ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութիւն մը հրապարակած է ի պատասխան ԵԱՀԿի մօտ Ատրպէյճանի մշտական առաքելութեան կողմէ տարածուած հաղորդագրութեան:
Ստորեւ սոյն յայտարարութեան բնագիրը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, ԵԱՀԿում Ադրբեջանի մշտական առաքելութեան կողմից տարածուած նոտայի առթիւ, որը վերաբերում է ԼՂՀ տարածքների՝ իբր բնակեցման նոր փաստերին, ԵԱՀԿ եւ նրա անդամ-երկրների ուշադրութիւնն է սեւեռում այդ փաստաթղթի քարոզչական բնոյթի վրայ, ինչը նպատակ ունի մոլորութեան մէջ գցել միջազգային հանրութեանը եւ ապակայունացնել բանակցային գործընթացն ու իրավիճակը տարածաշրջանում:
Չնայած այն ակնառու փաստին, որ իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրաւունքն է, տարածուածը իսպառ հիմնազուրկ ապատեղեկատուութիւն է, ինչը հաւաստում են 2010 թ. ընթացքում այդ տարածքի իրավիճակի՝ ԵԱՀԿ գնահատման առաքելութեան կողմից անցկացուած դիտարկումների արդիւնքները:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ փաստահաւաք առաքելութեան 2005 թ. հաշուետուութեանը, որը վկայակոչում է Ադրբեջանի մշտական առաքելութիւնը, անհրաժեշտ ենք համարում յիշեցնել, որ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութեան՝ առաքելութիւնը չի յայտնաբերել «ոչ մի ակնյայտ կազմակերպուած վերաբնակեցում» եւ «չի հաստատուել, թէ բնակեցումը նպատակամէտ քաղաքականութեան արդիւնք է»:
Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում նաեւ հերթական անգամ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան ուշադրութիւնը հրաւիրել այն փաստի վրայ, որ Ադրբեջանը բնակեցնում է իր կողմից բռնազաւթուած Շահումեանի շրջանը, Գետաշէնի ենթաշրջանը եւ ԼՂՀ այլ բռնազաւթուած տարածաշրջաններ: Աւելին, Ադրբեջանը տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնութիւնը՝ համանման դիտարկում անցկացնել այդ շրջաններում, ինչը անվիճելիօրէն փաստում է դրանց բնակեցումը եւ դա չի կարող լուրջ մտահոգութիւն չպատճառել ԵԱՀԿին եւ միջազգային միւս կազմակերպութիւններին:
Ինչ վերաբերում է պաշտօնական Բաքուի յոխորտանքին՝ ս.թ. Յուլիսի 19ին ԼՂՀում կայացած նախագահական ընտրութիւնների առթիւ, որոնց որպէս դիտորդ ներկայ են եղել 22 երկրների, այդ թւում՝ ԵԱՀԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ, Եւրախորհրդարանի պատգամաւորներ, եւ որոնք գնահատուել են որպէս ազատ, արդար, թափանցիկ եւ միջազգային չափորոշիչներին համահունչ, ապա այդօրինակ պահուածքը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը, որտեղ իշխում է ամբողջատիրական վարչախումբ, որտեղ իշխանութիւնը հօրից փոխանցւում է որդուն, որտեղ «ընտրութիւններն» ընդամէնը ցուցադրանք են եւ խաբկանք, չի կարող յարգել ժողովրդավարական արժէքները, մարդու իրաւունքներն ու ազատութիւնները, ինչպէս նաեւ իշխանութիւնների ընտրովիութեան սկզբունքը՝ քաղաքացիների իսկական կամարտայայտման հիման վրայ: