ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Տնտեսութեան մասին չեմ խօսելու այսօր, եւ ո՛չ միայն նրա համար, որ ընդհանուր առմամբ, պատկերն անմխիթար է:
Ոմանց համար այս ակնարկը կարող է անորոշ թուալ, քանի որ ինքս էլ ինչ որ չափով անորոշութեան մէջ եմ, երբ հարցը վերաբերւում է Հայոց Մեծ Եղեռնի 100 ամեակը նշանաւորելու առիթին: Ինչպէ՞ս ենք նախապատրաստւում 2015 թուականի այս սուրբ տարելիցը նշանաւորելու: Այս ճանապարհին արձանագրուել են նկատելի յաջողութիւններ, ինչպէս նաեւ ցաւալի սխալներ են կատարուել: Ահա դրանցից մի քանիսը.
Բազմաթիւ երկրներ իրազեկ են դարձել Հայոց Ցեղասպանութեան փաստին, եւ պետական մակարդակով իրենց կեցուածքն են արտայայտել: Թոյլ տուէք այսուհետեւ գործածել Հայոց Ցեղասպանութիւն բառակապակցութիւնը՝ «Հայկական Ցեղասպանութեան» փոխարէն, քանի որ Ցեղասպանութիւնը հայկական չի կարող լինել, այն իրականացուել է մե՛ր տեսակի նկատմամբ, եւ պատկանելիութիւնն արտայայտող մասնիկն օգտագործելը իմաստային տեսանկիւնից տեղին չէ:
Հայկական պետութիւնն անցել է մեծ փորձութիւնների յորձանուտներով, եւ ժամանակ առ ժամանակ յայտնուել է անլուծելի թուացող թնջուկների առաջ: Նորաստեղծ պետութեան դիւանագիտութիւնը երբեմն փայլուն յաղթանակներ է գրանցել, իսկ երբեմն էլ սայթաքել, կապուած զանազան արտաքին եւ ներքին հանգամանքների հետ: Տնտեսական բնագաւառում լուծուել են որոշակի խնդիրներ, սակայն անլուծելի են մնացել բազմաթիւ հարցեր, այդ թւում՝ հայրենի եւ սփիւռքահայ դրամագլխի օրինական ներդրումների անխափան ներհոսքն ապահովելու գերխնդիրը:
Ամենամեծ յաղթանակներից մէկը կարելի է համարել այն, որ Թուրքիոյ լայն շրջանակների կողմից քննարկման առարկայ է դարձել Ցեղասպանութեան փաստը պետական մակարդակով բարձրացնելու հարցը՝ մի բան, որ տաբու էր 2 տասնամեակ առաջ: Սակայն թրքական ճկուն դիւանագիտութիւնը բարձր մակարդակով գործի է անցել, միջազգային թատերաբեմում համակարգուած ձեւով փորձելով «հարցը պատմաբանների քննարկման առարկայ սարքել»: Տարիներ առաջ իմ ակնարկներից մէկում շատերի հետ մէկտեղ ինքս էլ բարձրացրել եմ մի կենտրոնական մարմին ստեղծելու անհրաժեշտութեան հարցը, մարմին, որի որոշումները պիտի ուղղորդէին մեր՝ հասարակ մահկանացուներիս քայլերը Ցեղասպանութեան հարիւրամեակին նախորդող ժամանակաշրջանում, եւ դրանք ԱՆԵՐԿԲԱՅՕՐԷ՛Ն ՊԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԷԻՆ: Հարց էր բարձրանում, արդեօք այդ մարմինը պէտք էր ստեղծել Հայաստանո՞ւմ, Սփիւռքո՞ւմ, թէ միասնաբար: Եւ եթէ այսօր այդ մարմինը գոյութիւն ունի, ապա որտե՞ղ են նրա հրահանգները, մասնաւորապէս այն առումով, թէ ի՞նչ մարտավարութիւն ենք որդեգրելու առաջիկայ տարիներին:
Ինձ համարելով փոքրիշատէ տեղեակ լրագրող՝ խարխափում եմ պատասխանը որոնելիս, երբ հարց եմ տալիս, թէ 2015 թուականին, բացի Թրքական դեսպանատան առջեւ կատարուելիք բողոքի ցոյցից ու Հոլիվուդ պողոտայում կազմակերպուած աւանդական քայլարշաւից, ուրիշ ի՞նչ հրապարակային քայլեր են արուելու, որոնք առարկայական կը դառնան 100ամեակի նախաշեմին: Բազմաթիւ ձեռնարկներ են իրականացւում բազմաթիւ կազմակերպութիւնների կողմից՝ նուիրուած այս նպատակին, բայց որտե՞ղ է տարերայնութիւնից խուսափել թելադրող այն միասնական տեսլականը, որ պիտի համակարգի այս ամէնը մէկ հովանոցի ներքոյ: Ինչքանո՞վ է այս տեսլականը առարկայական՝ զգացականից հեռու, եւ ի՞նչ պէտք է անեն միլիոնաւոր աշխարհասփիւռ հայերն այս կապակցութեամբ:
Նրանք, ովքեր կարծում են, թէ շատ ժամանակ կայ, չարաչար սխալւում են: Այս աշխատանքները պէտք է սկսէինք դեռ 2 տարի առաջ: Բայց լաւ է ուշ, քան երբեք: Ազգային միացեալ մարմնի ստեղծման հրամայականը դրուած է, եւ հեղինակաւոր (ու անկաշառ) անձիք ու կազմակերպութիւնները պէտք է որ գործի լծուեն, այլապէս դժուար կը լինի դիմանալ հակադարձումներին:
Ֆինանսական յենարանի ստեղծման անհրաժեշտութիւնը եւս դառնում է հրամայական, քանի որ մեծ ծրագրերը մեծ ծախսեր են պահանջում: Բազմաթիւ գործարարներ միլիոնաւոր դոլարների ներդրումներ են կատարում հայամէտ ծրագրերի զարգացման ու իրականացման առումով, բայց դեռեւս սա՛ էլ տարերային բնոյթ է կրում, եւ զգացւում է համակարգման խիստ անհրաժեշտութիւն: Ո՞վ է տնօրինելու միջոցներ ստեղծելու եւ դրանք ըստ նպատակի յատկացնելու պատասխանատու (գուցէեւ ինչ որ տեսանկիւնից նաեւ անշնորհակալ) այս նախաձեռնութիւնը:
Առաջին հայեացքից երկրորդական թուացող, բայց բաւական կարեւոր մի առաջադրանք էլ ունենք, եւ սա իրականացւում է անհատական հողի վրայ: Բացատրեմ. Համացանցը հեղեղուած է անհատների կողմից Հայոց Ցաղասպանութեան հարցի քննարկման էջերով, որտեղ մեծ տեղ են գրաւում անհատական վիրաւորանքները, ամենավերջին հայհոյանքներով համեմուած: Շատ եմ հանդիպել, երբ իրեն անմասն ներկայացնող մի «հեղինակ» ցեխարձակում է կատարում հայերիս նկատմամբ, եւ դրան յաջորդում են բազմաթիւ հայորդիների ցասումն արտայայտող հակադարձումները, որոնցից շատերը փորձում են պատասխանը տալ ցեխարձակման ոճին նմանակելով: Եւ շարունակւում է հայհոյանքների շղթան… Այսպիսի «ճակատամարտերը» անարդիւնք են: Աւելի առարկայական կարելի է համարել այնպիսի «երկխօսութիւնները», որոնք դիմացինին մտածելու տեղիք են տալիս, եւ այդ առումով ինքս էլ եմ գրանցել աննշան, բայց հաճելի յաղթանակներ: Դրանցից վերջինը համացանցում պատահական երկխօսութիւնս էր մի թուրք կնոջ հետ, ով բնակւում է արեւելեան նահանգներից մէկում: Արուեստագէտ այս կինը փորձում էր ինձ ապացուցել, թէ 20րդ դարի դարասկզբին թրքական շահն էր թելադրել վարուել այնպէս, ինչպէս վարուեցին այն ժամանակ «անհնազանդների» նկատմամբ: Պարզ էր, որ նա ինձ էր ներկայացնում թրքական դպրոցում ուսումնասիրած իր պատմութեան դասերը: Ամէն ինչ փոշիացաւ այն ժամանակ, երբ նրան յայտնեցի, թէ մեծ մօրս գերդաստանից միայն մի քանի մարդ էր փրկուել, իսկ մնացածը սրի զոհ էին գնացել, այդ թւում՝ բազմաթիւ կանայք ու երեխաներ: Մեծ հօրս սպանութեան արդիւնքում մօրս ընտանիքը առաջ էր կանգնել այնպիսի դժուարութիւնների, որոնց հետեւանքների շարունակութիւնը կարելի էր զգալ տասնամեակներ յետոյ: Համբերատար ձեւով յորդորեցի, որ բացի թրքական դպրոցի այն ժամանակուայ «դասերից», հարկաւոր էր նաեւ այլ աղբիւրներ ուսումնասիրել, եւ համադրելով այս ամէնը՝ պատասխանել մի քանի հարցերի. Որտե՞ղ են նախորդ դարասկզբին Թուրքիայում բնակուող միլիոնաւոր հայերն այսօր, որտե՞ղ է նրանց միլիարդներ արժող անշարժ գոյքն ու ունեցուածքը (քանի որ Թուրքիոյ տարածքում հայ գործարարներն ու արհեստաւորները զգալի հարստութեան տէր էին դարձել իրենց շնորքի եւ հնարամտութեան արդիւնքում. այս մասին նոյնիսկ թրքական մամուլն է գրում), քանի՞ հայ է այսօր բնակւում Թուրքիայում, եւ ինչո՞ւ այդքան ստուար թուաքանակով: Վերջապէս, ինչո՞ւ նահատակուեց Հրանտ Դինքը:
Հարցերիս մեծամասնութիւնը անպատասխան էին մնում, սակայն իմ թուրք զրուցակիցը այս դէպքից յետոյ ժամանակ առ ժամանակ ինձ տեղեակ էր պահում, թէ որքա՛ն հիացած է այս կամ այն հայկական երգով, եւ նոյնիսկ մէկ անգամ ինձ տեղեկացրեց, թէ ընկերներից մէկի թելադրանքով ձեռք էր բերել «Մուսա Լերան Քառասուն Օրը» վէպը, եւ ուսումնասիրում է այն: Էլ ի՞նչ կարող էի սպասել իրենից: Բայց սա անհատական հողի վրայ գրանցուած մի փոքրիկ յաղթանակ էր, որ պէտք է բազմապատկել միլիոններով: Ապրիլեան այս օրը, 3 տարի յետոյ, ի՞նչ է սպասում մեզ: Ինչպէ՞ս ենք դրսեւորելու ինքներս մեզ մեր խղճի, աշխարհի առաջ: Արդեօք բաւակա՞ն է միայն յիշատակը վառ պահելով շարունակել մեր կեանքը: Հարց եմ տալիս մեր ազգային առաջնորդներին. բացի քայլարշաւներին մասնակցելուց, ի՞նչ անեն աշխարհի բոլոր անկիւններում բնակուող հայրենակիցները, որոնց հոգիները դեռ մռմռում են, երբ յիշում են իրենց պապերի գլխին պայթած արհաւիրքը: Հարցը ցաւոտ է, բայց պահի հրամայականը պահանջում է անյապաղ պատասխան: Բոլորիս անունից խնդրում եմ՝ պատասխանէ՛ք: