ԵՐԵՒԱՆ, «Առաւօտ».- Փետրուար 23ը Խորհրդային բանակի օրն է: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի հետ կայացած զրոյցին ընթացքին խօսելով բանակին մասին՝ ան ըսաւ, որ բանակին հիմերը ամուր են, որովհետեւ ժողովուրդն է զայն ստեղծողը. «Երբ ժողովուրդն է ձեռք բերում, ուրեմն իրենն է, հէնց ուրիշ խմբեր են մի բան ձեռք բերում, դա իրենց է ծառայելու: Նոյնը նաեւ իշխանութիւններն են, եթէ ուզում ես իշխանութիւնը քեզ պատկանի՝ դու պիտի գաս իշխանութեան, եթէ ուզում ես ժողովրդին պատկանի՝ ժողովուրդը պիտի գայ իշխանութեան: Եթէ պետութեան, իշխանութեան հիմնական մարմինները ձեւաւորուեն ժողովրդի կամքով եւ ժողովրդի մասնակցութեամբ, դա կը պատկանի նոր ժողովրդին», ըսաւ Ռուստամեան։
«Մեր բանակը ձեւաւորուեց կամաւորականների մեծ շարժումով՝ ազատամարտի ընթացքում, հիմքը մեր բանակի դրա համար է ամուր: Իսկ այն բացասական երեւոյթները, ինչ տեղի են ունենում բանակում, դրանից շեղուելու արդիւնքն է: Բանակում սպանութիւնները հէնց այդ շեղումներն են», նշեց ան:
Ըստ Ռուստամեանի, բանակին նկատմամբ քաղաքացիական վերահսկողութիւնը նուազած է, եւ բանակին մէջ թափանցած են երկու հիմնական աւերիչ գործօններ. «Մէկը գողականութիւնն է, փողոցային օրէնքները, որ բանտերում են, ասենք՝ աւլելը, մաքրելը դառնում է նուաստացուցի»չ, ըսաւ ան: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչին համաձայն, կարգն ու կանոնը պահպանելը զինուորին համար նուաստացուցիչ կը դառնայ: «Շեշտում են, ով որ դա արեց՝ տղամարդ չի, նա պիտի պայքարի, որ այդ տղայական ստատուսը (կարգավիճակ- Խմբ.) ձեռք չբերի: Օճառը գցեց՝ չպէտք է կռանայ, այսպիսի պրիմիտիւ երեխայական բաներ, որոնք գործում են յանցաւոր աշխարհի, գողական աշխարհի միջավայրում: Բայց դա դժբախտաբար մուտք գործեց բանակ: Երկրորդ խնդիրն այն է, որ կոռուպցիան՝ կաշառակերութիւնը բերեց նրան, որ փողը մուտք գործեց բանակ: Առեւտուր, սակարկումներ դրանք երեւոյթներ են, որոնք իրենց դրսեւորումները գտան բանակում: Դրա արդիւնքում այսպիսի դժբախտ դէպքեր են լինում», ընդգծեց ան: