Ամայի երկնում
Լուսնեակն է ննջում,
Աստղերը մեղմիկ՝ շղթայ են հիւսում,
Քնքուշ, զոյգ աչքեր,
Յանկարծ յայտնւում,
Իմ հոգու ծովն են՝ փոթորկել ուզում…
Դու եկար իմ սէր՝
Ինչպէս վաղ գարուն,
Կանաչաքնքուշ թաւուտի նման,
Իմ աշնան թափուող
Տերեւներն դեղին՝
Սրբեցիր, տարար, հրով քո բուրեան…
Դու եկար իմ սէր՝
Թախիծ ցանելու,
Երկար ուշացած նամակի նման,
Ափսոս չեմ կարող
Իրաւունք չունեմ,
Քո սիրով խախտել՝ անդորրը իմ տան…
Աշնան գիշերում
Լուսինն է հալւում,
Արիւնն է ասես՝ քամւում սրտիս մէջ,
Ու քանի՜ անգամ՝
Մեղադրում եմ քեզ,
Ու քանի՜ անգամ՝ մեղանչում անտես…
***
ՄՈՐՄՈՔ ԿԱՐՕՏԻ…
Հնօրեայ մի երգ
Հեռուից գեղգեղող,
Հոսեց իմ թախծոտ՝ լռութեան միջով,
Կորզեց ինձանից
Արցունքի ցօղեր,
Լցրեց իմ հոգին յուշի ղօղանջով…
Թարմութիւն սնող
Երգը վաղեմի,
Որքա՜ն անուրջներ առաւ ու տուեց,
Ու մերթ նահանջեց,
Յետոյ լեռնացաւ,
Որքա՜ն յուշերի՝ կծիկներ քանդեց…
Հաւքերի լեզուով
Կարկաչահնչիւն,
Անցեալն ու ներկան իրար կամրջեց,
Տիեզերք սնող
Երգը հնամեայ,
Յոյզիս գետածաց՝ ակունքը բացեց…
Հնօրեայ մի երգ
Հեռուից դայլայլող,
Հոսեց իմ հոգու՝ անդորրի միջով,
Կորզեց ինձանից
Արցունքի ցօղեր,
Տարտամեց սիրտս՝ կարօտի ցաւով…
***
ԻՄ ՆԵՐԱՇԽԱՐՀԸ…
Կառչել եմ այսօր
Ես իմ լոյսերից,
Պայծառ եմ՝ անմէգ, արեւի նման,
Ես չեմ վրդովւում,
Քաջ է իմ հոգին,
Անընկճելի եմ՝ առիւծի նման…
Կառչել եմ այսօր
Ես իմ ուժերից,
Հզօր է ուխտս՝ սէգ ժայռի նման,
Ես չեմ վարանում,
Վեհ է իմ հոգին,
Կանգուն է յոյսս՝ արձանի նման…
***
ԱՅՆՏԵՂ ՍԱՀՄԱՆՈՒՄ…
Ձմեռ է այնտեղ՝ ցրտաշունչ ձմեռ,
Լոյսն է ամայի մշուշապատւում,
Կէսգիշերային մութ ու խաւարում,
Այնտեղ լեռներն են՝ ծանրօրէն հեւում:
Այնտեղ ոռնում է մահուան բորենին,
Ահեղ մոլուցքով զէնքեր են ձայնում,
Կանգնած են այնտեղ հայոց կտրիճներն,
Հայրենի սիրած սահմանն են հսկում:
Այնտեղ է բացուել դէմքը դարերի,
Հրաշքն է ծնուել մի հին պատմութեան,
Այնտեղ են ապրել հպարտ ու արի,
Քաջորդիները՝ ազատ բնութեան:
Այնտեղ մարտիկներն՝ անեղծ հաւատով,
Շղթան են փշրել դառնութիւնների,
Սուրբ ճշմարտութեան ձեռքերով անվախ,
Դրօշն են պարզել՝ յոյսի եւ լոյսի:
Այնտեղ է հնչել կանչը յաղթութեան,
Կանաչ բացատում լեռնալանջերի,
Այնտեղ պիտ յառնի՝ խաղաղ գոյութեան,
Հրեղէն լոյսը՝ գալիք դարերի:
***
ԱՆՄԱՀ ԱՐԾԻՒՆԵՐ…
Ձօն Ազգային Բանակի 20րդ Տարեդարձին
Քանի սահմանը
Կենդանի շնչով,
Հայոց զինուորն է՝ հսկում քաջարի,
Իմ երազները
Չեն մնայ անթեւ,
Որքան էլ մահուան՝ ձեռքը երկարի…
Իմ յաւէրժաբուխ
Սրբազան երթի,
Հողը կը թնդայ խրոխտ քայլերգով,
Իմ երազների
Լոյսը կը ծագի,
Յոյսի արթնութեան՝ պայծառ շողերով…
Դո՛ւք իմ փրկութեան
Փարոսն էք արթուն,
Ջերմաշունչ հրով պայծառ արեւի,
Դո՛ւք իմ հաւատի
Կանթեղն էք շողուն,
Հնչող նոր երգով՝ անծայր յաւէրժի…
Փա՜ռք ձեզ առյաւէտ,
Փա՜ռք դրօշներին,
Հայրենի հողի հերոս մարտիկներ,
Դո՛ւք իմ երազի
Սիւներն էք կանգուն,
Հայոց լեռների՝ անմահ արծիւներ…
***
ՍԻՐՈՅ ՔԱՌԵԱԿՆԵՐ
Քո աչքերում արեգակի լոյսը կա՛յ,
Քո հոգու մէջ երազներիս բոյրը կա՛յ,
Քո կրծքի մէջ անուրջներիս հուրը կա՛յ,
Քո ձեռքերում՝ իմ ճակատի գիրը կա՛յ:
****
Ինձ մօտ արի արշալոյսին,
Գարնան ծաղկուն օրուայ նման,
Ինձ մօտ արի մութ գիշերին,
Թէկուզ որպէս՝ ուրուական:
****
Երբ հեռու ես դու ինձանից,
Իմ կեանքի մէջ ժպիտ չկայ,
Քո համբոյրով՝ ցաւը ի՞նչ է,
Մահն էլ անգամ՝ կանյայտանայ:
****
Գուցէ աստղերի խորհուրդը փոխուի,
Գուցէ եւ շեղուի ընթացքը դարի,
Բայց սէրը ինչպէս՝ պայծառ արեգակ,
Յորդուն շողերով պիտի ճառագի:
****
Հնչիր քաղցր մեղեդի, որ վշտերս մոռանամ,
Իմ դարդերից ու հոգսերից,
գոնէ մի պահ հեռանամ,
Այդ քո ազնիւ նուագի մէջ, կանթեղի
պէս բոցկլտամ,
Անուրջներիս արբեցումով՝ գէթ մէկ անգամ
ես խայտամ:
****
Լուսնակ գիշերում զբօսնում էինք,
Խաղաղ լճակի մարմանդ ափերով,
Ուր երանութեան համբոյր քաղեցինք,
Սիրոյ շնորհած՝ առաջին դողով:
****
Ա՜յ քեզ հրաշք գեղեցկութիւն,
Հոգու թրթիռ չքնաղութիւն,
Ո՞ր այգուց ես դու բոյր քաղել,
Ո՞ր աստղից ես դու հուր առել:
****
Երբ ես հպել եմ՝ շուրթս շրթերիդ,
Ցնորքն եմ ապրել քո անմահական,
Եւ այդ պահերին հրճուել է հոգիս,
Թեւեր է առել թռչունի նման:
****
Քո մեղմ հայեացքով նայում ես դու ինձ,
Խօսում ես ինձ հետ առանց բառերի,
Սրտիս կսկիծն ես ամփոփում կարծես,
Այրում ես դու ինձ՝ առանց կրակի:
ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ
Բոստոն