
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Միացեալ Նահանգների Հարկային տեսչութեան վերջին օրէնքների մի մասը որպէս թիրախ է ընդունում այն անձանց, ովքեր իրենց արտերկրեայ ունեցուածքը մինչ այժմ ինչ ինչ պատճառով թաքցրել էին վերոյիշեալ տեսչութիւնից, համապատասխանաբար նաեւ խուսափել էին ունեցուածքի դիմաց հարկեր վճարելու «ցաւալի», բայց օրէնքով նախատեսուած պահանջից: Այս առումով բազմաթիւ խորհրդատուներ իրենց պարտականութիւնն են համարում յորդորել իրենց որոշ յաճախորդներին, որ իրենց նիւթական միջոցները Միացեալ Նահանգներ տեղափոխեն:
Այսպէս կոչուած Foreign Account Tax Compliance Act (FATCA) օրինագծի վաւերացման արդիւնքում Միացեալ Նահանգների քաղաքացիներն ու օտարերկրեայ այն քաղաքացիները, որ բնակւում են այստեղ, պարտաւոր են լրացուցիչ փաստաթղթեր (հաշուետուութիւն) ներկայացնել արտասահմանում իրենց պատկանող ունեցուածքի՝ գործատեղիի, առանձնատների, կամ կանխիկ դրամի մասին, հակառակ պարագայում նրանց սպասւում են խիստ տուգանքներ: Քանի որ մեր որոշ հայրենակիցներ արտասահմանում ունեցուածքի տէր են, ապա սա նրանց կարող է խիստ հետաքրքրել:
Արտասահմանեան դրամատներին պարտադրուած է մանրամասն տեղեկութիւններ հաղորդել ամերիկեան հարկային մարմիններին, թէ այստեղ բնակուող արտերկրացիները ինչպիսի՞ եկամտի աղբիւրներ ունեն, եւ որքա՞ն հարկ են վճարում դրանց դիմաց:
Յիշո՞ւմ էք, երբ նիւթ ներկայացրեցի այն մասին, թէ ինչպէս Իտալիայի մեծահարուստների սիրած մի հանգստավայրում տեղական մարմինները կանգնեցրել էին Ֆերրարի եւ Լամբորգինի վարող անձանց, նրանցից տեղեկանալով, թէ նախորդ տարի որքան հարկ էին վճարել: Յիշեցնեմ նաեւ, թէ նրանց մի մասը, վարելով աւելի քան 150 հազար դոլար արժեցող ինքնաշարժները, տարեկան 30 հազար եուրօ եկամտի համապատասխան հարկ էին վճարել: Ինքնաշարժը վաճառելը շատ աւելի փոքր գլխացաւանք է, քան ամառանոցներն ու գործարանները, եւ ինչպէս երեւում է, ոմանք կամ պիտի ինքնակամ բաժանուեն իրենց ունեցուածքի մի զգալի մասից, կամ էլ՝ պիտի վտանգեն իրենց համբաւը:
Նոր օրէնքները ուժի մէջ կը դրուեն ընթացիկ տարուանից: Նախկինում նշել եմ, թէ ինչպէս շույէցարական եւ այլ օֆշորային (արտասահմանեան-Խմբ.) դրամատների ամերիկացի աւանդատէրերի վրայ աւելի «խոշոր» լուսարձակներ պիտի դրուեն: Այսպիսի հաշուեհամարների տէրերը աւելի մեծ հաւանականութիւն ունեն հարկային քննութեան (tax audit) ենթարկուելու, իսկ այսուհետեւ նրանց աւելի՛ մանրազննին քննութեան առարկայ կը դարձնեն: Ի հարկէ, եթէ ամէն ինչ օրէնքին համապատասխան է արուած, ապա անհանգստանալու կարիք չկայ: Մի այլ տարբերակ էլ կայ, երբ այլոք փորձում են «լաւութիւն» անել1 Հարկ եմ համարում յիշատակել վաղեմի ծանօթներիցս մէկի պատմութիւնն այն մասին, թէ ինչպէս իր հաշուապահի «սխրագործութեան» պատճառով ստիպուած էր եղել վճարել տարիների ընթացքում հաւաքուած հարկերը՝ գումարած խոշոր տոկոսներն ու տուգանքը: Բանն այն է, թէ հաշուապահը իբր թէ «հնարամիտ» կերպով հաշուարկներ էր կատարել եւ ծանօթիս չափազանց ուրախացրել էր, պնդելով, թէ իր «սխեմայի» արդիւնքում ընտանիքները տասնեակ հազարաւոր դոլարներ են խնայում: Ասում են, թէ այս վայ հաշուապահը այլեւս իր արհեստով չի զբաղւում:
Նոր օրինագծի համաձայն, պարզապէս սխալ տեղեկութիւն հաղորդելու արդիւնքում օտարերկրեայ հաշուետէրերին սպասւում է $10,000 տուգանք, իրենց ունեցած ամէն մի «դրսի» հաշուի դիմաց: Ուշադրութիւն դարձրէք, խօսքը սխալմունքի մասին է: Իսկ եթէ պարզուի, թէ աւանդատէրը միտումնաւոր կերպով փորձել է թաքցնել իր հաշիւները, ապա հաշուի մինչեւ 50 տոկոսի չափով գանձում կը կատարուի:
Ակնկալւում են նաեւ որոշակի խառնաշփոթութիւններ: Այժմ հարկատու անձիք, ովքեր 10 հազար դոլարից աւել արտերկրեայ հաշիւներ ունեն, պարտաւոր են Report of Foreign Bank and Financial Accounts յատուկ ձեւը լրացնել Հարկային տեսչութիւնում: Նոր օրէնքը պարտադրում է բոլոր անձանց, ովքեր $50,000ից աւել փող ունեն արտասահմանում, յատուկ փաստաթուղթ ներկայացնել IRS-ին: Այս առումով սպասւում է այսպէս կոչուած կրկնօրինակ ներկայացումների (duplicate submissions) մի ամբողջ հոսանք:
Նոր օրինագիծը պահանջում է նաեւ ներկայացնել այն բոլոր գործարքները, որի մէջ ամերիկացի կամ Ամերիկայում բնակուող օտարերկրեայ քաղաքացիները շահեր ունեն: Նախկինում դրանց մի զգալի մասը չէր յայտարարւում, այժմ սրա՛նք էլ են խնդրոյ առարկայ դառնալու:
$50,000ից աւելի արժէք ունեցող իւրաքանչիւր անշարժ գոյք/կալուածք ենթակայ է յայտարարագրման, եթէ դրանց տէրերը ամերիկացիներ կամ ամերիկաբնակներ են: Գլխացաւն այն է, թէ $45,000ով գնուած կալուածը, ասենք, օրինակ՝ Յունաստանում, կարող է յաջորդ տարի $51,000 արժենայ, իսկ դրա յաջորդ տարին է՛լ աւելի արժէքաւորուել կամ արժէզրկուել: Սրա արդիւնքում կարող է կարիք առաջանալ, որ տանտէրերը ամէն տարի իրենց գոյքն արժեւորելու «նեղութեան» մէջ մտնեն, իսկ ինչպէս գիտէք, ամէն մի appraisal (արժեհաստատում) բաւական թանկ արժէ, յատկապէս՝ արտասահմանում:
Բացառուած չէ, որ շատ օտարերկրացիներ կտրուկ որոշում ընդունեն Միացեալ Նահանգներից հեռանալու կապակցութեամբ, այս օրէնքներից «փախչելու» համար: Սակայն այս դէպքում նրանց սպասում է այսպէս կոչուած exit tax-ը՝ ելքի տուրքը, որ առանձին պարագաներում աստղաբաշխական գումարների է հասնում: Ստոյգ վիճակագրական տուեալներ չկան, թէ որքան հարուստ օտարերկրացիներ են որոշել Միացեալ Նահանգներում հաստատուել, յոյս ունենալով իրենց ունեցուածքը «փրկել» ասենք, օրինակ, եւրոպական հարկային մարմիններից, ուր հարկերը շատ աւելի «ցաւոտ» են եղել մինչեւ այժմ՝ Միացեալ Նահանգների հարկային համակարգի հետ համեմատած: Ես լսել եմ բազմաթիւ դերասանների ու երաժիշտների մասին, ովքեր նախընտրել են այստեղ հաստատուել, իրենց վաստակի մեծ բաժինը փրկելու ակնկալիքով, եւ մինչեւ այժմ դա նրանց յաջողուել է: Պատկերը ենթակայ է փոփոխութեան:
Ե՛ւս մի յիշեցում: Ամերիկեան հարկային մարմինները առատօրէն վարձատրութիւն են խոստանում, եթէ որեւէ մէկը փաստացիօրէն «տեղեկացնում» է այս կամ այն մեծահարուստի կամ ձեռներէցի՝ հարկերից խուսափելու նկրտումների մասին: Այսպիսի «բիզնեսի» մէջ են մտել որոշ փաստաբանական ընկերութիւններ, որոնք պատսպարում են մատնիչին եւ իրաւական քայլերի միջոցով լուսարձակի տակ են հանում իւրաքանչիւր ապօրինի դրամական ներհոսք դէպի Միացեալ Նահանգներ, կամ հակառակը, այսինքն դրանց արտահոսքի մասին տուեալներ են բացայայտում: Ինչ որ տեսանկիւնից դրամի ապօրինի արտահոսքի կամ ներհոսքի նմանօրինակ բացայայտումները օգտակար են, քանի որ հնարաւոր է, որ «կեղտոտ» դրամները ահաբեկչական ծրագրերի հովանաւորչութեամբ զբաղուեն:
Ամփոփելով ասեմ, թէ միջին եւ ցածր եկամուտ ունեցող մարդիկ այս նոր «գլխացաւանքի» մասին պէտք չէ որ անհանգստանան, իսկ մեծահարուստները պէտք է հաշտուեն այն մտքի հետ, որ իրենց «թխուածքից» աւելի մեծ բաժին պարտաւոր կը լինեն տրամադրել երկրին: Ոմանք արդէն իսկ աղաղակում են, թէ օրէնքների նման խստացումը կը խրտնեցնի մասնաւոր կապիտալին, եւ արդիւնքում նոր գործատեղիները կը հիմնուեն այն երկրներում, որտեղ հարկային օրէնքները աւելի նպաստաւոր են աշխարհի տէրերի համար: Սրա մէջ ինչ որ ճշմարտութիւն կայ, քանի որ դրամատիրութեան հիմքում ընկած է առաւելագոյն շահ ապահովելու ձգտումը: Բայց այդ ձգտումը չէ՞ր արդեօք, որ աշխարհին կանգնեցրեց ձեզ յայտնի փոթորկի ամենակուլ ալիքների առջեւ, եւ սպառնում է ի սպառ փոխել այս բարգաւաճ երկրի բնակիչների կենսակերպը:
Թոյլ տուէք կրկնել բազմիցս աղաղակած միտքը՝ արդեօք աշխարհի «տէրերը» չէի՞ն տեսնում, թէ ուր կարող է տանել ամէն բարեւ տուողին վարկ տալու արդիւնքում տնտեսութեան աննախադէպ գերտաքացումը:
Ակնարկս աւարտում եմ ծանօթներիցս մէկի պարզ, բայց իմաստուն մտքով. այսօր դեռ շնչում ենք Եւրոպայում մոլեգնած տնտեսական անելանելի վիճակի պատճառով, քանի որ ներդնողները պարզապէս աւելի յարմար տեղ չունեն իրենց եկամուտները համեմատաբար ապահով տեղում ներդնելու համար:
Առա՛յժմ աւելի յարմար տեղ չունեն: