ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Գրեթէ երկու տարի առաջ, սրտնեղելով հիմնականում բացասական տեղեկութիւններ հաղորդելու հեռանկարից, որոշում ընդունեցի դադարեցնել տնտեսական անցուդարձը ներկայացնող իմ հեռուստայայտագիրը, երբ մեր հայրենակիցներից մէկը, հացավաճառի խանութում ինձ հարցրեց, «Տղայ ջան, ե՞րբ ես լաւ լուրեր հաղորդելու»: Իւրօրինակ նշան էր դա, որ ստիպեց ինձ մտածել, թէ մարդիկ մօտ 3 տարի սպասում էին, թէ ահա ուր որ է իրավիճակը կը շտկուի, եւ ամէն ինչ կը վերադառնայ իր տեղը: Չնայած մասնագիտութեամբ ուսուցիչ եմ, սակայն վերջին 5 տարիների զարգացումներին ուշադիր հետեւելով, ինչ որ չափով դարձել եմ նաեւ տնտեսական մեկնաբան, առանց դրա համար անհրաժեշտ վկայականի:
Ափսոսանքով պիտի նշեմ, թէ նախորդ տասնամեակի բարեկեցութիւնը դեռ երկար ժամանակ շատ շատերս չենք տեսնելու, եթէ ի հարկէ այդ օրերը երբեւիցէ կը վերադառնան: Այն պարագայում, երբ բազմաթիւ անհատներ ու ձեռնարկութիւններ կրկնապատկել են իրենց եկամուտները, ժողովրդի ճնշող մեծամասնութիւնը ականատես է լինում իր կենսամակարդակի կտրուկ անկման: Եւ այն, ինչից սկսուեց ճգնաժամը, շարունակում է խանգարել ամերիկեան տնտեսութեան առաջխաղացմանը: Խօսքը կալուածների առեւտրին է վերաբերւում: Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, թէ թանկարժէք կալուածների մի զգալի մասը շուկայում մնում է աւելի երկար, քան օրինակ, մինչեւ 1 միլիոն դոլար արժողութեան կալուածները: Մարդիկ, ովքեր թանկարժէք տների վճարումները չեն իրականացրել աւելի քան 2, 3, յաճախ էլ 4 տարի, շարունակում են բնակուել իրենց ապարանքներում, աննշան գլխացաւանքներով: Սա նշանակում է, որ նրանք հարկեր չեն վճարում իրենց կալուածների դիմաց: Եւ ահա յանգում ենք այսօրուայ բուն նիւթին. հարկեր հաւաքելու անկարողութեան պատճառով Կալիֆորնիոյ տարածքում գտնուող բազմաթիւ քաղաքներ կանգնած են սնանկութեան շեմին: Նրանցից շատերը չեն կարողանում վճարել քաղաքային աշխատողներին եւ ստիպուած են վերանայել տասնամեակներ առաջ կնքած պայմանագրեր: Դրա միակ օրինական ձեւը սնանկութիւնն է, որ թոյլ կը տայ առանց գլխացաւանքի վերանայել ցանկացած պայմանագիր, ազատել ցանկացած աշխատակցի, անկախ նրա տարիների փորձառութիւնից:
Կալիֆորնիոյ Ստաքթըն բնակավայրն այսօր կանգնած է նմանօրինակ թնճուկի առաջ: Կենտրոնական Կալիֆորնիոյ տարածքում տեղակայուած այս քաղաքում 290 հազար մարդ է բնակւում: Նահանգային սահմանադրութիւնը թոյլ չի տալիս արագ կերպով աւելացնել հարկերը, առանց ընտրողների կարծիքը հաշուի առնելու: Այդ պատճառով քաղաքի իշխանութիւններին հնարաւորութիւն է տրւում բանակցութիւնների մէջ մտնել իրենց աշխատողների հետ, որպէսզի առանց սնանկ յայտարարելու որոշակի փոփոխութիւններ կատարեն իրենց աշխատակիցների հետ ունեցած աշխատանքային պայմանագրերում:
Սնանկ յայտարարելու արդիւնքում տեղական եւ մունիցիպալ (քաղաքապետական-Խմբ.) վարկերի տոկոսները աննախադէպ ձեւով կարող են բարձրանալ, որ դարձեալ քաղաքային իշխանութիւններին կարող է նետել անելանելի իրավիճակի մէջ:
Ի՞նչ է նշանակում սա մեր համար:
Կենսամակարդակի անկում: Ինքնաշարժը գրանցելու համար հերթ կանգնողները եթէ առաջ մի քանի ժամ էին սպասում, հնարաւոր է, որ այսուհետեւ մի քանի օր սպասեն: Ծերերին եւ անկարողներին սպասարկող ծառայութիւնների վիճակն առանց այդ էլ շատ բարւոք վիճակում չէ, աւելի կարող է վատանալ: Անխուսափելիօրէն կարող է բարձրանայ ասենք, օրինակ գազի սակագինը, ոչ թէ այն պատճառով, որ գազի պակասորդ կայ, այլ դրա սպասարկումը կարող է աւելի թանկանալ: Որպէս պարզ օրինակ կարելի է նշել աւիատոմսերի հետ կատարուող պատմութիւնը: Տոմսն արժէ, ասենք, 600 դոլար, հարկերի եւ այլ «ֆի»երից» յետոյ ուղեւորը վճարում է աւելի քան 1000 դոլար:
Շատ քաղաքային իշխանութիւններ ստիպուած են իրենց ծառայութիւններից հրաժարուել, դրանց «ուղարկելով» հարեւան քաղաք: Սա նշանակում է, թէ մի քաղաքի ոստիկանութիւնն ու հրշէջ ծառայութիւնը կարող է յանձնուել մէկ այլ քաղաքի, որի արդիւնքում ծառայութեան որակը անխուսափելիօրէն կը տուժի: Քաղաքային իշխանութիւնների համար աշխատողները կորցրել են երբեմնի ապահովութիւնը, քանի որ հարցականի տակ է իրենց թոշակների, առողջապահութեան խնդիրը: Տարիներ առաջ երբ որեւը մէկը ասում էր, թէ պետական աշխատանք ունի, դա նշանակում էր, թէ մինչեւ հանգստի անցնելը գրեթէ ապահովուած է ինչպէս աշխատանքով, այնպէս էլ մի կլորիկ թոշակով, իր առողջապահական փաթեթի հետ մէկտեղ:
Ինքներդ գիտէք, թէ որքան թանկ արժէ առողջապահութիւնը Միացեալ Նահանգներում: Տարիներ առաջ մի փոքրիկ վիրահատութեան համար ապահովագրութեան վճարումը երբ տեսայ, պարզապէս ապշեցի: Ընդամէնը մէկ օրուայ հիւանդանոցային կեցութեան եւ վիրահատութեան համար ապահովագրութիւնը վճարել էր մօտ 100,000 դոլարից մի փոքր պակաս: Ինչպէ՞ս կարող է դիմանալ հասարակ մահկանացուն այսպիսի ծանրութեան տակ, եթէ տեղական կամ քաղաքային իշխանութիւնները հարց են բարձրացնում առողջապահական փաթեթի վերանայման մասին՝ առարկելով, թէ «այլեւս ի վիճակի չենք վճարել տեղական կամ քաղաքային աշխատողների բենեֆիթները»: Միաժամանակ պարզապէս չեմ կարողանայ չյիշատակել, թէ մի հաշուարկի համաձայն արտերկրում գտնուող մէկ զինուորի վրայ ծախսւում է մօտ 1.5 միլիոն դոլար: Ի՞նչ էք կարծում, ո՞ւմ գրպանից են արտահոսում այդ փողերը: Այսօր շատ ենք խօսում անհատի կենսակերպի վերանայման հրամայականի մասին: Միգուցէ ժամանակն է (ես կ՛ասէի նոյնիսկ ուշացել ենք) վերանայել պետական եւ արտաքին քաղաքականութիւնը, եւ ներդրումներ կատարել սեփական ժողովրդին աշխատանքով ապահովելու ակնկալիքով: Չինաստաններում եւ Հնդկաստաններում կատարուած խոշոր ներդրումները մի կողմից մեզ ապահովում են էժան ապրանքներով, միւս կողմից ստեղծում են այնպիսի անբարենպաստ պայմաններ, որտեղ ամերիկացի աշխատաւորը չի կարողանում մրցունակ լինել չինացի կամ հնդիկ աշխատաւորի հետ, քանի որ վերջիններս բաւարարւում են աշխատելով նուազագոյն պայմաններով, իսկ ամերիկացի աշխատաւորը նոյնիսկ չի կարող մէկ քայլ նետել, եթէ ամսեկան աշխատավաձը լինի 300 դոլար: Թող դատարկաբանութեամբ չզբաղուեն այն մարդիկ, ովքեր պնդում են, թէ շնորհակալ պէտք է լինենք ասիական ներդրումներին, քանի որ ապրանքներն այստեղ շատ աւելի էժան են, քան Եւրոպայում: Իսկ այն, որ ամերիկացի բանուորը գործազուրկ է մնում, եւ տարիների արդիւնքում կորցնում է իր անգին ունակութիւնը թողարկելու «Made in America» ապրանքանիշը կրող երբեմնի թնդացող ապրանքները, որքա՞ն արժէ դրա կորուստը: Եւ ի՞նչ օգուտ ունի չինական կամ ասիական մի էժան (թէկուզեւ որակով) ապրանքի յայտնուելը ամերիկեան շուկայում, երբ ամերիկացի քաղաքացին ու ֆերմերը ի վերջոյ ի վիճակի չեն լինելու գնել այդ ապրանքը, քանի որ եկամտի աղբիւրները մէկ առ մէկ փակւում են:
Ամերիկեան տնտեսութեան գերտաքացման հիմնական պատճառը կալուածքների արժէքների «փուչիկացումն» էր, իսկ դա չէր կարող անտեսանելի լինել կրթուած տնտեսագէտների համար: Եւ նրանք, ովքեր ի պաշտօնէ պարտաւոր էին արգելակել գերտաքացումը եւ համապատասխան միջոցներ չձեռնարկեցին, պարտաւոր են կրել ամենախիստ պատիժը: Տուն կողոպտած գողին ի ցոյց աշխարհի բանտարկում են: Վերոյիշեալ տնտեսագէտները գիտակցաբար կամ ապաշնորհութեան պատճառով կողոպտեցին ամբողջ ամերիկեան ժողովրդին: Ո՞վ է պատասխան տալիս սրա համար: