
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն հրապարակած է յայտարարութիւն մը, ուր կը յայտնէ կուսակցութեան որոշումը՝ թիկունք կանգնելու Բակօ Սահակեանի թեկնածութեան՝ երկրորդ անգամ Արցախի նախագահ ըլլալու իր ընտրապայքարին:
Ստորեւ կը ներկայացնենք յայտարարութեան բնագիրը՝ ամբողջութեամբ.
ԼՂՀ նախագահական ընտրութիւնների շեմին պահն է հասել անցած հինգ տարիներին ԼՂՀի ունեցած յաջողութիւններն ու անյաջողութիւնները վերաիմաստաւորելու եւ դրանց շուրջ մտորելու:
Անշուշտ կան ձեռքբերումներ, առաջընթաց, բարոյահոգեբանական մթնոլորտի նոր որակ: Հինգ տարիների ընթացքում համատեղ ջանքերով կարողացել ենք իրականացնել ԼՂՀ Սահմանադրութիւնից բխող օրէնսդրական բարեփոխումներ, տեղի է ունեցել իշխանութեան թեւերի տարանջատում, խորացել են զսպման եւ հակակշռման մեխանիզմները, որի հետեւանքով առաջընթաց է գրանցուել կոռուպցիայի եւ կաշառակերութեան դէմ պայքարում, իրականացուել է նպատակաուղղուած քաղաքականութիւն սոցիալական ոլորտում եւ տնտեսական զարգացման ուղղութեամբ, Արցախի արտաքին քաղաքականութեան ասպարէզում դրսեւորուել է հայանպաստ կարծր կեցուածք:
Սակայն նկատելի են նաեւ լուրջ բացթողումներ ու չիրականացած խոստումներ: Մեր առջեւ ծառացած հիմնախնդիրների յաղթահարումը մեզնից պահանջում է վերափոխելու երկրում ստեղծուած քաղաքական համակարգը: Անհրաժեշտ է որդեգրել նոր սկզբունքներ եւ ցուցաբերել նոր մօտեցումներ: Համոզուած ենք, որ միասնական ջանքերով հնարաւոր կը լինի պահպանել այն վստահութիւնն ու ոգեւորութիւնը, որին ականատես եղանք նախորդ նախագահական ընտրութիւնների նախաշեմին:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն բազմակողմանիօրէն քն-նարկելով ԼՂՀ առաջիկայ նախագահական ընտրութիւնների հարցը եւ անցկացնելով զանազան խորհրդակցութիւններ, որոշում է կայացրել նախագահական ընտրութիւններին սատարել ԼՂՀ գործող նախագահ Բ. Սահակեանին: Համոզուած լինելով, որ չի սպառուել միասնական ջանքերով աշխատելու հնարաւորութիւնը եւ վստահ լինելով, որ Բ. Սահակեանը կը դրսեւորի հարկ եղած վճռակամութիւն եւ քաղաքական կամք՝ յաղթահարելու երկրի զարգացմանն արգելակող բոլոր խոչընդոտները:
Ցաւով պէտք է յայտնել, որ չնայած անցեալ տասը տարիների համատեղ գործակցութեան, նախագահի թեկնածու Վ. Բալասանեանի հետ մեր համագործակցութիւնը դադարեցւում է՝ չկայացած համաձայնութիւնների պատճառով:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն ակնկալում է, որ Բ. Սահակեանը հաւատարիմ կը մնայ հետեւեալ սկզբունքներին, որով եւ պայմանաւորուած կը լինի մեր յետագայ համագործակցութիւնը.
1. Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում ոչ մի դէպքում չցուցաբերել զիջողական կեցուածք ԼՂՀ Սահմանադրութեամբ ամրագրուած մեր ժողովրդի իրաւունքների իրականացման հարցում:
2. Համազգային եւ ռազմավարական նշանակութիւն ունեցող հարցերի առընչութեամբ ԼՂՀ պաշտօնական դիրքորոշումը քննարկել ԼՂՀ գործող բոլոր քաղաքական ուժերի մասնակցութեամբ:
3. Քաղաքական եւ տնտեսական ոլորտներում խուսափել խտրական մօտեցումներից՝ ապահովելով օրէնքի գերակայութիւնը:
Հարկ է նշել, որ ՀՅԴ Արցախի ԿԿն իր աջակցութիւնն է յայտնում գործող նախագահին, նկատի ունենալով միջազգային եւ տարածաշրջանային իրադարձութիւնները, որի արդիւնքում օր առաջ անհրաժեշտութիւն է դառնում համայն հայութեան ուժերի լարումն ու միասնական կամքի դրսեւորումը, ինչպէս նաեւ ԼՂՀ Նախագահի խորհրդանշական դերն ու ազդեցութիւնը համահայկական հարցերի ուղղութեամբ՝ դրսեւորելով հայ ժողովիդի պահանջատիրական կեցուածքը: