ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Կոմիտաս. Եկել եմ» համերգ- ներկայացմամբ Հայաստանի Երգի Պետական թատրոնի սաները ամերիկահայ համայնքին կը ներկայանան Սեպտեմբերի 16ին՝ Լոս Անջելեսում եւ 23ին՝ Սան Ֆրանցիսկոյում: Համերգը բացառիկ է բնոյթով՝ Կոմիտասը ներկայացուելու է ջազային, էստրադային, ժողովրդական ոճերում: Երգի Պետական թատրոնի գեղարուեստական ղեկավար Արթուր Գրիգորեանը, ով նաեւ «Կոմիտաս. Եկել եմ» համերգային նախագծի հեղինակն է, վարդապետին մեկնաբանել է նաեւ ժամանակակից ոճերով:
«Կոմիտասին չպէտք է տեսնել միայն տխուր ու թախծոտ, նա շատ կենսուրախ եւ հումորով է եղել եւ իր ամբողջականութեամբ պէտք է հասանելի ու ընկալելի լինի նոր սերունդներին: Ես Կոմիտասին ներկայացրել եմ իմ ընկալմամբ՝ բազմապիսի գոյներով, որոնք կան մեծ դասականի ստեղծագործութիւններում: Կարծում եմ, իւրաքանչիւր հայ իր մէջ պէտք է որոնի ու բացայայտի իր Կոմիտասին, որ կայ բոլորիս մէջ, քանզի նրա ստեղծագործութիւնների աղբիւրը հէնց հայ ժողովուրդն է», մեկնաբանում է Գրիգորեանը:
Համերգի պրեմիերան Հայաստանում տեղի է ունեցել շուրջ մէկ տարի առաջ, որին յաջորդել են բազմաթիւ համերգներ՝ լեցուն դահլիճներում:
«Կոմիտասն այցելեց ինձ գիշերը աշխատասենեակումս, խփեց ձեռքիս եւ ասաց, որ մի բան անեմ: Այդ օրուանից սկսեցի փնտռել իմ Կոմիտասին», համերգային նախագծի ստեղծման նախապատմութիւնն է ներկայացնում Արթուր Գրիգորեանը:
Այս «այցին» հետեւում են ինը ամիս տեւած փնտռտուքներն ու ամէնօրեայ փորձերը թատրոնի սաների մասնակցութեամբ, ովքեր համբերութեամբ ու մեծ սիրով, Արթուր Գրիգորեանի հետ միասին որոնում ու գտնում են իրենց Կոմիտասին: Արդիւնքը՝ մէկ ժամ քսան րոպէ տեւողութեամբ «Կոմիտաս. Եկել եմ» համերգն է, որի ընթացքում հնչում են վարդապետի՝ «Շողեր ջան», «Հով արէք», «Էրւում եմ», «Կռունկ», «Խնկի ծառ», «Գարուն ա» 21 յայտնի ու սիրուած ստեղծագործութիւններ՝ Արթուր Գրիգորեանի դաշնամուրային նուագակցութեամբ եւ Երգի թատրոնի երիտասարդ սաների ջինջ ձայներով:
«Կոմիտաս. Եկել եմ» նախագծի հիմնական նպատակն ըստ Արթուր Գրիգորեանի, հայ նոր սերունդներին ազգային ակունքներից բխող երաժշտութեանը մօտեցնելն է: «Ցանկանում եմ, որ հայ երիտասարդները, թատրոնի սաները միշտ մնան մաքուր, հնարաւորինս հեռու այն երաժշտութիւնից, որ հնչում է հեռուստատեսութեամբ ու լսեն Կոմիտաս», նշում է Գրիգորեանը: Նա նպատակն իրականացած է համարում. «Թատրոնի 20-25 տարեկան սաները ամիսներ շարունակ մեծ ոգեւորութեամբ էին մասնակցում օրեկան շուրջ տասը ժամ տեւող փորձերին, ինչը նշանակում է, որ մեր ազգը շարունակում է ապրել, եւ մեր երիտասարդները տարուած չեն միայն ժամանակակից, առաւել յաճախ՝ անճաշակ ու անարժէք երաժշտութեամբ», ուրախութիւնն է արտայայտում երգահանը:
Համերգի մենակատարներից, ջավախեցի Ռուսլանը, նշում է, որ մինչ այս նախագիծը յաճախ է Կոմիտաս կատարել, սակայն երբեք չի զգացել նրան նման խորութեամբ:
«Կոմիտասին բացայայտեցի նորովի՝ նա եւ պարզ մարդ է եւ բարդ: Ամիսներ տեւած փորձերի ընթացքում, ես ու համերգի մասնակից ընկերներս հնարաւորութիւն ստացանք մեր միջով անցկացնելու, զգալու Կոմիտասի իւրաքանչիւր ստեղծագործութիւն ու հասկանալ նրա իսկական էութիւնը : Նա այնքան բնական է, այնքան իւրաքանչիւրինս է», բացայայտողի ոգեւորութեամբ պատմում է Ռուսլան Էլեազեանը:
Երգի Պետական Թատրոնի ղեկավարի ցանկութիւնը՝ իր սաների ոգեւորութիւնը փոխանցել նաեւ հանդիսատեսին, նոյնպէս իրականացուած կարելի է համարել: Թատրոնի հարիւր տեղանոց դահլիճում ամիսներ շարունակ ընթացող համերգների այցելուների թիւը հասել է շուրջ տասը հազարի, որոնց շարքում մեծ թիւ են կազմել երիտասարդները, դպրոցներից՝ աշակերտական խմբերը:
