ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ.- Լոս Անջելեսի հանրային ծառայութիւնների ոլորտի աշխատակիցների Հայկական կոմիտէի խնդրանքով փոխուել է «Տանենք մեր երեխաներին աշխատավայր» ձեռնարկի օրը:
Լոս Անջելեսի վարչաշրջանի կառավարիչների խորհուրդը Ապրիլի 17ի նիստում միաձայն որոշել է փոխել ամէնամեայ այդ ձեռնարկի օրը, որ նախատեսուած էր Ապրիլի 24ին: «Ապրիլի 24ը յատուկ նշանակութիւն ունի հայերի համար, այդ օրը հայերը յիշատակում են Հայոց Ցեղասպանութեան զոհերին: Ողջամիտ կը լինի, որպէս յարգանքի տուրք մատուցենք մեր հայ աշխատակիցներին եւ յետաձգենք այս ձեռնարկի ամսաթիւը», նշւում է խորհրդի յայտարարութեան մէջ: Ըստ այդմ, «տանենք մեր երեխաներին աշխատավայր» ձեռնարկը կ՛անցկացուի Մայիսի 1ին:
Նշենք, որ այս փոփոխութիւնը կատարուել է Հանրային ծառայութիւնների ոլորտի աշխատակիցների միջազգային միութեան՝ Հարաւային Կալիֆորնիայի Արհմիութեան ներքոյ ստեղծուած Հայկական կոմիտէի՝ Լոս Անջելեսի վարչաշրջանի կառավարիչ Մայքըլ Դ. Անտոնովիչին ուղղուած նամակից յետոյ:
Ապրիլի 13ին Հայկական կոմիտէի անդամների անունից Շուշան Բախբուդարեանը նամակ էր յղել Մայքըլ Դ. Անտոնովիչին՝ խնդրելով խորհրդի նիստում քննարկել եւ փոխել «Տանենք մեր երեխաներին աշխատավայր» ձեռնարկի օրը՝ յիշեցնելով, որ Ապրիլի 24ը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակման օրն է: Անտոնովիչը նամակը ներկայացրել է խորհրդի նիստին, որտեղ եւ միաձայն որոշուել է փոխել օրը:
Ստորեւ ներկայացնում ենք Հայկական կոմիտէի նամակը.
«Յարգելի Կառավարիչ,
Ես Շուշան Բախբուդարեանն եմ, (Shoushan Baghboudarian) Հանրային ծառայութիւնների ոլորտի աշխատակիցների միջազգային միութեան՝ Հարաւային Կալիֆորնիայի Տեղական 721 (SEIU Local 721) Արհմիութեան համակարգող, եւ ներկայացնում եմ Լոս Անջելեսի վարչաշրջանում աշխատող 6000ից աւելի հայերի:
Հանրային ծառայութիւնների ոլորտի աշխատակիցների միջազգային միութեան տեղական Արհմիութեան շրջանակներում հիմնադրուել է Հայկական կոմիտէ, որի աշխատանքներում ակտիւօրէն ներգրաւուած են հայ անդամները:
Ես գրում եմ Լոս Անջելեսի վարչաշրջանի հայ աշխատակիցների անունից՝ ձեզ փոխանցելով նրանց ուղերձը՝ «Տանենք մեր երեխային աշխատավայր» ձեռնարկի օրուայ հետ կապուած, որ հովանաւորում է վարչաշրջանը:
Լոս Անջելեսի վարչաշրջանի ծագումով հայ անդամները/աշխատակիցները խորապէս հիասթափուած են «Տանենք մեր երեխային աշխատավայր» ձեռնարկի օրուայ ընտրութեան հարցում: Համոզուած եմ, որ դուք տեղեակ էք, թէ ինչ նշանակութիւն ունի Ապրիլի 24ը ողջ աշխարհի իւրաքանչիւր հայի համար:
Վարչաշրջանի հայ աշխատակիցները նաեւ իրենց զրկուած են համարում այդ ձեռնարկին մասնակցելուց եւ իրենց երեխաներին աշխատավայր բերելու առիթից: Այդ օրը հայ աշխատակիցները մասնակցելու են իրենց սիրելիների յիշատակի համար կազմակերպուող յիշատակութեան ձեռնարկներին, նրանց՝ ովքեր զոհուեցին Օսմանեան Կայսրութեան ջարդերի ժամանակ, եւ իւրաքանչիւր հայ անմասն չէ այդ Ցեղասպանութիւնից: Հետեւաբար, անյարգալից կը լինի նախնիների նկատմամբ, եթէ մենք չմասնակցենք մեր սիրելիների հոգիների համար աղօթքին:
Լոս Անջելեսի վարչաշրջանի հայ աշխատակիցների խնդրանքով, ես դիմում եմ ձեզ, որպէսզի դիտարկէք «Տանենք մեր երեխային աշխատավայր» ձեռնարկի օրուայ ամսաթիւը փոխելու հնարաւորութիւնը, ինչի արդիւնքում բոլոր աշխատակիցները կարող են մասնակցել իրենց երեխաների համար նախատեսուած կրթական ձեռնարկին եւ զրկուած չլինել այդ առիթից»: