ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Սարօ Մարուքեանը 70ականներին Միացեալ Նահանգներ բերեց բացառիկ վարպետութեամբ աշխարհում յայտնի պոլսահայ ոսկերիչների լաւագոյն աւանդոյթները՝ ոսկեայ զարդերի իր հաւաքածուներով գերելով նոյնիսկ ամենաքմահաճ կանանց, որոնց թւում էր նոյն ինքը՝ Էլիզաբեթ Թէյլորը:
Տարբերուելու, նորը ստեղծելու կիրքն է ոսկերիչ-ձեւաւորող Սարօ Մարուքեանի մշտական շարժիչը. «Ճերմակ ու սեւ ադամանդների համադրումն առաջին անգամ ես կիրառեցի ամերիկեան ոսկերչութեան մէջ», պատմում է նորամուծութիւնների վարպետը, ով եղբօր՝ Ռաֆֆի Մարուքեանի հետ միասին հանդիսանում է հանրայայտ «Սիերա» ոսկերչական տան հիմանդիր:
««Սիերա»յի ոսկեայ զարդերը երազանք են, ցանկութիւն, անակնկալ, ադամանդակուռ մատանիներն ու ոսկեայ օղերը, վզնոցներն ու թեւնոցներն իրենց մէջ պարունակում են գաղտնիքի հմայք, յիշողութեան արժէք եւ վերջապէս՝ յաւէրժութեան պահն են կրում…», պօէտիկ այս համեմատութիւնը Մարուքեանների մօտեցումն է աշխատանքին: Լոս Անջելեսի ոսկերչական յայտնի շէնքերից՝ Սենթ Վինսենթում գտնուող «Սիերա» ոսկերչական տան յարկաբաժինն ինքնին վկայում է մանրուքների նկատմամբ դրանք ստեղծողի բծախնդրութիւնը:
Դարեր ի վեր հայ արհեստաւորները սերնդէ սերունդ փոխանցել են միայն իրենց բնորոշ աշխատանքային գաղտնիքները: Ստամբուլում ծնուած, մասնագիտութեամբ ինժեներ-մեխանիկ Սարօ Մարուքեանի կեանքում ճակատագրական դիպուածը առիթ է դառնում, որ նա ստանայ Թուրքիայի այն ժամանակ ամենայայտնի ոսկերիչ-դիզայներ Քօքօ Քիւրքչեանի վարպետութեան դասերը: Սարօ Մարուքեանն աշխատանքի է անցնում Քիւրքչեանի մօտ, որ նաեւ իր աներհայրն էր, անոր ոսկեայ զարդերի խանութում, որտեղից եւ սկսւում է ոսկերչութեան աշխարհում Մարուքեանի ոդիսականը:

«Մինչ այդ աշխատանքին անցնելը, երբեւէ չէի առնչուել ոսկերչութեանը: Ականջօղի պատահական արուած գծանկարս արժանացաւ աներոջս հաւանութեանը եւ դրա հիման վրայ պատրաստուեց ոսկեայ զարդ, որ մի քանի օր անց վաճառուեց», իր գործունէութեան սկիզբը յիշում է Սարօ Մարուքեանը: Ստանալով մեծ փորձառութիւն եւ ոսկերչութեան բացառիկ հմտութիւններ, Մարուքեանը տեղափոխւում է Միացեալ Նահանգներ, որտեղ իր խօսքն է ասում ոսկերչութեան աշխարհում: Սարօ Մարուքեանը եղբօր՝ Ռաֆֆիի հետ միասին հիմնում են ոսկեայ իրերի խանութ, այնուհետեւ՝ արտադրամաս: Նուիրուած աշխատանքի ու մշտական որոնումների արդիւնքում Մարուքեանի ոսկեայ զարդերը գրաւում են բարձրաճաշակ հասարակութեան ուշադրութիւնը՝ հասունացնելով նոր մակարդակի գործունէութիւն ծաւալելու պահը: 1985 թուականին հիմանդրուած «Սիերա» ոսկեայ զարդերի բացառիկ կազմակերպութիւններից է, որ իր մէջ ներառում էր ոսկեայ իրերի պատրաստման գործընթացի բոլոր փուլերը:
Երկու տասնամեակից աւելի «Սիերա»ի արտադրանքը ներկայացւում է ոլորտի առաջնակարգ ցուցասրահներում, այդ թւում՝ Լաս Վեգասում եւ մշտական պատուիրատուների միջոցով վաճառւում տարբեր նահանգների բարձրակարգ վաճառատներում: «Սիերա»ն իրականացնում է նաեւ անհատական պատուէրներ: «Սիերա»ն իրականացնում է նաեւ անհատական պատուէրներ, որից օգտւում են բազմաթիւ յայտնի երգչուհիներ, դերասանուհիներ, նրբագեղ ոսկեայ զարդերի սիրահարներ: Սարօ Մարուքեանի սիրելի յաճախորդներից է եղել Էլիզաբեթ Թէյլորը, ում ոսկեայ իրերի հաւաքածույում «Սիերա»յի զարդերը նշանակալի տեղ են զբաղեցրել: «Սիերա»յի առանձնայատկութիւնը ճերմակ ադամանդների համադրութիւնն է սեւ, սրճագոյն ու դեղին ադամանդների հետ, որ ստեղծում են ընկերութեան իւրայատուկ մատանիների, ապարանջանների, վզնոցների հաւաքածուները: Դա Սարօ Մարուքեանի անձնական նախասիրութիւնն է նաեւ: Դիզայներ ոսկերիչի մանրակրկիտ նրբագեղութեամբ ստեղծած գործերում հաւաքածուներում համակցւում են նաեւ ժամանակակից ու աւանդական ոճերը, որոնք կերտում են «Սիերա»յի ուրոյն ձեռագիրը:
«Եերբեմն այնքան եմ սիրում իմ աշխատանքները, որ դժուարանում եմ նոյնիսկ նրանցից բաժանուել», խոստովանում է Մարուքեանը: «Սիերա»յի յաջողութեան գրաւականներից կարելի է համարել Մարուքեան եղբայրների համերաշխ աշխատանքը. Ռաֆֆի Մարուքեանն էլ վարում է ընկերութեան ֆինանսական մասը, զբաղւում արտադրանքի վաճառքով:
«Մենք երեք եղբայր ենք եւ դեռ մանկուց հայրս մեզ սովորեցրել էր առաջնորդուել «մենքի», այլ ոչ միայն սեփական «ես»ի գաղափարով: Ամենաբախտաւոր անձն եմ ինձ համարում, որ մինչ այժմ, եղբայրներիս հետ սիրով ու համերաշխ ենք», նշում է պարոն Սարօն:
Մարուքեան եղբայրների հոգում, ծնողները մանկուց ներարկել էին նաեւ պատասխանատուութիւն ազգային ինքնութեան նկատմամբ:
«Այն ժամանակ Ստամբուլում շատ դժուար էր պահպանել հայկականը: Անվտանգութեան նկատառումներով մենք դրսում պէտք է խօսէինք միայն թուրքերէն, սակայն տուն մտնելու պէս՝ միակ լեզուն հայերէնն էր դառնում», անթերի մայրենիով պատմում է Մարուքեանը, հպարտօրէն նշելով, որ Միացեալ Նահանգներում ծնուած իր երկու զաւակներն էլ դաստիարակուել են նոյն հայեցի ոգով: Սարօ Մարուքեանը նաեւ առաքելական եկեղեցու նուիրեալ է եւ ամէն կիրակի Խաչատուրեան երգչախմբում մասնակցում է պատարագի: Մարուքեանների ազգայինի գիտակցութիւնը, հայրենիքից դուրս հայապահպանման հարցը արտայայտւում է նաեւ հայ համայնքին եւ հայերին մշտական աջակցութեամբ: Նրանք ակտիւօրէն ներգրաւուած են պոլսահայ միութեան աշխատանքներում, մասնակցել են Պոլսահայ միութեան շէնքի կառուցմանը, Բրբանքում Հայ առաքելական եկեղեցու կառուցման նուիրատուների շարքում են: Սարօ Մարուքեանը ակտիւօրէն ներգրաւուած է եղել ՀՄԸՄի ու Արարատ Տան գործունէութեան մէջ, Հայ Ոսկերիչների միութեան անդամ է:
«Ամենամեծ փափաքս է, որ հայ ժողովուրդը բարգաւաճի եւ Հայաստանը միայն լաւ օրեր տեսնի», նշում է Սարօ Մարուքեանը: Նա համոզուած է, որ մեր ազգի յաջողութեան հասնելու ձեւը միասնութիւնն է, միմեանց յաջողութիւններով ուրախանալն ու իրար օգնելը: