ԳԼԵՆԴԷՅԼ.- Երկուշաբթի, Յունուար 30ին Գլենդէյլի «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» երիտասարդական կենտրոն այցելեցին Միացեալ Նահանգներ ժամանած Հայաստանի «Դուքենդօ Ֆեդերացիա»ի սաները, մարզադպրոցի գլխաւոր տնօրէն Կարէն Կարապետեանի գլխաւորութեամբ: Խմբին ուղեկցում էր Բալաբէկ Բարսամեանը: Պատանի եւ երիտասարդ մարզիկները առիթ ունեցան շրջել Երիտասարդական կենտրոնը եւ ծանօթանալ կենտրոնի հնարաւորութիւնների հետ:
Խումբը մասնակցել է Յունուար 26-28 կայացած Միջազգային մարտարուեստի առաջնութեան մրցութիւններին, որոնք կայացել են Լաս Վեկաս քաղաքում: Սոյն առաջնութեան մրցութիւնները տարին մէկ անգամ կայանում են տարբեր տարիքային եւ ոճային խմբերի միջեւ: Այս տարուայ մրցութիւններին մասնակցում էին Միացեալ Նահանգների տարբեր նահանգներից եւ այլ երկրներից ներկայացուցիչներ: Հայաստանի խումբը բաղկացած է հետեւեալ մարզիկներից՝ Արման Կարապետեան, Կարէն Նահապետեան, Անրի Վարդանեան Արամ Թովմասեան, Սուրէն Սարգսեան եւ Արայիկ Վիրաբեան: Խմբին գլխաւորում է նաեւ Հայաստանի «Դուքենդօ Ֆեդերացիա»ի նախագահ՝ Հայկ Վարդանեանը:
Հայաստանի մարզիկները 4 ոսկէ, մէկ արծաթ եւ մէկ բրոնզ մեդալներով բարձր վարկանիշ են ապահովել Հայաստանի մարտարուեստին: Հետաքրքրական է, որ հաւաքականի տարիքով փոքրագոյն անդամ՝ վեց տարեկան Արայիկ Վիրաբեանը եւ ամենամեծը 22 տարեկան Արման Կարապետեանը շահելով ոսկէ մեդալներ բարձր են հնչեցրել Հայաստանի անունը մարզական միջազգային այս բեմում:
Հայ համայնքն ու մարտարուեստի մօտ կանգնած շրջանակները ջերմութեամբ են ընդունել մարզական խմբի անդամներին, յատկապէս Ամերիկայի «Դուքենդո»ի կենտրոնական դպրոցը՝ Յովիկ Թադեւոսեանի գլխաւորութեամբ, որը մինչեւ մրցումներին հասնելը փորձի փոխանակութեամբ եւ մարզական դպրոցի հնարաւորութիւնները մարզիկներին տրամադրելով նպաստել էր խմբի պատրաստուածութեանը: Պէտք է նշել, որ Միջազգային «Դոքենդօ Ֆեդերացիա»ի նախագահ Գոռ Վարդանեանը իր գլխաւոր հովանաւորութեամբ իրագործելի է դարձրել Հայաստանի մարզիկների մասնակցութիւնը այս մրցաշարին: