ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Հարկերի ժամանակն է: Մարդիկ եզրափակում են իրենց հաշուետուութիւնները Հարկային տեսչութեանը, իսկ այս օրերին աւելի յաճախ է խօսւում այսպէս կոչուած Բաֆֆեթի օրէնքի մասին, համաձայն որի մէկ միլիոն դոլարից աւելի եկամուտ ունեցող ամերիկացիներին սպասւում է նոր հարկային պատասխանատուութիւն, եթէ օրինագիծը վաւերացուի:
Նախագահ Օբաման իր նախընտրական փուլի հիմնական կարգախօսներից մէկն է դարձրել այս մօտեցումը, որի համաձայն հարուստ ամերիկացիները պէտք է առնուազն 30 տոկոս հարկ տան իրենց եկամտի դիմաց:
Վիճակագրութեան համաձայն, գերհարուստ ամերիկացիների վճարած հարկերը 1960 թուականին գերազանցել են իրենց եկամտի 50 տոկոսը, իսկ 2010 թուականին այդ թիւը նուազել է, կազմելով 30 տոկոսից էլ նուազ գումար:
«Եթէ դուք 1 միլիոն դոլարից աւելի եկամուտ ունէք, ապա դուք պարտաւոր էք հարկ վճարել առնուազն այնքան, որքան միջին եկամուտ ունեցող ամերիկացիներն են վճարում», յայտարարել է նախագահ Օբաման Սպիտակ Տանն Ապրիլի 11 ունեցած իր ելոյթի ընթացքում: Նախագահը բացատրել է, թէ այսպէս կոչուած capital gain-ի արդիւնքում առաջացած եկամտի ընդամէնը 15 տոկոսն է հարկման ենթակայ: Ամերիկեան 400 ամենահարուստ ընտանիքները 2008 թուականին վճարել են իրենց ստեղծած եկամտի ընդամէնը 18 տոկոսը, իսկ 1995 թուականին նրանք վճարում էին եկամտի 30 տոկոսը: 1985 թուականին հանրապետական նախագահ Ռոնալդ Ռէյգընը յայտարարել էր, թէ հարուստ գործարարները աւելի պակաս հարկ էին վճարում, քան իր քարտուղարուհին: Այս կարգախօսը բազմիցս օրինակ է բերւում ներկայ նախագահի կողմից, ով փորձում է պնդել, թէ նոյնիսկ հանրապետական Ռէյգընը կողմնակից էր այսպէս կոչուած «արդարացի» հարկման գաղափարին: Սակայն Սպիտակ Տան հրապարակած տուեալների համաձայն, Ռէյգընի հարկային բարեփոխումների արդիւնքում հարուստները աւելի քիչ հարկեր սկսեցին վճարերլ, քան նախկինում:
Այսօրուայ դրութեամբ գերհարուստ հարկատուների 1 տոկոսը վաստակում է ամբողջ հարստութեան մօտաւորապէս 17 տոկոսը, եւ նրանք վճարում են ընդհանուր եկամտահարկի 37 տոկոսը: Նախնական հաշուարկների համաձայն, եթէ նոր օրինագիծը վաւերացուի, առաջիկայ տասնամեակի ընթացքում այն կարող է երկրի գանձարանը հարստացնել լրացուցիչ 47 միլիարդ դոլարով, իսկ ոմանք այս թիւը շատ պահպանողական են համարում, ակնկալիք գումարը նշելով 171 միլիարդ դոլար: Ամէն դէպքում առաջիկայ տասնամեակի նախահաշուային բացը քննարկելիս վերոյիշեալ «խնայողութիւնը» էական նշանակութիւն չի ստանում, քանի որ պակասորդը 6.7 տրիլիոն դոլար է նախատեսուած: Քննադատների պատճառաբանութիւններին նախագահ Օբաման պատասխանում է, «Համաձայն եմ, որ սա լուծման եղանակ չէ, բայց առնուազն ճիշդ քայլ է այդ ուղղութեամբ:»
Վերջին մի քանի տասնամեակների ընթացքում հարուստների եւ ընչազուրկների միջեւ առկայ ճեղքուածքը աննախադէպ համեմատութեամբ աճել է, բայց սրա համար այլ պատճառներ են հնչում: Հիմնականում նշւում է, թէ տեխնիկական առաջընթացի պայմաններում ամերիկացի միջին եւ ցածր եկամուտ ունեցող մասնագէտները աւելի շատ մրցակցութեան են արժանանում արտերկրեայ աշխատուժի առկայութեան պայմաններում, իսկ այսպէս կոչուած գլոբալիզացիան նպաստում է, որ բազմաթիւ աշխատատեղիներ դուրս բերուին ամերիկեան ափերից:
Նախագահ Օբաման պնդում է, թէ Ամերիկայի բարեկեցութիւնը երբեք պայմանաւորուած չի եղել գերհարուստների առաւել հարստանալու հանգամանքով, այլ այն ստեղծուել է միջին դասակարգի բարեկեցութեան արդիւնքում: Հետեւաբար իր նպատակն է հնարաւորին չափ սատար կանգնել միջին դասակարգի ամրացման գաղափարին: Հանրապետականներն էլ իրենց հերթին հակազդում են, թէ գերհարուստների «չափազանց» հարկման արդիւնքում նոր աշխատատեղիներ չեն ստեղծուի երկրում, եւ այս մարտավարութիւնը կարող է խրտնեցնել աշխատանք ստեղծել ցանկացողներին:
Իսկ ի՞նչ են կարծում ամերիկացիներն այս կապակցութեամբ:
«Ամերիկացիների մեծ մասը համաձայն է ինձ հետ», ասում է Օբաման, «նոյնիսկ հանրապետականների կէսը նոր հարկային մօտեցմանը կողմնակից է»: Նա աւելացնում է, թէ համաձայն մի հարցման, միլիոնատէրերի երկու երրորդը կողմնակից է իր դիրքորոշմանը: «Սի.Բի.Էս.» լրատուական ծառայութեան մի հարցման արդիւնքում երեւում է, թէ ամերիկացիների ճնշող մեծամասնութիւնը կողմ է եկամտի հարկման նոր քաղաքականութեանը: Իսկ Գալլըփ հարցախոյզային հելինակաւոր ընկերութեան հրապարակած տուեալների համաձայն, ամերիկացիների զգալի մեծամասնութիւնը կողմնակից է երկրի ծախսերի սահմանափակման եւ նոր հարկային քաղաքականութեան ընդհանուր մօտեցում ձեւաւորելու գաղափարին:
Փաստացի տուեալները ցոյց են տալիս, թէ գերհարուստներից շատ շատերը նախընտրում են իրենց ներդրումները արտասահմանեան եկամտաբեր դաշտերում կատարել, կամ ոսկի գնել, քան թէ դրանք երկրի ներսում իրականացնել: Հասարակ օրինակ՝ եթէ ամերիկացի միլիոնատէրը միեւնոյն վերնաշապիկը կարելու համար արտերկրում ծախսում է, ասենք 5 դոլար, ինչո՞ւ պիտի ամերիկացի բանուորին վճարի կրկնապատիկը: Չէ՞ որ դրամ ստեղծելու հիմքում ընկած է գերշահոյթ ապահովելու ձգտումը, եւ եթէ այդպիսի հնարաւորութիւն կայ, ապա ինչո՞ւ պէտք է ամերիկացի հարուստը ձեռք քաշի եկամտից:
Տնտեսսագէտները կարծում են, որ ծանր արդիւնաբերութիւնը երկար ժամանակով լքել է հիւսիսային մայր ցամաքը, իսկ աշխատաւորների տասնեակ միլիոնանոց մի բանակ հանգամանքների բերումով կամ չի ցանկանայ, կամ էլ չի կարողանայ վերաորակաւորուել, արդիւնքում լրացնելով գործազուրկների հսկայ բանակը: Առաջարկւում են տարբեր մարտավարութիւններ, որոնցից մէկն այն է, թէ հարկաւոր է կտրուկ աւելացնել արտասահմանից ներկրուած ապրանքների վրայ դրուած հարկերը: Սա կարող է ինչ որ արդիւնք տալ, քանի որ հարուստները կը մտածեն երկրի ներսում նոյնատիպ արտադրամաս հիմնել, դրսից ներմուծած ապրանքի դիմաց վճարած հարկի չափի անիմաստ լինելու պատճառով: Միւս կողմից սա ուղղակիօրէն կը հարուածի բոլորիս գրպանին, քանի որ կտրականապէս կ՛աճեն ամէնօրեայ օգտագործման առարկաների արժէքները: Միեւնոյն ինքնաշարժը, օրինակ՝ Եւրոպայում, զգալիօրէն աւելի թանկ է քան Միացեալ Նահանգներում:
Նախընտրական շրջանում հարկային քաղաքականութեան նկատմամբ ունեցած մօտեցումները կենտրոնական դիրքի վրայ են դրւում: Իսկ հասարակ ամերիկացուն մեղադրում են, երբ վերջինս հարց է բարձրացնում, թէ ժողովրդավարութեան տարածման համար ինչո՞ւ է երկրիրը տրիլիոններ ծախսում դրսում, երբ նախահաշուային այսքան ցաւոտ խնդիրներ կան երկրի ներսում: Ինչպէ՞ս կարելի է արդարացնել անիմաստ ծախսերը, երբ հասարակ ամերիկացին չգիտի, թէ վաղուայ օրը ի՞նչ է դնելու իր սեղանին, եւ որտեղի՞ց է հայթայթելու իր բնակարանի վարձը: