձեւով պարտաւորեցնում է, որ հայ մնանք: Գաղութը փոքր է, բայց՝ եռանդուն, որը վայելում է նաեւ պետութեան նիւթական աջակցութիւնը: Շուրջ երեք հազար է հաշւում հայերի թիւը Կիպրոսում, խայտաբղէտ գաղութ է, բնիկ կիպրացիները շատ չեն: Հայերի մի մասը եկել է Միջին Արեւելքի գաղութներից, որոնք նպաստել են հայապահպանութեանը: Վերջին տասնամեակներում եկել են նաեւ Հայաստանից», ասում է Փոշօղլեան:
Կիպրոսի հայերով բնակեցուած երեք քաղաքներում՝ Նիկոսիայում, Լառնաքայում եւ Լիմասոլում, գործում են հայկական համայնքային կառոյցներ՝ կուսակցութիւններ՝ ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ, միութիւններ, ակումբներ, եկեղեցիներ (Լիմասոլում՝ Սուրբ Գէորգ, Լառնաքայում՝ Սուրբ Ստեփանոս), թերթեր («Արձագանգ», «Ազատ Խօսք», «Կիպրահայեր», «Ազատ Ձայն», «Գեղարդ»):
Կիպրահայ համայնքի ոգին ու շունչը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Կիպրոսի թեմն է ու նրա առաջնորդ Վարուժան արք. Հերկելեանը: Գրքի սիրահար սրբազանն ասում է, որ կիպրահայ գաղութը բարեկեցիկ վիճակի մէջ է. պետութիւնը հոգում է դպրոցների ծախսերը, նաեւ բժշկական դիւրութիւններ կան:
«Մեր երեք քաղաքներում ապրող հայերի հարիւրից երեսունը, կարող եմ ասել, շատ լաւ կապուած է եկեղեցու հետ: Բայց նաեւ կայ հայութեան մի փոքր հատուած, որն ամբողջութեամբ կտրուած է համայնքից: Ուրախ եմ ասելու, որ վերջին տարիներին պատարագներին հարիւրից աւելի հաւատացեալներ են ներկայ լինում: Մեր ընտանիքներում հայախօս են: Կիպրոսում միշտ եղել են հայկական վարժարաններ: Այս իմաստով, Կիպրոսը հայկական, հայախօս մնալու լաւագոյն օրինակներից է Սփիւռքում, քանի որ նաեւ պետութիւնն է վճարում դպրոցին, եկեղեցուն», բացատրում է սրբազանը:
1974ին, երբ թուրքական ներխուժման պատճառով Նիկոսիան եւ ամբողջ կղզին բաժանուեց երկու մասի, հայկական կալուածների մեծագոյն մասը մնաց թուրքական գրաւեալ հատուածում, իսկ հայերը անցան յունական հատուած: Այսօր կղզու գրաւեալ հատուածում հայեր չեն մնացել, բայց այն կողմում են մնացել Մակարավանքը, նախկին առաջնորդանիստ Սուրբ Աստուածածին եկեղեցին, տասը հազար ձիթենիները եւ բազում այլ հարստութիւններ:
Լառնաքայի եւ Լիմասոլի հոգեւոր հովիւ Մաշտոց քահանայ Աշգարեանը ասում է, որ, «կիպրահայ գաղութը շատ բախտաւոր գաղութ է, քանի որ պահում է լեզուն եւ մշակոյթը»: Տէր հայրը հայութեան հետ ամէնօրեայ շփումների մէջ է, ոչ միայն Լառնաքայում, որտեղ ապրում է, այլ նաեւ Լիմասոլում, որտեղ երկու շաբաթը մէկ նրա ներկայութեամբ պատարագ է մատուցւում: Կիպրահայ թեմի քահանաները երբեմն նաեւ մեկնում են Փաֆոս, որտեղ եւս որոշ թուով հայեր կան:
Համայնքի եւ եկեղեցու հետ ամենաքիչ կապեր պահպանող հայերը նրանք են, ովքեր տեղափոխուել են Հայաստանից:
Կիպրահայերը նաեւ ներգրաւուած են Կիպրոսի ներքաղաքական կեանքում. ունեն իրենց ներկայացուցիչը երկրի խորհրդարանում: Ուրուկուէյից յետոյ, Կիպրոսը երկրորդ երկիրն է աշխարհում, որը 1982ին ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: