Ո՜վ արդարութեան թլուատուած լեզու,
Թոթովում ես դու շուրթերով ահի,
Ափսո՜ս տխրաքօղ նենգախօսութեամբ,
Դարձել ես չարի՝ լեզուն մայրենի:
Որպէս կեղծիքի ուրոյն բարեկամ,
Որպէս գթութեան անզարդ թշնամի,
Այսպիսի վարմունք՝ աւանդակորուս,
Ո՞ւմ հոգում արդար զայրոյթ չի ծնի:
Հիմա լռակեաց շուրթերով քո չոր,
Չես ուզում խօսել անմեղի լեզուով,
Ընկել ես դաժան նիւթի քաոսում,
Սնւում ես չարի՝ մահաթոյն շնչով:
Խիղճը ուսերիդ մեծ բեռ է դրել,
Իր հոգու թշուառ դռները բացած,
Յոյսերի թելը շատ է բարակել,
Եղի՛ր հաւատի մարմնացած երազ:
Դու ունես բոլոր հնարներն ազատ,
Լացը խնդութեան՝ արցունք դարձնելու,
Նախապարգեւեալ իրաւասութեամբ,
Անեղծ երազը յոյսով թրծելու:
Սակայն, իրաւունք՝ չունես լռելու,
Իրաւունք չունես՝ դու երկմտելու,
Չի՛ կարող լինել՝ չարն անաչառ,
Սուրբը անողորմ, սին ու անիրաւ:
Ո՜վ արդարութեան կարկամած լեզու,
Թոթովում ես դու շուրթերով վախի,
Մի թողնի՛ր կորզեն հաւատդ լուսէ,
Խօսի՛ր հարազատ՝լեզուով մայրենի:
ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ
ԲՈՍԴՈՆ