Պատրաստեց՝ ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարեանը գերազանց հանդէս եկաւ արագ շախմատի մրցաշարում, որն անցկացուեց Բրազիլիայի Իտու քաղաքում: Նա յաղթեց իր բոլոր մրցակիցներին եւ 7 միաւորով գրաւեց առաջին տեղը:
Բրազիլահայ մէկ այլ շախմատիստ Արմէն Բրուտեանը 6 միաւորով գրաւեց 7րդ տեղը՝ 8 այլ շախմատիստների հետ հաւաքելով միեւնոյն քանակի միաւորներ:
Մրցաշարին մասնակցում էին 204 շախմատիստներ:
«Մոսկովեան օփեն» շախմատի C մրցաշարում, Հայաստանի ներկայացուցիչ Սուրէն Պօղոսեանը 9 հնարաւորից վաստակելով 8 միաւոր՝ 412 մասնակիցների մէջ նուաճեց առաջին մրցանակը:
Մոսկովեան մէկ այլ «Աէրոֆլոտ օփեն» շախմատի մրցաշարում գրոսմայստեր Վլադիմիր Յակոբեանը առաջին տուրում (փուլի-խմբ.) տարած յաղթանակից յետոյ, երկրորդ տուրում պարտութիւն կրեց, իսկ գրոսմայստեր Հրանդ Մելքումեանը, ընդհակառակը՝ առաջին տուրում պարտուելուց յետոյ, երկրորդ տուրում յաղթեց իր մրցակցին:
Ֆուտբոլային պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆեդերացիան գերմանացի Մարկուս Մերկին Ճանաչել է 21րդ դարի լաւագոյն ֆուտբոլային մրցավար: Ֆեդերացիան նման քուէարկութիւն անցկացնում է դարասկզբից: Մարկուս Մերկն իր մրցավարութիւնը աւարտել է 2008 թուականին: