
ՌՈՒԲԷՆ ԳԱՍՊԱՐԵԱՆ (ՂՈՒՐԲԱՆ)
Մարդ, ում համար բարեգործութիւնը սրբութիւն է: Այս բառերի ճիշդ հասցէատէրը մի անձնաւորութիւն է, ով ապրում է մեր համայնքում, մեր կողքին, բոլորին հետ միասին, սակայն նման չէ բոլորին: Նման չէ իր մտածելակերպով, նման չէ իր գործելակերպով: Նա միշտ ճիշդ ժամին, ճիշդ տեղում է եւ իր հնարաւորութեան սահմաններում՝ իր օգնութեան ձեռքն է մեկնում այդ օգնութիւնը ակնկալողներին: Խօսքը մեր հայրենակից, արժանի հայորդի Էլվիս Մադաթեանի մասին է, ով որպէս գլխաւոր հովանաւոր՝ կանգնել է իմ հեղինակած չորս գրքերի կողքին, օգնել է որպէսզի հրատարակուեն այդ գրքերը եւ որպէս մնայուն արժէքներ՝ փոխանցուեն գալիք սերունդին: Նա այն անձնաւորութիւնն է, ով գիտէ գնահատել գրականութիւն եւ արուեստ: Այլ առիթներով, բազմիցս նշել եմ, որ Էլվիսը մեծահարուստ չէ, սակայն մեծ սիրտ եւ մեծ հոգի ունի: Նրա բարեգործութիւնները սահմաններ չունեն: Նա տարիներ է ինչ օգնում է Հայաստանի մանկատներին, ծերանոցներին, պատերազմի հաշմանդամներին, զոհուածների ընտանիքներին, եկեղեցիներին, Ամերիկեան Կարմիր խաչին, օտարազգի հիւանդ երեխաներին եւ շատ ուրիշներին:
Այժմ էլ, նա իր հերթական օգնութիւնն է պատրաստել՝ մօտ 150 արկղ, նորից Հայաստան ուղարկելու համար: Արկղերի մէջ բոլորովին նոր, տաք հագուստներ են, կօշիկներ՝ թէ՛ մեծերի, թէ՛ փոքրերի համար, գրենական պիտոյքներ, պայուսակներ, խաղեր, եւ այս բոլորը պէտք է ուղարկուեն Հայաստանի սահմանամերձ, հեռաւոր գիւղերն ու քաղաքները: Էլվիսը պատրաստւում է ինքն իր ձեռքով բաժնելու այս օգնութիւնները՝ ճիշդ հասցէատէրերին հասցնելու համար: Միթէ սա աստուածահաճոյ գործ չէ՝ լինել բարեգործ, օգնութեան ձեռք մեկնել դիմացինին, առանց որեւէ ակնկալիքի:
Փառք ու պատիւ նման հայորդուն՝ Էլվիս Մադաթեանին: Հայ ազգը կարիք ունի նման մարդկանց եւ հարուստ է ու հպարտ նման արժանի զաւակներով, ովքեր գտնուելով հայրենիքից հեռու, միշտ հայրենիքի հետ են եւ ապրում են հայրենիքի հոգսով ու ցաւով:
Քեզ երկա՜ր-երկա՜ր տարիների առողջ կեանք, եւ թո՛ղ որ Աստծոյ օգնութեամբ ու օրհնութեամբ կարողանաս իրականացնել քո բոլոր բարի ցանկութիւնները: