
ԵՐԵՒԱՆ, «ԹերԹ».- Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական երգիծական պետական թատրոնին մէջ 25 Յուլիսին վերջին հրաժեշտ տրուեցաւ հայ շարժապատկերի նշանաւոր վարպետներէն մէկուն՝ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արուեստագէտ Գալիա Նովենցին:
Հանրածանօթ դերասան Ազատ Գասպարեան «Թեր»չի հետ ունեցած զրոյցին ընթացքին նշեց, որ վերջին անգամ Գալիա Նովենցը տեսած է նոյն թատրոնին մէջ:
«Այստեղ նրան տեսայ, երբ նա «Տարօրինակ միսիս Սեւիջը» խաղաց: Ես մասնակից էի, բայց իբրեւ հանդիսատես: Վայելեցի, դա անկրկնելի դերակատարում էր, բոլորն ապշած էին, թէ Գալիան ինչո՞ւ է այսպէս: Մի ուրիշ որակով հանդէս եկաւ, երեւի նախախնամութիւն էր եւ զգում էր, որ վերջին անգամ է խաղում: Եւ այսօր՝ այս նոյն բեմից ճանապարհում ենք Գալիա Նովենցին», ըսաւ ան:
Հայ շարժապատկերի եւ թատրոնի պատմութեան մէջ մեծ դերասանուհիին մարմնաւորած կերպարներէն իբրեւ բացառիկ նմոյշ Ազատ Գասպարեան առանձնացուց անոր կերտած մօր կերպարները:
«Հրաշալի մի անձնաւորութիւն, տաղանդաւոր մարդ՝ իր անկեղծութեամբ, իր անմիջականութեամբ եւ իր անկրկնելի մօր կերպարներով: Հայ կինօ արուեստի պատմութեան մէջ՝ մեր Յասմիկ դերասանուհուց յետոյ, այդպիսի բարութիւն, այդպիսի կերպար չի կերտուել եւ, հաւանաբար, չի լինի: Գալիայի տեսակն է, որ շատ կարեւոր է՝ բեմում եւ էքրանին միշտ ստեղծագործող: Իբրեւ մարդ՝ ճառագում էր իր բարութեամբ, մաքրութեամբ», ներկայացուց դերասանը:
Ազատ Գասպարեան նշեց, որ Գալիա Նովենցի հետ դերասանութիւն կատարելու բախտ ունեցած է ե՛ւ թատրոնի մէջ՝ «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացման մէջ, ե՛ւ շարժապատկերի՝ «Մեր օրերի երգը», «Մեր մանկութեան թանկոն», «Ճերմակ անուրջներ» ժապաւէններուն մէջ:
Ժողովրդական արուեստագէտ Գուժ Մանուկեան «Թեր»չի թղթակիցին հետ զրուցելու ատեն յայտնեց, որ իրեն համար հպարտութիւն է ըսել, թէ ինքն ու Գալիա Նովենցը 58 տարուան ընկերներ են:
«Ես եւ Գալիան զարմանալի կերպով ընդունուեցինք ինստիտուտ՝ Աճեմեանի քուրս՝ մէկ ամիս ուշացումով: Մենք էինք, որ միայն ուշացած ընդունուեցինք, նստեցինք իրար կողքի, եւ այդպէս սկսուեց մեր ուսանողական կեանքը: Աւարտեցինք, միասին գնացինք Կապան, այնտեղի թատրոնում կրկին միասին աշխատեցինք: Յետոյ ես եկայ Երեւանի Հրաչեայ Ղափլանեանի անուան դրամատիկական թատրոն, որից յետոյ Գալիան նոյնպէս եկաւ դրամատիկական, յետոյ արդէն ճակատագրերը մեզ բաժանեցին», յիշեց դերասանը:
Գուժ Մանուկեան նշեց, որ Գալիա Նովենց իր կերպարները լաւագոյնս կը կերտէր շարժապատկերներու մէջ:
«Գալիան բեմում սկզբնական շրջանում լարուածութիւն ունէր, կինոն նրան բացեց եւ պատահական չէ, որ հայ մօր կերպարը Գալիան իւրովի ներկայացրեց: Խօսքս Ալբերտ Մկրտչեանի նկարահանած «Մեր մանկութեան թանկոն»ի մասին է», դիտել տուաւ Մանուկեան:
Խօսելով Գալիա Նովենց ընկերոջ մասին՝ Գուժ Մանուկեան նշեց, որ ան մեղմ էր, բարի, բոլորին հասնելու պատրաստակամ. «Կարծում եմ, որ այն դժբախտութիւնները, որ իր կեանքում կատարուեցին, ինչ-որ տեղ ազդեցին նրա առողջութեան վրայ: Նա այնքան փխրուն էր, որ դժուար էր պատկերացնել, թէ դրանք կը շրջանցեն նրան»:
Գուժ Մանուկեանի համաձայն, թէեւ իրենք միշտ միասին էին՝ յատկապէս երիտասարդական տարիներուն, սակայն շարժապատկերի աշխարհին մէջ խաղընկերներ չդարձան:
«Միասին խաղացել ենք մի քանի ֆիլմերում, սակայն չենք եղել անմիջական խաղընկերներ: Իսկ Կապանի թատրոնում՝ 1958ին, միասին խաղացել ենք «Նոյն յարկի տակ» ներկայացման մէջ», ըսաւ ան:
Դերասան Արմէն Սանթրոսեան նոյնպէս բախտ ունեցած է թատերական կեանքը բաժնեկցելու Գալիա Նովենցի հետ: «Մէկ անգամ եմ մեր թատրոնում նրա հետ նոյն ներկայացման մէջ խաղացել: Յիշողութիւններս արտակարգ են, ե՛ւ որպէս դերասանուհի, ե՛ւ որպէս մարդ, համաշխարհային մասշտաբի դերասանուհի էր», ըսաւ ան:
Արմէն Սանթրոսեան դերասանուհին կը յիշէ իբրեւ ինքնամփոփ, զուսպ, հաւասարակշռուած, խոհեմ, իմաստուն անձնաւորութիւն։
«Նրանից ոչ մի կոպիտ, բարձր ձայն չէիր լսի, որ ինչ-որ մէկին վիրաւորէր, գոռոզանար. այդպիսի բան չկար: Եթէ դերի հետ կապուած մի նկատողութիւն անում էր, այնպիսի կիրթ ու նուրբ ձեւով էր դա անում, որ յանկարծ չվիրաւորի դիմացինին: Չգիտեմ, այդպիսի դերասաններ կը լինե՞ն, թէ ոչ. մի քիչ կասկածում եմ, որովհետեւ նա որպէս դերասանուհի եւ որպէս մարդ ինձ համար չափանիշ է», ըսաւ Արմէն Սանթրոսեան: