Տնտեսական աշխարհի նորութիւնները մտահոգիչ են: Այս ընդհանուր պատկերի ֆօնի վրայ երկու կարեւոր իրադարձութիւն է գծագրւում՝ Եւրոպայում առկայ ընթացիկ տնտեսական վիճակը, որ միտում ունի ճգնաժամ դառնալու՝ իր ետեւից տանելով մնացեալ վատառողջ եւ ապաքինուող երկրների տնտեսութիւնները, եւ այսպէս կոչուած fiscal cliff երեւոյթը, որի մասին նշել եմ նախորդ յօդուածների ընթացքում: Յիշեցնեմ, թէ եթէ Միացեալ Նահանգների պատասխանատու շրջանակները չկարողանան որոշում ընդունել, թէ ինչ հարկային մարտավարութիւն պիտի որդեգրեն մինչեւ ընթացիկ տարուայ աւարտը, ապա մեր երկրին սպասւում է նոր, աւելի վտանգաւոր ճգնաժամ: Այսօր հիմնականում կ՛անդրադառնամ Եւրոպայում առկայ իրավիճակին: Մուդիս Ինվեսթըրզ Սըրվիս վարկանիշային հեղինակաւոր ընկերութիւնը զգուշացրել է, թէ Եւրոպական առաջադէմ երկրների՝ Գերմանիայի, Նիդերլանդների եւ Լիւքսեմբուրգի տնտեսութիւնների վարկանիշները կարող են նուազել, քանի որ վերջիններս սերտ հանգոյցներով կապուած են թոյլ տնտեսութիւնների վզին ծանրացած պարտքերի հետ: Արդիւնքում այս առաջաւոր երկրները նախկին թափով չեն կարողանայ օգնել կաղացող երկրներին, քանի որ նախ եւ առաջ ստիպուած պիտի լինեն իրենց հարցերը լուծելու: Յիշեցնեմ, թէ անցեալ Փետրուարին Մուդիզը իջեցրել էր Ֆրանսիայի եւ Աւստրիոյ վարկանիշները:
Վարկանիշի իջեցումը սովորաբար բերում է վարկերի տիկոսների բարձրացմանը, որի արդիւնքում Յունաստանին, Իսպանիային, Իրլանդիային,Պորտուգալիային տրուած պարտքերի տոկոսները կարող են հասնել այնպիսի մի կէտի, որ այս երկրները ի վիճակի չեն լինի կատարել իրենց վրայ վերցրած պարտականութիւնները: Մուդիզի գրասենեակից տեղեկացրել են, թէ «եւրոպական օրէնսդիրների յետփաստեայ «ռէակտիւ» եւ աստիճանական գործողութիւնների արդիւնքում տառապում է եւրագօտու ընդհանուր վիճակը, յաղթահարելու առկայ իրավիճակը»: Արդիւնքում արւում է ընդամէնը այնքան, որ անմիջական օրհասական վիճակից խուսափող միջոցներ են վաւերացւում, որոնք բաւարար չեն երկարաժամկէտ լուծումներ տալու: Շատ տնտեսագէտներ կարծում են, թէ այս վերջին նկատողութեան նպատակն է դրդել Գերմանիայի կանցլեր (վարչապետ) Անգելա Մերկելին աւելի կտրուկ միջոցներ ձեռնարկել, փրկարար տնտեսական միջոցները կարիքաւոր պետութիւններին տրամադրելու առնչութեամբ: Գերմանիայի քաղաքական շրջանակներում տիրում է այնպիսի տրամադրութիւն, թէ օգնութիւնն այլոց անիմաստ է, եւ հարկ է, որ օգնութիւն հայցող տնտեսութիւնները խիստ օրէնքներ որդեգրեն, իրենց ճգնաժամը յաղթահարելու առիթով: Գերմանիայում արդէն չեն թաքցնում, թէ իրենք կ՛ուզեն Յունաստանին տեսնել եւրագօտու սահմաններից դուրս: Ամենաբարձր ատեաններից հնչել է այն կարծիքը, թէ Յունաստանի ելքը ոչ մի հետեւանքով չի անդրադառնայ գերմանացիների կենսակերպի վրայ:
Նմանօրինակ պատկերի արդիւնքում տնտեսագէտները վկայում են, թէ Ռուսաստանի տնտեսութիւնը կարող է ամենամեծ հարուածը ստանալ: Նախ, տնտեսական վայրէջքի արդիւնքում
օգտակար հանածոների, այդ թւում նաւթի արժէքը նուազել է, իսկ Ռուսաստանը հանածոների խոշոր արտահանման արդիւնքում է կարողանում իր «շնչառութիւնը» կարգաւորել: Նաեւ, Ռուսաստանի արտաքին վալիւտայի (արտարժոյթի-Խմբ.) 40 տոկոսը եւրոյով է, հետեւաբար, եւրոյի տատանումները բացասաբար են անդրադառնում ռուսական տնտեսութեան վրայ՝ նախագահ Պուտինը յայտարարել է, թէ չի պատրաստւում երկրի արտաքին պահուստի այս հսկայական ծաւալը մէկ այլ դրամանիշով փոխելու: Այսպիսի զարգացումների դէպքում բացասական պատկեր է գծագրւում նաեւ այն երկրների համար, ովքեր ինչ որ չափով սնւում են ռուսական կերակրամանից: Այդպիսիների թւում է նաեւ Հայաստանը: Հայաստանից Ռուսաստան աշխատանքի գնացածների թիւը հարիւր հազարների է հասնում: Նրանց ամսական փոխանցումներով բազմաթիւ մարդիկ Հայաստանում կարողանում են իրենց գոյութիւնը պաշտպանել: Ռուսաստանի տնտեսական թուլացումը այս մարդկանց մի զգալի մասին ետդարձի կը ստիպի, առանց գոյութեան միջոցի՝ աշխատանքի:
Նրանք, ովքեր մտածում են, թէ աշխարհի մի մասի տնտեսութեան անկումը որեւէ կերպ չի անդրադառնայ իրենց բարօրութեան վրայ, չարաչար սխալւում են: Նախկինում ե՛ւս նշել եմ, որ այսօր բոլորս անտեսանելի թելերով կապուած ենք միմեանց հետ: Ժամանակները այնպէս են փոխուել, որ մէկի դժբախտութիւնը անխուսափելիօրէն տարածւում է միւսների վրայ՝ վաղ թէ ուշ: Սա ճշմարիտ է նաեւ անձնական մակարդակի վրայ: Հարեւանի աղքատութիւնն ու թշուառութիւնը ոչ մի լաւ բան չի խոստանում բարեկեցիկ հարեւանի համար, անցանկալի ելեւէջներից շատ դժուար կը լինի խուսափել, երբ մարդն իր առջեւ ելք չի տեսնում:
Աւելի քան մէկ տասնամեակ տեւած ցոփ ու շուայտ կեանքը աշխարհի գլխին կարող է թանկ նստել: