ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ամերիկեան «Պարեքսել» (PAREXEL) գիտահետազօտական կենտրոնը շուրջ 27 տարի է նշանակալի գործունէութիւն է ծաւալում՝ ուսումնասիրելով եւ փորձարկելով տարբեր հիւանդութիւնների համար արտադրուած նոր դեղամիջոցները:
Վերջին տարիներին, օրինակ, «Պարեքսել»ն իրականացրել է կենտրոնական նեարդային համակարգի խախտումներից բխող հիւանդութիւնների համար դեղամիջոցների աւելի քան 540 հետազօտութիւն-փորձարկում՝ ներգրաւուելով շուրջ 114 հազար կամաւոր-մասնակիցների: «Պարեքսել»ի յաճախորդների թւում են աշխարհում յայտնի դեղագործական ընկերութիւններ, որոնց վստահութիւնն այս կենտրոնը շահել է տարիների գործունէութեան ընթացքում:
Կենտրոնի յաջողութեան գրաւականներից է արհեստավարժ բժիշկների, դեղագործների, ինչպէս նաեւ միջազգայնօրէն ճանաչուած գիտնականների խումբը: Բոստոնում հիմնադրուած «Պարեքսել»ը միջազգային ընկերութիւն է, որ իր մասնաճիւղերն ունի 52 երկրների շուրջ 67 քաղաքներում, որտեղ ուսումնասիրւում են դեղամիջոցների անվտանգութիւնն ու արդիւնաւէտութիւնը: Այս գործում գլխաւոր դերը

պատկանում է կամաւոր-մասնակիցներին, ովքեր անմիջականօրէն մասնակցում են փորձարկումներին:
«Պատասխաններ գտնենք միասին», այս կարգախօսով «Պարեքսել»ի մասնագէտներն առաջարկում են մասնակցել իրենց հետազօտութիւններին՝ այդպիսով նաեւ օգնելով գտնել բազմաթիւ հիւանդութիւնները դարմանելու միջոցներ:
«Հետազօտութիւններին կարող են մասնակցել 18 տարեկանից սկսած բոլոր ցանկացողները: Մեր փորձարկումների կարճ ժամանակահատուածում մասնակիցները նաեւ անվճար բուժզննում են անցնում եւ ստանում են ֆինանսական փոխհատուցում», նշում է «Պարեքսել» ընկերութեան Գլենդէյլի մասնաճիւղի բժիշկ Յակոբ Գէորգեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ներկայացրէք խնդրեմ ձեր կենտրոնի գործունէութիւնը:
ՏՈՔԹ. ՅԱԿՈԲ ԳԷՈՐԳԵԱՆ.- Մինչ նոր դեղամիջոցները շուկայ արտահանելը, դրանք պէտք է փորձարկուեն մարդկանց շրջանում: «Պարեքսել» գիտահետազօտական կենտրոնում կատարում ենք մի շարք հիւանդութիւնների համար նախատեսուած դեղորայքը ստուգող հետազօտութիւնների նախնական փուլ (faze1): Մեր ուսումնասիրութիւնները կատարւում են առողջ եւ հիւանդ մարդկանց օգնութեամբ: Կենտրոնում հետազօտում ենք արդէն մի շարք փորձարկումներ անցած դեղորայք եւ մարդկային օրգանիզմի վրայ դրանք կիրառում ենք 10-20 անգամ ցածր դոզայով (սրկսումի չափերով-Խմբ.): Այս

պարագայում, հաւանականութիւնը շատ քիչ է, որ մեր մասնակիցների վրայ այն լուրջ ազդեցութիւն կ’ունենայ, նման դէպքերը շատ հազուադէպ են լինում: Այդուհանդերձ, կը ցանկանայի նշել, որ ռիսկի (վտանգ-Խմբ.) գործօն, ինչպէս կեանքի բոլոր այլ պարագաներում, այստեղ եւս առկայ է: Եթէ, այդուհանդերձ, մասնակցի առողջութեան որեւէ սպառնալիք լինի՝ մեր կենտրոնը հոգում է բուժման բոլոր կարիքները: Մեր նպատակն է, որ մեր հետազօտութիւնների մասնակիցները առաւելագոյնս ապահովուած լինեն եւ նախապէս տեղեակ հնարաւոր խնդիրներից, ինչի մասին մենք տեղեկացնում ենք նախնական մանրամասն զննումներից յետոյ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս կարող են ցանկացողները մասնակցել հետազօտութիւններին:
ՏՈՔԹ. ՅԱԿՈԲ ԳԷՈՐԳԵԱՆ.- Մեր հետազօտութիւններիին մասնակցել ցանկացողները պէտք է զանգահարեն «Պարեքսել»ի կենտրոն, եւ առաջին քայլով պատասխանեն մեր մասնագէտների ընդհանուր հարցերին, ինչի արդիւնքում կ՛որոշուի՝ արդեօք դիմողը համապատասխանո՞ւմ է հետազօտութեան պահանջներին: Դրական պատասխանի դէպքում նրանք հրաւիրւում են կենտրոն, որտեղ մասնակցում են տարաբնոյթ թեստերի (քննութիւններու-Խմբ.)՝ արեան, սրտի եւ այլն: Յաջորդ եւ ամենակարեւոր փուլը՝ այցելուի համաձայնութեան գործընթացն է (consent process): Մասնակցին թղթապանակով ներկայացւում են փորձարկումների մանրամասները, հնարաւոր ռիսկերը եւ ժամանակ է տրւում որոշելու: Այնուհետեւ, բժիշկի հետ անհատական հանդիպում է նշանակւում, որտեղ մեր մասնագէտները պատասխանում են այցելուի հարցերին եւ պատմում հետազօտութեան ընթացքի մասին: Այս ամէնից յետոյ, այցելուի որոշումն է մասնակցել թէ ոչ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մանրամասնէք խնդրեմ փորձարկումների գործընթացը
Հետազօտութեան պարտադիր փուլն անցնելուց յետոյ, հնարաւոր է, որ փորձերը երկարաձգուեն եւս մի քանի ամիս, սակայն այդ դէպքում, մասնակիցը չի մնում կենտրոնում, այլ երբեմն, անհրաժեշտութեան դէպքում այցելում է մեզ:
Մէկ կարեւոր պահ ընդգծեմ, որ հետազօտութեան մասնակիցը, գործընթացի իւրաքանչիւր պահի, անկախ թէ փորձարկման, որ փուլում է գտնւում, եթէ մտափոխուի եւ չցանկանայ մասնակցել՝ անմիջապէս դադարեցնում ենք հետազօտութիւնը
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ովքե՞ր կարող են մասնակցել հետազօտութեանը:
ՏՈՔԹ. ՅԱԿՈԲ ԳԷՈՐԳԵԱՆ.- Մեզ կարող են դիմել 18ից սկսած առողջ եւ հիւանդ անհատներ: Կան որոշակի հիւանդութիւններ, օրինակ, յիշողութեան հետ կապուած, ալզհայմերի, որ բնորոշ են առաւել տարեցներին, եւ այս պարագայում մասնակցել ցանկացողների տարիքը կարող է անցնել 80ից: Մեր հետազօտութիւնների արդիւնքում հիւանդները կարող են նաեւ բուժուել: Ունենք, օրինակ, Ալզհայմերի հիւանդութեան համար բազմաթիւ ծրագրեր եւ եթէ կան մարդիկ, ովքեր ունեն այս խնդիրը, կա՛մ ցանկանում են պարզել, թէ արդեօք ունեն ախտանիշներ՝ կարող են դիմել մեզ եւ մենք կ՛անցկացնենք բոլոր քննութիւններն ու հետազօտութիւնները անվճար հիմունքով: Դրական պատասխանի դէպքում, տուեալ դիմողը դառնում է մեր հիւանդը եւ մասնակցում անվճար բուժմանը: Մեզ դիմողների թւում շատ են նաեւ առողջ մարդիկ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արդեօ՞ք առաւել նպատակայարմար չէ դեղն առաջին անգամ փորձել հիւանդ եւ ոչ առողջ օրգանիզմի վրայ:
ՏՈՔԹ. ՅԱԿՈԲ ԳԷՈՐԳԵԱՆ.- Դա պայմանաւորուած է, թէ ի՛նչ տեսակի դեղորայքի հետ գործ ունենք: Երբ դեղը առաջին անգամ է արտադրւում, մենք պէտք է այն փորձարկենք առողջ օրգանիզմի վրայ, քանի որ այս դէպքում դեղի իւրաքանչիւր՝ նոյնիսկ ամենաքիչ ազդեցութիւնն անմիջապէս նկատելի է դառնում: Երկրորդ քայլով մենք դեղը տալիս ենք տուեալ հիւանդութիւնն ունեցող մարդու: Այսինքն, աստիճանաբար ենք մօտենում նպատակին՝ սկզբում պարզելով հնարաւոր վնասները, յետոյ՝ հիւանդների շրջանում՝ պարզելու օգուտները: Սակայն որոշ հիւանդութիւնների, օրինակ՝ ալզայհմերի դէպքում, դեղը տրւում է հէնց հիւանդին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Յատկապէս ո՞ր հիւանդութիւնների ուղղութեամբ է աշխատում ձեր մասնաճիւղը:
ՏՈՔԹ. ՅԱԿՈԲ ԳԷՈՐԳԵԱՆ.- Մենք մասնագիտացուած ենք յատկապէս նեարդաբանական խնդիրներից բխող հիւանդութիւնների ուղղութեամբ: Հետազօտում ենք ալզհայմերի հիւանդութեան, գլխացաւերի, յիշողութեան հետ կապուած խնդիրների համար նախատեսուած դեղեր: Ալզհայմեր հիւանդութեան դէպքում, օրինակ, աշխարհում դեղամիջոցների պակաս կայ, ինչը պայմանաւորուած է վերջնական՝ փորձարկման փուլով: Մենք կոչ ենք անում նշուած խդիրներ ունեցող մարդկանց դիմել մեզ եւ համատեղ կը փորձենք բացայայտել բուժման համար անհրաժեշտ դեղորայքը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում էք «Պարեքսել» ընկերութիւնում:
ՏՈՔԹ. ՅԱԿՈԲ ԳԷՈՐԳԵԱՆ.- Ես մասնագիտութեամբ ընդհանուր բժիշկ եմ, «թերապեւտ», եւ արդէն վեց տարի է աշխատում եմ «Պարեքսել»ում: Մասնակցում եմ հետազօտութեան ողջ գործընթացին սկզբից մինչեւ վերջ՝ կազմելով մասնակցի հետազօտութեան ծրագիրն ըստ նրա տուեալների վերլուծութեան: Իմ դերն է նաեւ վերահսկել ընթացքը՝ լինելով մասնակցի կողքին: Կը ցանկանայի նշել, որ «Պարեքսել» կենտրոնը նեարդաբանական հետազօտութիւնների աշխարհում լաւագոյն կենտրոններից է: Մեզ վստահում են՝ ելնելով մեր աշխատանքի արդիւնքներից: Կոչ եմ անում մասնակցել մեր հետազօտութիւններին՝ այդպիսով օգնելով գտնելու շատ հիւանդութիւնների բուժման բանալին, միաժամանակ ստանալ անվճար բուժզննում եւ ֆինանսական փոխհատուցում: Մեր կենտրոնում կան հայալեզու մասնագէտներ, ովքեր պատրաստ են պատասխանել ձեր հարցերին:
«Պարեքսել» կենտրոնի հասցէն է- 1560 Իսթ Չեւի Չէյզ, յարկաբաժին՝ 140, Գլենդէյլ: Հեռախօսահամարը՝ 1-818-254-1600:
(1560 E. Chevy Chase Drive, Suite 140, Glendale, CA 91206
Phone: +1 818 254 1600)