ԻՐԵՄ ԴԷՕՆՄԵԶ
Դերսիմցի ալեւի մի ընտանիքից ծագող Ուղուր Էգեմենը մի օր թերթում է կարդում, որ իրենք իրականում դերսիմահայեր են: Թէեւ նախ զարմանում է, բայց հպարտութիւն էլ տածում՝ իր զաւակների եւ թոռների առաջ սեփական արմատները բացայայտել ձգտող պապի նկատմամբ: Եւ այդպիսով ի յայտ է գալիս «Ջուրը գտաւ իր հունը» ֆիլմը:
71 տարեկան մի պապ: Անունը՝ Իւսուֆ Իրես: Ընտանիքն ու շրջապատը տարիներ շարունակ նրան դերսիմցի ալեւի են համարել: Իր զաւակներին էլ է որպէս ալեւի մեծացրել: Յետագայում կնոջ եւ երեխաների հետ մէկտեղ վեր է կացել եւ Ստամբուլ եկել: Սկիւտարում դերձակի մի փոքրիկ արհեստանոց է բացել: Մի թոռ ունի՝ Ուղուր Էգեմեն Իրես անունով, որն այն ժամանակ կինեմատոգրաֆիայի բաժնի ուսանող էր Էսքիշեհիրի համալսարանում:
Մի օր հայրը զանգահարում է Ուղուր Էգեմենին եւ խնդրում, որ նա թերթերն աչքի անցկացնի: Զարմանում է Ուղուր Էգեմենը: Գնում է թերթի վաճառողի մօտ եւ պարբերականներից իմանում ճշմարտութիւնն իր ընտանիքի մասին:
Տեղեկանում է, որ իրենք իրականում դերսիմցի հայեր են: Աւելին՝ ոչ միայն ինքը, այլեւ ընտանիքի բազմաթիւ անդամներ նոյնպէս նոր են իմանում այդ փաստի մասին: Պապը եւ ազգականները ցանկանում են մկրտուել եւ, թէկուզ մի քիչ, մօտենալ իրենց իրական կրօնին եւ արմատներին:
Թէեւ Ուղուր Էգեմենը նախ զարմանում է, բայց հպարտութիւն է տածում իր զաւակների եւ թոռների առաջ սեփական արմատները բացայայտել ձգտող պապի նկատմամբ:
«Դա վախին սպասող մի մարդու պատմութիւն է»:
Վերոնշեալ տողերը բոլորովին էլ չեն պատկանում ժամանակակից մի հեքիաթի կա՛մ սցենարի (բեմագրութեան-Խմբ.): Դրանք մի կեանքի պատմութեան հատուածներ են ընդամէնը: Աւելին, սա մի պատմութիւն է, որի տողերի արանքում կարելի է շատ հանգիստ ընթերցել տառապանքների, մակընթացութիւնների, սեփական եսի հետ հաշուի նստելու, արհամարհանքների եւ հարկադրանքների մասին:
71 տարեկանում գաղտնիքը բացայայտել որոշած մի պապ եւ իրեն ամենամօտ գտնուած թերթի վաճառողից ճշմարտութեան մասին տեղեկացած մի թոռ:
Ո՞ր ճշմարտութիւնները, ո՞ր վախերը, ո՞ր ճնշումներն են ստիպել մի մարդու՝ թաքցնել գաղտնիքը: Եւ ո՞ր ճշմարտութիւնները, ո՞ր փաստերն են կարողացել համոզել մի ողջ ընտանիքի՝ երկար տարիներ ապրել այն թաքցնելով:
Ուղուր Էգեմենը հետեւեալն է ասում թերթերից մէկում հրապարակուած լուրի շնորհիւ սովորական օրն արտասովոր դարձրած իր ընտանեկան ճշմարտութեան մասին. «Պապիս մկրտուելը եւ դա ընդունելը չի առնչւում միայն կրօնական ընկալման հետ. այն իր զաւակների, ինչու չէ, նաեւ՝ թոռների առաջ սեփական արմատներն արտայայտելու մղում է: Դա իրականում շատ կարեւոր դիրքորոշում է 71 տարեկանում մկրտուած մի մարդու համար: Դա այն մարդու պատմութիւնն է, ով մի կողմից դեռ շարունակում է վախերով ապրել, իսկ միւս կողմից՝ վախ ակնկալել»:
Մարդկութիւնն իր գոյութեան օրուանից օգտագործել է արուեստը՝ իր ներսում եղած փակուղինները բացելու համար: Ուղուր Էգեմենն էլ մէկն է նրանցից, ովքեր արուեստի ուժն են նախընտրում՝ ելքի ուղին գտնելու համար:
Նա մի անգամ լսում է Հրանտ Դինքի խօսքերից մէկը եւ շատ տպաւորւում դրանից: Ուղուր Էգեմենը, ով ազդւում է այդ խօսքից, քանի որ այն միաժամանակ նմանեցնում է իր պատմութեանը, որոշում է դա վերածել սցենարի:
æուրը գտաւ իր հունը:
Դինքի խօսքերի շնորհիւ սցենարի վերածուած «æուրը գտաւ իր հունը» ֆիլմը 2011 թ. դառնում է մէկը այն ֆիլմերից, որոնք մրցանակ են շահում Թուրքիայի Հանրապետութեան Մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան Հեղինակային իրաւունքների եւ կինոյի գլխաւոր վարչութեան կողմից յայտարարուած «Ապագայի ֆիլմ» մրցոյթում:
Ըստ ֆիլմի պատմութեան՝ ամէն տարի Ֆրանսիայից Թուրքիա եկած եւ այդ այցերից մէկի ժամանակ Սուասի (Սեբաստիայի-Ակունքի խմբ.) գիւղերից մէկում վախճանուած Մարիամը թաղւում է իսլամական օրէնքներով: Սակայն նա հայ է լինում: Գիւղի բնակիչներից Դերուիշ ամջան այդ փաստի մասին յայտնում է մի հայ լրագրողի, եւ նրա մօտ անորոշ սպասում է սկսւում:
Ուղուր Էգեմենը սկսում է ֆիլմի նկարահանումները՝ Մշակոյթի նախարարութեան եւ, յատկապէս, Անադոլու համալսարանի Հեռահաղորդակցական գիտելիքների ֆակուլտետի աջակցութեամբ, համալսարան, որտեղ նա ուսանում է: Ընկերներն էլ, ձեռք ձեռքի տուած, հոգով-սրտով մասնակցում են աշխատանքներին: Դասախօսները, ընկերները եւ մերձաւորները, առանց դոյզն-ինչ կասկած ունենալու, թէ ֆիլմը կարող է չյաջողուել, աջակից են լինում նրան: Դեկան Նեզիհ Օրհոնը ուտելիք է բերում աշխատանքային խմբին: Ֆիլմի նկարահանումներն աւարտւում են՝ համերաշխ աշխատանքով եւ ինքնազոհողութեամբ:
Ֆիլմի առնչութեամբ, որն առաջին անգամ ցուցադրւում է Էսքիշեհիրի միջազգային կինոփառատօնի ժամանակ, լաւ լուր է ստացւում նաեւ Կաննի կինոփառատօնից: Այն ցուցադրուելու է Կաննի կարճամետրաժ ֆիլմերի բաժնում: Ֆրանսիայի ճանապարհներն է ընկնում այս անգամ Ուղուր Էգեմենը՝ «æուրը գտաւ իր հունը» ֆիլմի հետ միասին: Ուղուրին ֆիլմի՝ Կաննում ցուցադրուելու փաստից առաւել յուզում է այն, որ ինքը սեփական պատմութիւնն այնտեղ կիսելու է այլ մարդկանց հետ:
Ես այս յօդուածը գրելիս մէկ էլ հեռախօսազանգ եմ ստանում Ուղուր Էգեմենից: Ձայնը յուզուած է, հպարտ, ծանօթ: Ասում է, որ «Ոսկի բօժօժ»ի 19րդ կինոփառատօնում ֆինալ անցած ուսանողների ֆիլմերի մէջ տեղ է գտել նաեւ «æուրը գտաւ իր հունը» ֆիլմը:
Ըստ էութեան, կրկնակի հպարտ, կրկնակի երջանիկ է Ուղուր Էգեմենը, քանի որ «Ջուրը գտաւ իր հունը» ֆիլմի ռեժիսորներից մէկը եղած իր ընկերոջ՝ Շիւքրիւ Օզչելիքի «Մօրս գեղագիտական ընկալումը» վերնագրով վաւերագրական ֆիլմն էլ է ֆինալ անցել «Ոսկէ բօժօժ»ում:
Ուղուր Էգեմենը հաւատում է կինոյի ուժին՝ հասարակական տրաւմաները (ջղագրգռութիւնները-Խմբ.) յաղթահարելու ճանապարհին, եւ ասում. «Հաստատ անձնասպանութիւն կը լինէր, եթէ անտարբեր մնայի աշխարհի այսչափ հոգսերի, այդքան տրաւմաների հանդէպ»: Յայտնում է նաեւ, որ «Ջուրը գտաւ իր հունը» ֆիլմը նկարահանելիս ամենամեծ ուշադրութիւնը յատկացրել է մարդկային զգացումների վերհանմանը, այն փաստին, որ մարդիկ չեն կարողանում ապրել այն հողերում, որտեղ ծնուել են:
Սա է կեանքը: Խամաճի՞կ ենք, թէ՞ խամաճիկ խաղացնող. դրանք յաճախ են փոխւում տեղերով: Պետութիւն, պետութեան սանկցիաներ (պատժամիջոցներ-Խմբ.), պետութեան սանկցիաների միջոցով ի յայտ եկած թաղամասային ճնշում կոչուող այդ դաւադրութիւնը, ուզած-չուզած, պաշարում է մեր կեանքը: Մեր անհատական պատմութիւնների մէջ գաղտնի եւ թաքուն ձեռքեր ենք գտնում յաճախ: Թաքցնում ենք, թաքնւում, կաղապարւում եւ մի անկիւն քշւում:
Մեզնից ոմանք, սակայն, իրենց մէջ այդ պատմութիւնները բացայայտելու խիզախութիւն են գտնում: Սակայն անընդհատ յետաձգում են այդ գործը, ինչպէս պապ Իւսուֆ Իրեսը:
Եւ մեզնից ոմանք էլ արուեստն են նախընտրում՝ մեծ յամառութեամբ դա յաղթահարելու համար, ինչպէս Ուղուր Էգեմեն Իրեսը:
http://bianet.org/biamag/yasam/140377-catlagini-bulma-yolundaki-suyun-oykusu
Թարգմանեց Մելինէ Անումեանը
Akunq.net