
Չորեքշաբթի, Սեպտեմբերի 26ին, երեկոյան ժամը 7ին, Ազգային առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէր Ղազարեան» սրահում, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդարանի, Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան եւ Հայ Կրթական հիմնարկութեան կազմակերպութեամբ տեղի է ունենալու Դոկտ. Ռուբինա Փիրումեանի «Հայոց Ցեղասպանութիւնը Գրականութեան Մէջ» գրքի շնորհանդէսը: Ձեռնարկը վայելում է Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի բարձր հովանաւորութիւնը: Կոչ ենք ուղղում գաղութիս մտաւորականութեանը ներկայ գտնուել այս հետաքրքրական միջոցառմանը, որտեղ պիտի ներկայացուեն բազմավաստակ հեղինակը եւ նրա նոր գիրքը:
Դոկտ. Փիրումեանի անգլատառ երրորդ այս գրքի անունը մօտաւոր թարգմանութեամբ կրում է «Հայոց Ցեղասպանութիւնը Գրականութեան Մէջ, Ընկալումը Այն Սերնդի Կողմից, Որ Այդ Աղիտալի Տարիները Ապրեց» խորագիրը (The Armenian Genocide in Literature, Perceptions of Those Who Lived Through the Years of Calamity): Գիրքը հրատարակուել է 2012 թուին, Երեւանում, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի հովանաւորութեամբ եւ այդ հաստատութեան հրատարակչութեան միջոցով: Գիրքն արդէն հրապարակի վրայ է ու յանձնուած ընթերցողների դատողութեանը: Գիրքը բաղկացած է 464 էջերից եւ աւարտւում է «Շարունակելի» բառով, քանի որ ոչ Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած նման աշխատութիւնները եւ ոչ Դոկտ. Փիրումեանի աշխատանքն այս ուղղութեամբ դեռ չեն աւարտուել, այլ կարելի է ասել առաւել քան երբեւէ թափ եւ ուժականութիւն են ստացել: Հեղինակը Ցեղասպանութեան մասին այսպէս է գրում… «Ամէն հայի-յուսամ թէ ամէն հայի- հայեացքը 97 տարի առաջ մեր ժողովրդի դէմ կատարուած անմարդկային ոճրի ու հսկայ անարդարութեան վրայ է սեւեռուած: Ոճիր՝ որ լկտիօրէն ուրացւում է. անարդարութիւն՝ որ իր հատոյցը չի ստացել: Լարուած են ջղերը. շուտով հարիւրամեակն էլ կը շրջուի. պիտի կարողանա՞նք մինչ այդ գոնէ հանգրուանային լուծման հասնել: Ձեռնածալ չենք նստած. պայքարը գնում է բոլոր հնարաւոր ճակատներում: Այս գիրքն էլ որպէս մի համեստ զինուոր թող աւելանայ կայազօրին»:
Ճիշդ է հեղինակի մատնանշումը, որ ազգովին ձեռնածալ չենք նստած: Նկատելի է օրէցօր խմորուող շարժումը, Եղեռնի հարիւարամեակի սեմին: Արդէն կեանքի են կոչուել այս կարեւոր ամեակը ոգեկոչելու համազգային մարմիններ, գիտաշխատողներն Հայաստանում թէ արտերկրում, նոր թափով, լուրջ աշխատանքներ են ծաւալում այս ուղղութեամբ: Մամուլը եւ լրատուական հաղորդամիջոցները աւելի յաճախականօրէն են անդրադառնում Եղեռնի նիւթին, իսկ Թուրքիան իր հերթին հակապրոպագանդայի մի նոր ու հսկայ ալիք է բարձրացրել արդէն: Սակայն եղածը բաւարար չէ, պէտք է բիւրեղացնել աշխատանքը ու համազգային մեր ուժականութիւնը լարել եւ ուղղել այս կարեւորագոյն սեւեռակէտին:
Դոկտ. Փիրումեանը իր անձնական օրինակով, որպէս սփիւռքահայ մտաւորական եւ Ցեղասպանութեան հարցն ուսումնասիրող գիտնական աւելի քան քառորդ դար է ինչ անմնացորդ կերպով նուիրուել է այս աշխատանքին: Ինչպէս ինքն է վկայում «Ցեղասպանութեան գրականութեան ուսումնասիրութեան ընտրածս քսանհինգ ձիգ տարիների վրայ երկարող ճանապարհը դժուար էր, այդ ճանապարհին պիտի նուիրէի հսկայական ճիգ ու ջանք, անհատնում կամք՝ չկորցնելու համար առողջ դատողութիւնս, գիտնականի սառնութիւնս եւ վերջապէս կուլ չգնալու, անդարձ չընկղմուելու համար այն մութ ու դժխեմ եւ անտակ ծովում, որ աղէտի գրականութիւն է կոչւում»:
Իսկ ինչո՞ւ է նա ընտրել հէնց այս նիւթը իր գիտական ուսումնասիրութիւնների համար: Կարելի չէ՞ր արդեօք ընտրել աւելի զուարթ եւ աւելի քիչ տառապալից նիւթ, ինչպէս օրինակ՝ սոխակն ու վարդը հայ եւ պարսիկ գրականութեան էջերում եւ համեմատել դրանք այդ երկու հրաշալի լեզուների մէջ: Կարելի էր ի հարկէ, սակայն ինչ, որ ներքին ձայն ու պարտքի զգացում, պատանեկան տարիներից արդէն, հեղինակին հրում էին դէպի այն նիւթը, որը յետագային դարձաւ նրա անհատական, հասարակական եւ գիտական կեանքի առանցքը՝ Հայ ժողովրդի դէմ իրականացուած ու անպատիժ մնացած ոճրագործութիւնը՝ Հայոց Ցեղասպանութիւնը:
Ինչպէս հեղինակն ինքն է արտայայտւում գրքի իր «Անձնական դիտարկում» բաժնում, աւելի հասուն տարիքում նա փորձել է գտնել այն հարցի պատասխանը թէ ի՞նչ կապ ու յարաբերութիւն գոյութիւն ունի ուսումնասիրողի եւ նրա ընտրած ուսումնասիրութեան նիւթի միջեւ: Եւ նա գտնում է պատասխանը իր սեփական կենսագրութեան մէջ, այն փոքրիկ, վեցամեայ աղջնակի մէջ, որ մի գիշեր երբ ինչպէս միշտ սպասում էր հօր տուն վերադարձին, ահով ու սարսափով իմանում է, թէ սիրեցեալ հայրը առեւանգուել է Սովետական գաղտնի ոստիկանութեան միջոցով, որպէս ազգային գործիչ եւ աքսորուել Սիբիր: Սեփական կաշուի վրայ զգացած այս անիրաւուածութիւնը մանուկ Ռուբինայի մօտ ձեւաւորել է որեւէ տեսակ անիրաւութեան եւ ոճրագործութեան դէմ ապստամբելու եւ պայքարելու ոգի ու նկարագիր: Նրա յետագայ կեանքը եւ գործունէութիւնը վկայում են այդ ոգու եւ նկարագրի մասին:
Ստորեւ մի քանի տող նրա կենսագրութիւնից.
Ռուբինա Փիրումեան-Մինասեանը ծնուել է Թաւրիզ, Իրան: Նրա հայրն էր ազգային հասարակական անուանի գործիչ՝ Դոկտ. Բաղդիկ Մինասեանը: Փոքր տարիքում փոխադրուել է Թեհրան:
Աւարտել է Թեհրանի Պետական համալսարանի Ճարտարագիտական ֆակուլտետը եւ տարիներ աշխատել է որպէս ճարտարագէտ:
1978ի Դեկտեմբերին ամուսնու եւ երկու զաւակների հետ փոխադրուել է Ամերիկա:
1980ից սկսել է հետեւել Կալիֆորնիայի Համալսարանի, Լոս Անջելես, (University of California, Los Angeles – UCLA) Միջին Արեւելեան Լեզուների եւ Մշակոյթների (Near Eastern languages and Cultures) բաժանմունքի Նարեկացի հայագիտական ամբիոնի դասընթացներին: 1989ին նոյն բաժանմունքից ստացել է դոկտորայի աստիճան (Ph.D.), մասնագիտանալով հայոց գրականութեան մէջ: Աւարտաճառի նիւթը բաղդատական ուսումնասիրութիւն էր Հայոց Ցեղասպանութեան եւ Հրէական Ողջակիզումի գրական ազդումների:
Հայոց լեզուի, գրականութեան, բաղդատական ցեղասպանութեան եւ հայոց պատմութեան նիւթերով դասախօսել է UCLA եւ Laverne համալսարաններում եւ Glendale College-ում, նաեւ՝ Երեւանի Պետական համալսարանի Պատմութեան եւ Գրականութան բաժիններում: Ներկայիս գիտաշխատողի (Research Associate) հանգամանք ունի UCLA համալսարանում:
Հայ Դատի, հայոց պատմութեան, Հայոց Ցեղասպանութեան, հայոց գրականութեան եւ հայ կանանց հարցերի մասին բազմաթիւ հրապարակային դասախօսութիւններ է կարդացել Սփիւռքի զանազան վայրերում ու Հայաստանում:
Անդամակցում է հայկական եւ միջազգային զանազան գիտական-փորձագիտական միութիւնների, դրանց շարքում են Society for Armenian Studies, National Association for Armenian Studies and Research, Middle East Studies Association, Association internationale des etudes armeniennes, International Association of Genocide Scholars:
1998-2005 եղել է Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդի Կեդրոնական վարչութեան անդամ:
Հայոց գրականութեան եւ հայկական հարցի նիւթով աշխատակցել է հայկական եւ միջազգային հանրագիտարանների: Գիտական յօդուածները տեղ են գտել հայ եւ միջազգային գիտական պարբերաթերթերում, կամ որպէս առանձին գլուխ մաս են կազմել գիտական հաւաքածոների: Ակադեմական գործունէութեանը մաս են կազմում նաեւ բազմաթիւ ելոյթներ միջազգային գիտաժողովներում, մեծ մասամբ նիւթ ունենալով Հայոց Ցեղասպանութեան գրականութեան հարցեր եւ հարցադրումներ:
Առանձին հատորներով հրատարակութիւններն են.
Literary Responses to Catastrophe, A Comparison of the Armenian and the Jewish Experience (Atlanta, Georgia: Scholars Press, 1993) – (238 էջ).
«Հայաստանը ՀՅԴ-Բոլշեւիկ յարաբերութիւնների Ոլորտում, 1917-1921» (Երեւան, Երեւանի Պետական համալսարանի հրատարակութիւն, 1997) (406 էջ). Այս աշխատութիւնը թարգմանուէլ է ռուսերէնի.
«Հայ Դատ 10» – (Լոս Անջելըս, հրատարակութիւն Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանի, 1990 եւ 2002) – (դասագիրք, 151 էջ, Աշխատանքային Տետրակ, 57 էջ, Ուսուցչի Ուղեցոյց, 75 էջ).
«Հայ Դատ 11» – (Լոս Անջելըս, հրատարակութիւն Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանի, 1993) – (դասագիրք 204 էջ, Աշխատանքային Տետրակ, 76 էջ, Ուսուցչի Ուղեցոյց, 81 էջ).
«Հայ Դատ 12» (Լոս Անջելըս, Հրատարակութիւն Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանի, 1999) – (դասագիրք 340 էջ, Աշխատանքային Տետրակ, 150 էջ, Ուսուցչի Ուղեցոյց, 154 էջ). այս դասագրքերը, օգտագործւում են Սփիւռքի որոշ ազգային դպրոցներում:
«Հայկական Հարցի Պատմութիւն» – դասագիրք Հայաստանի միջնակարգ դպրոցների 9-10րդ դասարանների համար (Երեւան, «Հայ Էդի»չ հրատարակութիւն, 2000, 2002) – դասագիրք, 254 էջ, Ուսուցչի Ուղեցոյց 225 եւ վարժութիւններ, 133 էջ).
«Գրականութեան Դերը Հայոց Ազգային Ազատագրական Պայքարում», (հրատարակութիւն Կանադայի «Համազգային» ընկերակցութեան, Մոնթրէալ, 2003) – (134 էջ).
A Struggle to Comprehend the Catastrophe and Survive: A Comparative Study of the Armenian and the Jewish Literary Responses to Catastrophe, գրքոյկ, հրատարակուած ՀՀ Գիտութիւնների Ակադեմիայի Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-հիմնարկի կողմից, Երեւան, 2003).
«Հայոց Ցեղասպանութեան դասաւանդում հայկական վարժարաններում» (հրատարակութիւն Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի Ազգային վարժարանների խնամակալ մարմնի, 2006), 315 էջ, մանկապարտէզից 12րդ դասարանների համար (հաւաքում, համադրում եւ խմբագրում):
And Those who Continued Living in Turkey after 1915, The Metamorphosis of the Post-Genocide Armenian Identity as Reflected in Artistic Literature (Yerevan: Published by the Armenian Genocide Museum-Institute, 2008) – (283 էջ). Second edition published in 2012.
«Հայոց Ցեղասպանութիւն», էլեկտրոնային ուսումնական ձեռնարկ, Հայոց Ցեղասպանութիւնը առաջինից իններորդ դասարաններում դասաւանդելու համար, արեւելահայերէն եւ արեւմտահայերէն տարբերակներով. համագործակցութիւն ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան հետ. (2011). www.spyurq.dasagirq.am.
The Armenian Genocide in Literature, Perceptions of Those who Lived Through the Years of Calamity (Yerevan: Published by the Armenian Genocide Museum-Institute, 2012) (484 էջ).
Արժանացել է հետեւեալ գնահատականներին.
Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 1999 թուին:
Հայ Կրթական հիմնարկութեան կոմից «Life Time Achievement Award» յուշատախտակի, 1999 թուին:
ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան ոսկէ յուշամեդալի, 2011 թուին:
ՀՀ Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Հիմնարկի տնօրէնի ձեռամբ՝ «Clara Barton» յուշամեդալի, 2012 թուին: Փիրումեանի «Հայոց Ցեղասպանութիւնը գրականութեան մէջ» գրքի հիմնական նպատակն է ոչ թէ պատմական փաստերով, որոնք արդէն պատմաբանների ուսումնասիրութեան նիւթն են ու հսկայական րեսուրսներ են (աղբիւրներ են-Խմբ.) տրամադրում հետաքրքրուողներին, այլ գեղարուեստական գրականութեան էջերի ընդմիջից վերլուծել Ցեղասպանութեան առաջին սերնդի ընկալումը իր ապրած աղէտալի օրերից եւ բացայայտել Ցեղասպանութեան հոգեբանական ազդեցութիւնը նրանց հոգիների եւ ստեղծագործութեան վրայ: Գր-քում տեղ են գտել Ցեղասպանութեան եւ վերապրողների առաջին սերնդի հայ գրողների ստեղծագործութիւնները ու յուշագրութիւնները ինչպէս Սիամանթոյի, Դանիէլ Վարուժանի, Զապէլ Եսայեանի, Արամ Անտոնեանի, ապա Շահան Շահնուրի, Վազգէն Շուշանեանի, Մուշեղ Իշխանի, Արամ Հայկազի, Զաւէն Սիւրմելեանի, Յակոբ Ասատուրեանի, Յակոբ Օշականի, Համաստեղի գրականութեան օրինակները:
Ի հարկէ մէկ գրքի մէջ կարելի չէր տեղաւորել այս հսկայական նիւթը եւ ինչպէս հեղինակն է վկայում աշխատանքը շարունակելի է: Ներկայիս նա շարունակում է վերլուծել Ցեղասպանութեան վերապրողների երկրորդ եւ երրորդ սերունդների գրականութիւնը եւ ուսումնասիրել այն հարցը թէ Ցեղասպանութիւնը ինչպէ՞ս է արտայայտուել նրանց ստեղծագործութիւնների մէջ:
Մենք մեր հերթին ուժ եւ կորով ենք ցանկանում սիրելի Դոկտ. Փիրումեանին իր ընտրած դժուարին բայց յոյժ-կարեւոր աշխատանքի մէջ: Սեպտեմբերի 26ին, նրա նոր գրքի ներկայացման ընթացքին, ներկաները առիթը պիտի ունենան լսելու հեղինակին եւ նրա գործունէութիւնը ներկայացնող մասնագէտներին եւ մօտից շփուելու եւ իրազեկ դառնալու դոկտ. Փիրումեանի ուսումնասիրական աշխատանքին:
Նշելի է որ թուականիս Յունիսի 28ին, Գլենդէյլի հանրային գրադարանում կայացաւ նոյն գրքի շնորհահանդէսը անգլերէն լեզուով, որը լայն ընդառաջում ստացաւ ընթերցասէր մեր հասարակութեան մօտ: Ձեռնարկը կազմակերպել էին UCLA-ի «Նարեկացի» Հայագիտական ամբիոնը, «Նարեկացի» ամբիոնի բարեկամներ կազմակերպութեան խորհուրդն ու «Ապրիլ» գրախանութը: Նոյն շնորհահանդէսի ժամանակ էր, որ մեծ թուով հայրենակիցների առաջարկութեանը ընդառաջ գնալով Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդարանը, Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը եւ Հայ կրթական հիմնարկութիւնը որոշեցին համագործակցաբար կազմակերպել գրքի ներկայացումը այս անգամ հայերէն լեզուով:
Հրաւիրում ենք մեր ընթերցասէր հասարակութեանը ներկայ գտնուելու Չորեքշաբթի, Սեպտեմբերի 26ին, երեկոյեան ժամը 7ին, Ազգային առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէր Ղազարեան» սրահում տեղի ունենալիք դոկտ. Ռուբինա Փիրումեանի «Հայոց Ցեղասպանութիւնը գրականութեան մէջ» գրքի ներկայացմանը:
Հասցէ՝ 6252 Honolulu Ave. La Crescenta, CA 91214
Հեռախօս՝ 818.248.7737/8