
ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- 22 Մարտին Հայաստանի Լոռի մարզի մարզպետ Արթուր Նալբանդեան այցելած է Վանաձոր քաղաքի կարգ մը միջնակարգ դպրոցներ եւ անոնց անձնակազմերուն կոչ ուղղած է՝ խորհրդարանական ընտրութիւններուն քուէարկելու յօգուտ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան:
ՀՔԱ Վանաձորի գրասենեակը դատապարտած է պաշտօնական անձնաւորութեան մը կողմէ նման քայլ մը եւ հրապարակած է հետեւեալ հաղորդագրութիւնը.
«1. Հայաստանի ընտրական օրէնսգրքի 22րդ յօդուածի համաձայն արգելւում են թեկնածուին, կուսակցութեանը, կուսակցութիւնների դաշինքին կողմ կամ դէմ քուէարկելուն ուղղուած ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտօնական լիազօրութիւններն իրականացնելիս կամ պաշտօնական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրութիւնների ժամանակ առաւելութիւն ստանալու համար: Նոյն օրէնսգրքի 18րդ յօդուածի 6րդ կէտի համաձայն: Արգելւում է նախընտրական քարոզչութիւն կատարել եւ ցանկացած բնոյթի քարոզչական նիւթ տարածել՝ 1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպէս նաեւ պետական եւ համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատութիւնների մանկավարժական կազմի աշխատողներին՝ իրենց լիազօրութիւններն իրականացնելիս: Հետեւաբար, մարզպետը իրաւասու չէ օգտագործել իր պաշտօնէական դիրքը՝ յօգուտ ՀՀԿի քարոզչութիւն իրականացնելու համար:
«2. Հայաստանի ընտրական օրէնսգրքի 18րդ յօդուածի համաձայն: Նախընտրական քարոզչութեան ժամանակահատուածը սկսւում է թեկնածուների, կուսակցութիւնների ընտրական ցուցակների գրանցման համար սոյն օրէնսգրքով սահմանուած ժամկէտի վերջին օրուան յաջորդող 7րդ օրը: Յիշեցնենք, որ այսօր՝ 2012 թուականի մարտի 22ը դեռեւս թեկնածուների առաջադրման վերջին օրն է: Հետեւաբար, նախընտրական քարոզչութիւն իրականացնելը դեռեւս արգելուած է օրէնսդրութեամբ:
«3. Արգելւում է աշխատանքային ժամանակն օգտագործել այլ նպատակների համար:
«Այսպիսով, ՀՔԱ («Հելսինքեան քաղաքացիական Ասամպլիա») Վանաձորի գրասենեակը կոչ է անում Հայաստանի կառավարութեանն ու վարչապետին՝ համապատասխան միջոցներ ձեռք առնել Հայաստանի Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդեանի գործողութիւններին համապատասխան որակում տալու եւ հետագայում նմանատիպ իրավիճակների կանխարգելման համար»: