Շարունակելով գաղութիս հայրենակցական եւ հասարակական կազմակերպութիւնների հետ հանդիպումների շարքը՝ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի Հանրային կապի յանձնախումբը հանդիպում ունեցաւ Քեսապի ուսումնասիրաց միութեան վարչութեան հետ, Ռեսիդա քաղաքում գտնուող միութեան կենտրոնատեղիում: Հանդիպմանը մասնակցում էին միութեան վարչականներ Եսթեր Չէլէպեան-Թոկնոզին, Վարդան Փօլատեանը, Սողոմոն Փօլատեանը, Անահիտ Եարալեան-Մարճանեանը, Հրաչ Մարճանեանը, ինչպէս նաեւ Հանրային կապի յանձնախմբի ատենապետ Րաֆֆի Կիւրիւնեանը, յանձնախմբի անդամներ Սիրան Արթինեանը, Յարութ Մատէնեանը, Անդրանիկ Աբրահամեանը եւ յանձնախմբի գրասենեակի պատասխանատու Սարօ Նազարեանը:
Բարիգալստեան խօսքով հանդիպումը բացուած յայտարարեց ատենապետուհի Եսթեր Չէլէպեան-Թոկնոզին՝ հակիրճ տեղեկութիւններ տալով միութեան անցեալի եւ գործունէութեան մասին: Իր հերթին շնորհակալական խօսք ասաց յանձնախմբի ատենապետ Րաֆֆի Կիւրիւնեանը, նշելով, որ գաղութիս հայրենակցական միութիւնների ու կազմակերպութիւնների հետ Հանրային կապի յանձնախմբի ձեռնարկած հանդիպումների գլխաւոր նպատակն է՝ ծանօթանալ այդ միութիւնների աշխատանքներին, տեղեկանալ նրանց ձեռքբերումների ու դժուարութիւնների մասին եւ համագործակցութեան ծաւալմամբ փորձել ըստ հնարաւորին՝ սատար հանդիսանալ միմեանց աշխատանքների յաջողութեանը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մտքերի լայն փոխանակումներ, եւ միութեան վարչականները տեղեկութիւններ հաղորդեցին միութեան անցեալի ու ներկայի իրագործումների մասին:
Քեսապի ուսումնասիրաց միութիւնը հիմնուել է 1910 թուականին, Սիրիայի Քեսապ գիւղաքաղաքում: 2010ին յատուկ հանդիսութիւններով նշուել է միութեան 100ամեակը՝ ինչպէս Քեսապում, այնպէս էլ Սփիւռքի միւս գաղթօջախներում, այդ թւում նաեւ՝ Լոս Անջելըսում: Միութեան լոսանջելըսեան մասնաճիւղը հիմնուել է 1957ին, մի խումբ քեսապցիների ջանքերով: Միութեան նպատակն է համախմբել լոսանջելըսաբնակ քեսապցիներին՝ աւանդական սովորութիւններն ու ծէսերը պահպանելու եւ նոր սերնդին փոխանցելու համար: Միութիւնը նաեւ ամէն տարի նիւթական օգնութիւն է տրամադրում Քեսապի երեք կրթօջախներին: Քեսապում ապրում է շուրջ 2000 հայ:
Ինչպէս յայտնեցին վարչութեան անդամները, Կալիֆորնիայի նահանգում ներկայուս ապրում են շուրջ 600 քեսապցի ընտանիքներ, որոնց մեծ մասը համախմբուած է Լոս Անջելըսում: Միութեան մէջ գործում են երիտասարդական, մշակութային եւ ընկերային յանձնախմբերը, որոնք տարուայ ընթացքում ունենում են ձեռնարկներ՝ մասնաւորաբար Ս. Ծննդեան, Ս. Զատկուայ եւ Ս. Աստուածածնի տօների առիթներով:
Միութիւնն ամէն տարի հրատարակում է իր տարեգիրքը, որում տեղեկութիւններ են հաղորդւում միութեան եւ քեսապահայութեան կեանքի մասին, ինչպէս նաեւ հասցէների յատուկ բաժին է յատկացւում Միացեալ Նահանգներում, Կանադայում եւ Աւստրալիայում ապրող քեսապցիների մասին:
Միութեան այլ հրատարակութիւնների շարքում կարելի է նշել «Քեսապն Ու Քեսապցին» երկլեզու ծաւալուն հատորը, որը լոյս է տեսել միութեան հիմնադրման 100ամեակի առթիւ:
(Հաղորդագրութիւնը՝ Հանրային Կապի Գրասենեակի կողմից)