Այս նախագիծը բնոյթով յեղափոխական կարելի է համարել, եւ նման դէպքերում բնական է հանրութեան ոչ միանշանակ արձագանգը: Արթուր Գրիգորեանը համարում է, որ «ցանկացած յեղափոխութիւն, եթէ բնոյթով ճիշդ է՝ լաւ է»: Ըստ նրա, պէտք է փոխել Կոմիտասի ընկալման ընդունուած կարծրատիպը. «Եկէք չմոռանանք Կոմիտասի կեանքի ուղիները՝ այն, որ նա սովորել է Եւրոպայում, կեանքի մի մեծ հատուած անցկացրել է եկեղեցում, եւ գիւղերից է հաւաքել ժողովրդական երգերը, որոնց ուսումնասիրութեան վրայ հիմնուելով էլ ստեղծել է ազգային դասական երաժշտութիւնը: Այսինքն, նա լայնախոհ եւ ազատամիտ արուեստագէտ էր, ինչը թոյլ է տալիս նրան տարբեր կերպ ընկալել, նաեւ՝ մեկնաբանել», նշում է Գրիգորեանը:
Արուեստագէտը չափազանց մտահոգուած է Հայաստանում եւ Սփիւռքում մատուցուող հայկական երաժշտութեան որակից. «Այսօր հայկական երաժշտութիւն կոչուածը, իրականում ոչ մի կապ չունի իրական հայկականի հետ, եւ չի կարելի հասցնել այն աստիճանի, որ մենք սերունդներ կորցնենք: Լոս Անջելեսում, օրինակ, երեխաները դժուարութեամբ կարող են բնորոշել իրական հայկականը, քանի որ հեռուստաէկրաններից, մեծ դահլիճներում նրանց հիմնականում ռաբիզ կոչուող երաժշտութիւնն է մատուցւում», նշում է երգահանը: «Կոմիտաս. Եկել եմ» համերգն, ըստ նրա, զանգուածային երաժշտութեան այլընտրանքն է: «Սա շոու չէ, այլ՝ հոգու համար երաժշտական երեկոյ, որի միջոցով սերունդներ կարող են նորոգուել», ներկայացնում է Գրիգորեանն ու յորդորում երիտասարդներին անպայման ներկայ լինել համերգին:
Նշենք, որ «Կոմիտաս. Եկել եմ» երաժշտական ներկայացումն արժանացել է մրցանակների, այդ թւում՝ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխութիւն 2012»ի կողմից ազգային երաժշտական ժառանգութեանը նորովի մօտեցման համար, յատուկ մրցանակ է շնորհուել Արթուր Գրիգորեանին: Թեհրանում նախագիծն արժանացել է նաեւ իրանցիների բարձր գնահատականին:
Միացեալ Նահանգներում «Կոմիտաս. Եկել եմ» համերգի ներկայացումը հնարաւոր է դարձել հովանաւորների շնորհիւ, ովքեր հայ մշակոյթի քարոզումն ու տարածումը Սփիւռքում համարում են կենսական անհրաժեշտութիւն: «Լեւոն Թրաւել» ընկերութեան հիմնադիր Կարպիս Թիթիզեանը, որ տարիներ շարունակ իր գործունէութեան անբաժանելի մասն է համարում ազգային ինքնութեան պահպանումը, այս անգամ հանդէս է եկել համերգը Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում ներկայացնելու նախաձեռնութեամբ:
«Կոմիտասին պէտք է ներկայացնել ժողովրդական ոճով, քանզի Կոմիտասը հէնց ժողովուրդն է: Այսօր երիտասարդները, տարուած ժամանակակից երաժշտութեամբ, չեն լսում Կոմիտասին, եւ մեր պարտաւորութիւնն է մեր երեխաներին, նոր սերնդին ծանօթացնել հայ դասականներին», նշում է Կարպիս Թիթիզեանը:
Տեղեկանք: Հայաստանի Երգի պետական թատրոնը ստեղծուել է 1994 թուականին, եւ տուել է սերունդներ, ովքեր յայտնի են երաժշտական դասական, հայկական ժողովրդական, էստրադային այլ ոճերում:
«Երբ բոլոր թատրոնները փակւում էին, մութ էր, ցուրտ էր, լոյս չկար, համարձակուեցինք բացել այս կենտրոնը, որ պահպանուեց եւ երգիչների բազմաթիւ սերունդներ տուեց: Առաջին սերնդի ներկայացուցիչներից էին՝ Շուշան Պետրոսեանը, Արամոն, Ֆորշը, երկրորդից՝ Վարդուհի Վարդանեանը, Արսէն Սաֆարեանը, Անդրէն, Ալլա Լեւոնեանը, երրորդը՝ «Կանաչ գօտին» էր, չորրորդը՝ «Արցախի ձայնը», յետոյ՝ «Իրական պատմութիւն» «միւզիքըլը», պատմում է երաժշտական ոլորտի վաստակաւոր գործիչ, երգահան Արթուր Գրիգորեանը: Նրա հիմնադրած թատրոնի արդէն վեցերորդ սերունդը ներկայացնում է Կոմիտաս:
«Կոմիտաս. Եկել եմ» համերգը Լոս Անջելեսում տեղի կ՛ունենայ Գլենդել Հայ Սքուլ աուդիտորիումում՝ (Glendale High School Auditorium), 1440 E. Broadway, Glendale. Մանրամասն տեղեկութիւնների եւ տոմսերի համար՝ զանգահարել TicketMicket 818.265.0506, Global Arts 818.262.1741, կամ այցելել՝ www.ItsMySeat.com/GlobalArts կայքէջ: Համերգի հովանաւորներն են՝ Levon Travel, VA, Phoenicia Restaurant, Varouj Koundakjian DIAMOTEC, Lift MD Aesthetics, Gourjianlawgroup