ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆԵԱՆ

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայութեան ղեկավար Յովհաննէս Յովսէփեանը բազմիցս յայտնուել է մամուլի ուշադրութեան կենտրոնում: Ըստ տարբեր հրապարակումների, նա անշարժ գոյքի «սիրահար» է եւ շատ է սիրում հարազատների անուններով բնակարաններ գնել: Վերջերս «Հետք»ն անդրադարձել էր Յ. Յովսէփեանի ու նրա հարազատների կողմից Արամի 72-80 հասցէների նորակառոյցներում ձեռք բերած բնակարանների պատմութեանը:
Այսպէս՝ նախագահի վերահսկողութեան ծառայութեան պետի բարեկամներից Գոռ Յակոբեանը նշուած հասցէներում ունի մէկական բնակարան ու աւտոտնակ, Վահագն Ատոմեանը՝ մէկական բնակարան ու աւտոտնակ, Ռոբերտ Մանուկեանը՝ 2ական բնակարան ու աւտոտնակ, Պօղոս Մկրտչեանը՝ 3ական բնակարան ու աւտոտնակ, եւ Ջուլիետա Ջոկլինեանը՝ 3ական բնակարան ու աւտոտնակ:
Յովհաննէս Յովսէփեանի քոյրը՝ æեննի Յովսէփեանը, ունի 3 բնակարան եւ նոյնքան աւտոտնակ: Վերջինիս ամուսնու՝ Մհեր Բիշարեանի անունով գրանցուած են 2ական բնակարան եւ աւտոտնակ, Յովսէփեանի քրոջ սկեսուրը՝ Կուկլա Համբարձումեանը, ունի 2ական բնակարան ու աւտոտնակ: Յովսէփեանի կնոջ՝ Էւելինա Միրզաբեկեանի անունով գրանցուած են 3ական բնակարան ու աւտոտնակ, իսկ վերջինիս քոյրը՝ Յովսէփեանի քենի Գայիանէ Միրզաբեկեանը, ունի 2 բնակարան եւ 2 աւտոտնակ: Անձամբ Յովհաննէս Յովսէփեանն իր անունով ունի 2 բնակարան, 3 աւտոտնակ եւ 1 բիզնես տարածք:
Ուսումնասիրելով Յովհաննէս Յովսէփեանի միայն 2011 թուականի գոյքի ու եկամուտների յայտարարագիրը՝ պարզեցինք, որ նախագահի վերահսկողական ծառայութեան ղեկավարն ամենեւին էլ ֆինանսական խնդիրներ չունի եւ իր ունեցած գումարներով հանգիստ կարող է մի քանի տասնեակ բնակարաններ էլ գնել:
Նա այդ տարում 110 միլիոն դրամով ձեռք է բերել շէնք-շինութիւն եւ հողամաս: 30 միլիոն դրամով գնել է Range Rover ջիփ եւ օտարել է նոյն մակնիշի աւտոմեքենայ՝ 16 միլիոն 500 հազար դրամով:

Յովհաննէս Յովսէփեանը 2011 թուականին ունեցել է 29 միլիոն 664 հազար դրամի եկամուտ, որից 3 մլն. 444 հազարը աշխատավարձն ու դրան հաւասարեցուած այլ վճարումներն են, 9 մլն. 720 հազար դրամը՝ վարձակալութիւնից ստացած վճարն է, իսկ 16 մլն. 500 հազար դրամը գոյքի օտարումից ստացած եկամուտն է (հաւանաբար Renge Rover մակնիշի աւտոմեքենայի օտարումն է):
Բացի այդ, Յովհաննէս Յովսէփեանը դոլարով ստացել է զգալի չափերի նուիրատուութիւն՝ 1 միլիոն 600 հազար դոլար: Նա դոլարային եկամուտ է ստացել նաեւ բանկում ունեցած աւանդի տոկոսագումարից՝ 100 հազար դոլարի չափով: Հետաքրքիր է՝ բարձրաստիճան պաշտօնատար անձանց էթիկայի յանձնաժողովը, որի աշխատավայրը նոյն շէնքում է, ինչ Յովհաննէս Յովսէփեանինը, կը պարզի՞, թէ վերջինիս որտեղից այդքան դոլարներ, որ ներդրել է բանկում, եւ միայն ստացած տոկոսագումարն արդէն զգալի չափերի է հասնում: Արդէն կարելի է պատկերացնել, թէ որքան է կազմում Յովհաննէս Յովսէփեանի բանկում ունեցած մայր գումարը, որը պաշտօնեային տարեկան ապահովում է 100 հազար դոլարի տոկոսային եկամուտ:
Խոշոր չափերի են հասնում նաեւ Յ. Յովսէփեանի դրամային եկամուտները: Նա 2011 թուականի սկզբին ունեցել է ընդամէնը 2 միլիոն 400 հազար դրամ, սակայն տարեվերջին գումարի չափը հասել է 117 միլիոն դրամի: Նոյն պրոգրեսիւ աճը գրանցուել է նաեւ դոլարային արտարժոյթով ունեցած գումարի դէպքում. տարուայ սկզբում ունեցել է 1 միլիոն 270 հազար, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն 270 դոլար:
«Հետք»