Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս, Կիրակի, Ապրիլ 29ին, Միշըն Հիլզի «Արարատ» տան «Տէօքմէճեան» սրահում տեղի ունեցաւ Հայոց Պատմութեան Ժամանակացոյցին նուիրուած զարգացման մրցում (Armenian History Timeline), որին մասնակցում էին հայկական բոլոր վարժարանների Ը. կարգի աշակերտները:
Յակոբ եւ Մերիլին Արշակունիների պատրաստած «Armenian History Timeline» հատորի հիման վրայ կազմակերպուող այս մրցոյթի համար, ամիսներով պատրաստուել էին Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի չորս մասնակից աշակերտներ՝ Նարեկ Քուշերեան, Դաւիթ Ասատրեան, Արմինէ Կալպաքեան եւ Դալար Օհանեան, իրենց ուսուցիչների՝ Սոնա Մատարեանի եւ Միգանուշ Մելքոնեանի առաջնորդութեամբ:
Խումբը, որը բաղկացած էր «Փոլիպոս»ի Ը. Կարգի գերազանցիկ աշակերտներից, մեծ խանդավառութեամբ ու նուիրուածութեամբ աշխատում էր իր բոլոր ազատ պահերին, լինեն դրանք նախաճաշի թէ ճաշի դասամիջոցներ, դպրոցի ժամերից յետոյ եւ նոյնիսկ արձակ օրերին: Արդիւնքը, բնականաբար, չէր կարող այլ լինել քան մրցոյթի ախոյեանութիւնը: Նշելի է, որ ողջ 8րդ դասարանը մեծ ոգեւորութեամբ հետեւում էր իր չորս ներկայացուցիչների յառաջընթացին: Դասարանում կազմակերպւում էին ներդասարանային մրցումներ, ուր դասընկերներն էին հարցեր ուղղում չորս մասնակիցներին: Նրանք նաեւ այցելում էին աւելի փոքր դասարաններ, նրանց ներկայութեամբ փորձեր կատարում՝ խրախուսելու համար գալիք տարիների մրցոյթին մասնակցելու պատրաստակամ աշակերտներին:
Զարգացման մրցոյթի օրը, աշակերտները իրենց ուսուցիչների ու ծնողների հետ ներկայ էին «Արարատ» տան «Տէօքմէճեան» սրահում, կազմ ու պատրաստ, մի քիչ լարուած ու մտահոգ, բայց ինքնավստահ: Մինչեւ մրցոյթի վերջին վայրկեանը, բոլոր մրցակիցներն էլ սրտատրոփ սպասում էին, թէ ո՛վ պիտի հանդիսանայ ախոյեանը այս թէժ մրցոյթին: Ամէն մի հարցումով, «Փիլիպոս»ը մի քայլ, մի նիշ առաջ էր անցնում կամ յետ ընկնում մրցակիցներից, որոնք նոյնպէս շատ լաւ էին պատրաստուած: Մրցոյթի առաջին բաժինն աւարտուեց, երբ «Փիլիպոս»ն հաւաքել էր 65, իսկ մրցակից դպրոցը 66 նիշ: Երկրորդ կէսն աւարտուեց «Փիլիպոս»ի յաղթանակով: 113 հնարաւոր նիշերից «Փիլիպոս»ն ստացաւ 105 նիշ՝ տիրանալով 2012ի «Հայոց Պատմութեան Ժամանակացոյց» զարգացման մրցումի առաջին մրցանակին, ապա 104 նիշով «Ֆերահեան»ը՝ երկրորդին, իսկ 103 նիշով «Յովսէփեան» վարժարանը՝ երրորդին: Աշակերտները խանդավառութեամբ քաջալերում էին իրենց մրցակիցներին, քանի որ նրանք ամենալաւը գիտէին, թէ որքա՜ն երկարաշունչ ու ծանր աշխատանք է պէտք նման արդիւնքներ ձեռք ձգելու համար:
Մրցոյթի ախոյեանները ապա բեմ հրաւիրուեցին ստանալու համար իրենց վկայականները, բաժակը եւ 1000 տոլար արժողութեամբ դրամատոմսը, որը յատկացւում է յաղթող դպրոցին:
Շնորհաւորում ենք Նարեկին, Դաւիթին, Արմինէին եւ Դալարին, իրենց այս յաղթանակի համար, եւ մաղթում, որ նրանք դեռ նորանոր վերելքներ նուաճեն իրենց կրթական կեանքում: