ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ

Պարոն նախագահ,
Ամերիկան իմ սերնդի համար աշխարհի խիղճն էր, արդարութեան, բարութեան, ճշմարտութեան օրէնսդիրը: Չէ՞ որ մենք ծանօթ էինք մեծ նախագահների փիլիսոփայութեանն ու գործերին, սկսած Աբրահամ Լինկոնից եւ վերջացրած Թէոդոր Ռուզվելտով: Մենք հաւատո՛ւմ էինք նրանց, յոյս տածում ու սպասում:
Իմ սերունդը դաստիարակւում եւ որպէս անհատ ձեւաւորւում էր՝ կարդալով Բիչեր Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը», Մարկ Տվեյնի, Լոնգֆելլոյի, Հեմինգուէյի, Սարոյեանի, æեկ Լոնդոնի եւ միւս մեծերի ստեղծագործութիւնները: Մեզ համար նրանք բարու, մարսադիրութեան, արդարութեան սերմնացաններ էին: Մենք սովորում էինք նրանցից, բայց…
Նահանգներում իշխանութեան են գալիս մարդիկ, որոնց, ըստ երեւոյթին, օտար են իրենց իսկ վսեմ իդեալները, իրենց իսկ արժէքները: Նախագահներ, որոնք խոստանում եւ չեն կատարում, այլ կերպ ասած՝ խաբում են ամբողջ ժողովրդի: Չէ՞ որ նրանք բոլորն էլ գիտեն, բայց դէ յուրէ չեն հաստատում անցած հարիւրամեակի 15 թուականին հայերի ցեղասպանութեան փաստը: Ինչո՞ւ:
Պարոն նախագահ, հայերը՝ հայեր, բայց ձեր ժողովուրդն ու մոլորակի մարդիկ տեսնում են, որ դուք խոստացաք ու չկատարեցիք: Եւ ինչպէ՞ս դա անուանել: Սո՞ւտ: Ներեցէք: Այո՛, սովորական սուտ: Այլ կերպ չե՛ս անուանի: Ի՞նչ օրինակ էք տալիս դուք ձեր հասարակ համաքաղաքացիներին եւ աշխարհի ազնիւ մարդկանց…
Իսկական տղամարդիկ այդպէս չեն վարւում…
Հասկանալի է, դուք առաջնորդւում էք ձեր շահերով, դուք՝ աշխարհի հզօրներ: Եւ այսօր հարց եմ ուղղում ձեզ. դէ, իսկ ի՞նչ կ՛ասէք փոքր ժողովուրդների շահերի մասին, ո՞ւր կը հրամայէք նրանց կորչել եւ ի՞նչ անել այս ստախօս աշխարհում, առանց բարոյականութեան, ազնուութեան: Եւ ո՞ւր էք տանում մարդկութեանն ընդհանրապէս:
Պարոն նախագահ, մենք՝ հայերս, անասելի ուրախ էինք ձեր ընտրուելու առիթով. թէ՞ որ ձեր նախնիները նոյնպէս անցել են ստրկութեան մղձաւանջի միջով: Մենք յուսով էինք, թէ դուք պիտի հասկանայիք այն ժողովրդին, որը հինգ դար շարունակ հեփեծել է թուրքերի լծի տակ, որոնք հրէշաւոր գազանութիւններ գործեցին, վճռելով ոչնչացնել, երկրի երեսից ջնջել ողջ հայութեանը: Այո, այո, դա ցեղասպանութիւն է:
Պարոն նախագահ, խնդրում եմ՝ կարդացէք ձեր հայրենակցի, ամերիկացի դասական æէյմս Բոլդուինի ասոյթը. «Անթոյլատրելի է միայն այն, որ աւերածութեան եւ մահուան մեղաւորները մնան անպատիժ: Հենց անպատժելիութիւնն է յանցաքները ծնում» («Նամակ զարմիկին»): Մի՞թէ դուք մեծ տէրութեան ղեկավարը չէ՞ք: Մի՞թէ դուք չէ, որ պիտի օրինակ ծառայէք մնացեալ աշխարհի համար: Ազնուութեան, ճշմարտութեան, բարոյականութեան, առաքինութեան, վերջապէս մարդկայնութեան օրինակ: Արժանի եղէք մեծ ամերիկացիների իտեալներին: Միայն ճշմարտութի՛ւնը կարող է փրկել աշխարհը: Մենք շարունակում ենք հաւատալ ձեզ:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆի հետ կարելի է կապուիլ գրելով՝ hamazgayin@sostheatre.am հասցէին: