Պատրաստեց՝ ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Շախմատի միջազգային մրցաշարի՝ «Էրոֆլոտ օփեն»ի 8րդ մրցափուլում հայ շախմատիստներն իրենց բոլոր մրցակիցների հետ ոչ-ոքի խաղացին, իսկ 9րդ մրցափուլում գրոսմայստեր Վլադիմիր Յակոբեանը յաղթեց իր մրցակցին, բայց Հրանտ Մելքումեանը, Կարէն Հ. Գրիգորեանն ու Սերգէյ Գրիգորեանցը դարձեալ ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: 9րդ խաղափուլից յետոյ գրոսմայստեր Հրանտ Մելքումեանը վաստակել է 6 միաւոր, Կարէն Հ. Գրիգորեանը եւ Վլադիմիր Յակոբեանը՝ 5,5, իսկ Սերգէյ Գրիգորեանցը վաստակել է 4,5 միաւոր:
NBA-ի առաջնութիւնում Լոս Անջելեսի «Լէյկերս» թիմն իր խաղահրապարակում յաղթեց Ատլանտայի թիմին 86:78 հաշուով, որի կազմում հանդէս է գալիս վրացի բասկետբոլիստ Զազա Պաչուլիան: Նա խաղի ընթացքում կարողացաւ հաւաքել ընդամէնը մէկ միաւոր, իսկ Քոբի Բրայանտը, ով առայժմ ամենաարդիւնաւէտ (միջինը 28,7 միաւոր, մէկ խաղում) բասկետբոլիստն է, հաւաքեց իր համար շատ համեստ միաւորների քանակ՝ 10:
Տորոնտոյում FIBA-ի համաշխարհային տեխնիկական յանձնաժողովը քննարկել է բասկետբոլում խաղի կանոնների փոփոխման առաջարկութիւնները:
Այժմ արդէն թոյլատրւում է գլխաւոր մարզիչի օգնականին կանգնած դիրքում ցուցումներ տալ խաղացողներին, պայմանով, որ գլխաւոր մարզիչը այդ ընթացքում պէտք է նստած մնայ:
Մի շատ հետաքրքիր առաջարկ չանցաւ, որում նախատեսւում էր 5 միաւորով գնահատել գնդակի այն գցումը, երբ խաղացողը վերեւից գնդակը մխրճում է ցանցի մէջ, իսկ յետոյ, առանց գետին դիպչելու, օդում նորից վերցնում է գնդակը եւ դարձեալ գցում ցանցի մէջ:
Իսպանական լրատուամիջոցները հաղորդում են, որ Մադրիդի «Ռէալ»ի պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն պահանջում է, որ բարձրացնեն իր աշխատավարձը: Նա ցանկանում է դառնալ երկրագնդի ամենաբարձր վարձատրուող ֆուտբոլիստը:
Լէոնել Մեսսիի գոլը եւ Սանչեսի «դուբլ»ը ապահովեցին «Բարսելոնա» թիմի յաղթանակը գերմանական «բայեր» թիմի նկատմամբ, Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում: