ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Կալիֆորնիա նահանգն այսօր բաւական ցաւոտ տնտեսական հարցեր ունի: Խիստ անհրաժեշտ ծառայութիւններն ու կրթական ծրագրերը ջրի երեսին պահելու համար հարկ է, որ նահանգի ընտրողները կողմ քուէարկեն առաջիկայ Նոյեմբերին նահանգապետի նոր հարկային քաղաքականութեան: Սա նշանակում է աւելի բարձր հարկեր:
Առաջին հայեացքից մարդիկ ընդվզում են երբ հարկերը աւելացնելու խնդիր է դրւում: Սակայն այլընտրանք չկայ, կա՛մ՝ այլընտրանքը չափազանց վտանգաւոր է, քանի որ այսպէս թէ այնպէս միջին եւ խոշոր գործատէրերը լայն թափով չեն ընդգրկւում նոր աշխատատեղիներ ստեղծելու գործընթացին, այլ ընդամենը սպասողական դիրք են գրաւել: Այստեղ է, որ պետութիւնը պէտք է նախաձեռնողի դերում լինի, եւ յաճախ էլ մենք բոլորս պիտի ինչ որ չափով կրենք այդ նախերգանքի ծանրութիւնը, որպէսզի ծերերին ու աղքատ ընտանիքներին տրուող թոշակներն ու բժշկական ծառայութիւնները յարատեւեն, որպէսզի միջնակարգ եւ բարձրագոյն կրթական ծրագրերը կարողանան շունչ քաշել, որպէսզի գործազրկութեան համար տրուող նպաստները տրամադրրելի լինեն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Այլապէս սպասէք յանցագործութեան ու թմրամոլութեան կտրուկ աճ, սնանկացումներ, համատարած թշուառութիւն: Եւ թող նրանք, ովքեր կարծում են, թէ ֆինանսապէս ապահովագրել են իրենց ու մերձաւորներին, չկարծեն, թէ հարցերը մէկընդմիշտ լուծել են, եւ կարող են հանգիստ «ո՛»չ քուէարկել հարկային յաւելումների դէմ: Այս մարդիկ շարունակելու են ապրել ընչազուրկների բանակով շրջապատուած, եւ որքան այդ բանակի շարքերը ընդլայնուեն, այդքան աւելի անյարմար կը լինի նրանց եւ նրանց մերձաւորների համար ապրելն ու գոյատեւելը:
Ինչեւէ, Նոյեմբերը որոշիչ կը լինի ինչպէս երկրի, այնպէս էլ նահանգի կեանքում: Տնտեսական ճգնաժամի պայմաններում կարեւոր է խոշոր ծաւալի աշխատանքների որդեգրումն ու դրանց իրականացումը միչեւ վերջ: Այս առումով ինչ որ տեղ յուսադրող է արագընթաց գնացքի գաղափարի որդեգրումը, որի իրականացման արդիւնքում Սան Դիեգոյից մինչեւ հիւսիսային Կալիֆորնիա ուղեւորները կարող են հասնել մի քանի ժամուայ ընթացքում, թիկնելով յարմարաւէտ նստարաններին ու վայելելով Կալիֆորնիոյ անկրկնելի բնութիւնը: Աշխատանքները ծրագրուած են գալիք տարուայ Յունուարից: Դրանց աւարտական կէտին հասնելու համար այսօրուայ դրութեամբ նախատեսուած է 68 միլիարդ դոլար եւ մօտաւորապէս 17 տարուայ յարատեւ աշխատանքներ, եթէ ամէն ինչ բարեյաջող գնայ: Բանն այն է, թէ նահանգը իր գանձարանից 4.7 միլիարդ դոլար պիտի տրամադրի, որպէսզի պետական՝ դաշնակցային գանձարանից մօտ 3.3 միլիարդ դոլար ստանայ՝ նախնական փուլի համար: Աւելի քան 200 մղոն ժամ արագութեամբ այս գերժամանակակից գնացքների երթուղիները կառուցելու գաղափարը Կալիֆորնիա նահանգին կարող է կանգնեցնել երկրի առաջատար դիրքերում, կամ կարող է տնտեսական անդունդը նետել, քանի որ թերահաւատների կարծիքով նահանգային իշխանութիւններն ի վիճակի չեն լինելու անհրաժեշտ միջոցները մինչեւ վերջ հայթայթել, եւ արդիւնքում ծրագիրը կը մնայ կէսկատար:
Ծրագրի կողմնակիցները պնդում են, թէ նախնական փուլում ծախսած դրամը կարող է օդ ու ջրի դեր խաղալ Կենտրոնական Հովտի՝ Ֆրեզնոյի եւ յարակից շրջանների գործազրկութիւնը նուազեցնելու հարցում. այստեղ գործազրկութեան աստիճանը նկատելիօրէն բարձր է, ասենք, Լոս Անջելեսի շրջանի հետ համեմատած:
Ես համաձայն եմ այն տեսակէտի հետ, թէ այս նախագիծը պէտք է իրականացնել, քանի որ մեր նահանգի բնակչութիւնը այս տարի կը հատի 40 միլիոն մարդու սահմանագիծը, մինչդեռ 2000 թուականին այն կազմում էր 30 միլիոն, իսկ վերջին մարդահամարի արդիւնքների կանխատեսման համաձայն նահանգի բնակչութիւնը 2050 թուականին կարող է հասնել 60 միլիոնի: Եթէ այսօրուանից խոշոր ճանապարհաշինական ծրագրեր չիրականացուեն, ապա պատկերացնո՞ւմ էք, թէ ինչ կը լինի բնակիչների վիճակը, երբ նրանք փորձեն իրենց ինքնաշարժով ինչ որ տեղ ուղեւորուել:
Նահանգապետ Բրաունը ռիսկի է դիմում արագընթաց գնացքի գաղափարը խրախուսելով: Նախ նա ուզում է պատմութեան մէջ մնալ ինչպէս իր նահանգապետ հայրը, ով բազմաթիւ ուսումնական հաստատութիւններ ու ճանապարհներ կառուցեց 60ականներին, շէնացնելով Կալիֆորնիան: Սակայն շատերը քննադատում են, թէ նահանգապետը իր ենթականերին կոչ է անում «այո» քուէարկել հարկերի բարձրացման ծրագրին, միաժամանակ ուզում է գերժամանակակից փոխադրամիջոց հիմնել Կալիֆորնիայում:

«Սա նոյն բանն է, երբ հայրը երեխաներին համոզում է ցամաք հաց ուտել, բայց ինքը Քադիլաք է գնում, այն էլ նոփ նոր», ասել է Բրաունի ոխերիմ քննադատներից մէկը: Սակայն այս մարդը մոռացել է նշել, որ նահանգապետը իր անձնական շահի համար չէ, որ փորձում է այս խոշոր ծրագիրը իրականութիւն դարձնել, այլ լաւատես է, որ արդիւնքում հազարաւոր մարդիկ աշխատանք կ՛ունենան, իսկ նահանգը՝ զինուելով գերժամանակակից տրանսպորտային միջոցով, կարող է զգալիօրէն հեշտացնել միլիոնաւոր մարդկանց փոխադրման գերխնդիրը:
Ծանր ժամանակներում խոշոր ու ծախսատար ծրագրեր են հարկաւոր, եւ այդ դերը կարող է ստանձնել միայն պետութիւնը, ոչ թէ անհատ ձեռներէցներն ու գերշահոյթ ակնկալող կորպորացիաները: Վերջիններս վաղուց արդէն այլ ուղիներ են գտել իրենց գերշահոյթները ապահովելու: Նրանք արտերկրում են փնտռում իրենց բախտը, քանի որ «ամերիկացիները շատ են խստապահանջ, շատ են պաշտպանուած օրէնքներով» ու կոպեկներով համաձայն չեն աշխատել: Հէնց այստեղ է, որ պետութեան նախաձեռնութեան հրամայականը պէտք է օրակարգի վրայ դրուի: Ո՞ւմ էք ընտրելու Նոյեմբերին: Դրանից կախուած է միլիոնաւոր մարդկանց ճակատագրեր, նաեւ նրանցը, ովքեր թքած ունեն խեղճ ու կրակ մարդկանց ճակատագրերի վրայ: Պարզապէս դեռ տաք են, չեն պատկերացնում թէ ինչ կը լինի, եթէ ընչազուրկները իրենց մարդավարի գոյատեւելու յոյսը կորցնեն:
Կ՛ապրենք, կը տեսնենք: