Advanced Chess Organization ակումբի հայ պատանի շախմատիստները շարունակում են հաճելի անակնկալներ մատուցել իրենց խաղով:
Փետրուարի 4ին, Կալիֆորնիայի Ֆուլերտոն քաղաքում կայացած, նահանգի մակարդակով շախմատի դպրոցականների այս տարուայ առաջնութիւնում հայ շախմատիստները շուրջ 200 մասնակիցների շարքում ցուցաբերեցին բարձր արդիւնքներ՝ ձեռք բերելով ընդհանուր առմամբ ութ մրցանակ՝ երկու ոսկէ, երեք արծաթէ եւ 3 բրոնզէ գաւաթ:
Նորթ Հոլիվուդում գործող Advanced Chess Organization-ի հիմնադիր-տնօրէն եւ մարզիչ Արթուր Աղաջանեանը, ով շախմատային մարզչի տասնեակ տարիների միջազգային փորձառութիւն ունի, գոհունակութեամբ նշում է, որ նման առաջնութիւնները կոփում են պատանի շախմատիստներին:
«Իհարկէ այս առաջնութիւնն ամենաբարձրակարգ շախմատային մրցաշարը չէր, սակայն շախմատի բարձունքներին հասնելու հերթական կարեւոր քայլերից մէկն էր: Այսպիսի առաջնութիւններում է, որ երեխաները մանուկ հասակից սովորում են ինքնուրոյն որոշումներ կայացնել,պատասխանատուութիւն կրել իրենց կատարած ամէն քայլի համար», նշում է Աղաջանեանը:
9ամեայ Իզաբելլա Քուրձուկեանը, որ սովորում է Erwin տարրական դպրոցի 3րդ դասարանում, գրաւեց առաջին տեղը՝ փայլուն յաղթանակներ տօնելով բոլոր մրցակիցների նկատմամբ: ACO շախմատային ակումբի առաջատար շախմատիստներից՝ (St. Jane Frances De Chantal դպրոցի սան) 7ամեայ Ալբերտ Սիմոնեանը, նոյնպէս գրաւեց առաջին մրցանակը: Արծաթէ գաւաթներ իրենց տարիքային խմբերում նուաճեցին վեցամեայ Ալեքս Գեւջեանը՝ Դիքսի Քէնեօն Էլեմենթարի դպրոցից (Dixy Canyon Elementary School), եօթամեայ Արշակ Յովհաննիսեանը՝ Էրուին Էլեմենթարի դպրոցից (Erwin Elementary School), ինամեայ Ալլեն Բաբլէեանը (St. Jane Frances De Chantal School):
Իրենց թիմի համար բրոնզէ գաւաթներ նուաճեցին՝ եօթամեայ Արթուր Ալեքսանեանը (Dixie Canyon Elementary School), Գրիգոր Չեբիշեանը (Miller Elementary School), տասնհինգամեայ Յարութ Յարութիւնեանը (Monroe Law/Gov Mag): 5ամեայ Ալեքս Թագուորեանը, չնայած տարիքին, կարողացաւ մէկ ու կէս միաւոր վաստակել իր կեանքում առաջին խոշոր այս մրացաշարում: