ՍՈՆԱ ԱՒԱԳԵԱՆ
86ամեայ սփիւռքահայ Յովհաննէս Մանուկեանը, 8 տարի է ապրում է Հայաստանում: Նա 2004թ. Ապրիլի 24ին հողամաս է գնել Արմաւիրի մարզի Գրիբոյեդով գիւղին յարակից տարածքում, եւ այդ ժամանակից ի վեր միայնակ ապրում է Հայաստանում՝ ընտանիքի հետ անցկացնելով միայն ձմեռը: Նրա կինը, 4 որդիները եւ 11 թոռները ԱՄՆում են ապրում:
«Բոլորը դժգոհ են, որ ես այստեղ եկած եմ: Բոլորն ալ կը բողոքեն՝ ո՞ւր կ՛երթաս, ի՞նչ կ՛ընես, ամբողջ ընտանիքը թողած ես, կը բաւէ երթալ, 8 տարի է, կը կարօտնանք: Թոռնիկները կը մեծնան, մեծ հօրմէն գաղափար չունին: Գիտեն, որ մեծ հայրը Հայաստան է», ասում է Յովհաննէս Մանուկեանը:
Նրա հօր եւ մօր բոլոր քոյրերն ու եղբայրները զոհուել են Ցեղասպանութեան ժամանակ, իսկ մայրն ու հայրը սկզբնաւորել են Մանուկեան ընտանիքը, որի առաջին երեխան ինքն է: Յովհաննէս Մանուկեանի մանկութիւնն անցել է Լիբանանում: «Մեծցած եմ աղքատ վիճակի մէջ: Դպրոցները ինձ օգնած են, դրամով դպրոց չեմ գացած, որովհետեւ դրամ չունէինք: Կարդացած եմ ազգային դպրոցներու մէջ», ասում է նա:
Յովհաննէս Մանուկեանը սովորել է Լիբանանի ազգային Աբգարեան վարժարանում, այնուհետեւ Մխիթարեան վարժարանում, յետոյ կաթողիկէ համայնքի դպրոցում: Յետոյ հօր հետ բանուոր է աշխատել երկաթգծում:
«Ես ըսի՝ անպայման ուսում պէտք է առնեմ: Ուսում չառնեմ՝ վերջաւորութիւնս բանուոր է: Բանուոր՝ այս ընտանիքին ինչպէ՞ս պիտի օգտակար ըլլամ: Կարելի չէ: Ուրեմն, պէտք է դիմեմ: Ձրի ո՞ւր կրնամ: Հայոց ճեմարանը կա՛յ (Համազգայինի Նշան Փալանճեան ճեմարանը հեղ.)՝ Աղբալեանի եւ Շանթի ստեղծած ճեմարանը: Ճեմարան գացի, տնօրէնին հասկցուցի՝ ինչ վիճակի մէջ եմ, անմիջապէս զիս դպրոց առին, կարդացի եւ ճեմարանը աւարտեցի», պատմում է Յովհաննէս Մանուկեանը:
Նշան Փալանճեան ճամարանն աւարտելուց յետոյ նա շարունակել է ուսումը եւ ստացել ինժեներ-չափագրողի մասնագիտութիւն: Յովհաննէս Մանուկեանը պատրաստել է ողջ Իրաքի աղակալած դաշտերի ոռոգման համակարգի քարտեզները, եղել է Իրաքում եւ Իրանում գործող արտասահմանեան ընկերութիւնների ամենաբարձր պաշտօն ունեցող ինժեները: 1960ին վերադարձել է Բէյրութ, քանի որ Լիբանանի կառավարութիւնն իրեն էր փնտ-ռում՝ որպէս լաւ մասնագէտի, եւ դարձել է ամբողջ Լիբանանի ճանապարհաշինութեան պատասխանատու ինժեները: 1975թ.ին երբ սկսուել է Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Մանուկեանների ընտանիքը տեղափոխուել է ԱՄՆ ու հաստատուել այնտեղ:
Ընտանիքի անդամները մտադրութիւն չունեն Հայաստանում ապրելու: «Ամէնն ալ բացառիկ տեղ ունին Ամերիկայի հասարակութեան մէջ», ասում է Յովհաննէս Մանուկեանը: Աւագ որդին՝ Ռոստոմը, էլեկտրիկ ինժեներ է, մեծահասակներին թոշակի անցնելուց յետոյ տրուող տների պատասխանատուն է ամբողջ ԱՄՆում: Երկրորդ որդին՝ Րաֆֆին՝ Գլենդէյլի քաղաքային խորհրդի անդամ է, մի քանի անգամ ընտրուել է Գլենդէյլի քաղաքապետ: Նրա քաղաքապետ լինելու օրօք են Կապանն ու Գլենդէյլը դարձել քոյր քաղաքներ: Ռազմիկը՝ քաղաքացիական ինժեներ է, ԱՄՆ Վալիի շրջանի ջրի խողովակաշարերի պատասխանատուն: Իսկ Նիկոլը փաստաբան է, Փաստաբանների համաշխարհային միութեան անդամ:
«Ոչ մէկը չի հասկանում, թէ ես ինչի համար եկած եմ այստեղ, ինչ ընելու համար եկած եմ, ինչու այս ծերութիւնս այստեղ կ՛անցնեմ, երբ կրնամ թագաւորի պէս դուրսը կեանք վարել», ասում է Յովհաննէս Մանուկեանը: Նա բացատրում է, որ Համազգայինի Նշան Փալանճեան ճեմարանի իր ուսուցիչները ուզում էին վերադառնալ Հայաստան, բայց խորհրդային կարգերի ժամանակ չէին կարող, քանի որ «քաղաքական մարդիկ էին»: Նրանք իրենց աշակերտներին պատգամել են վերադառնալ Հայաստան:
«Եկած եմ ես այստեղ՝ իրենց խօսքը կատարելու համար: Այդ մարդիկը, երբ մեզի ուսում կու տային, ըսին՝ տղաքս, մենք ձեզի ուսում կու տանք, բայց դուք օր մը եթէ մարդ դառնաք, հարուստ դառնաք, դրամ ունենաք, այդ ուսումը կը վերադարձնէք հայրենիքին: Ես 70 տարեկան, անմիջապէս ատիկա գլխուս զարկաւ: Ես ոչինչէն ելած եմ: Այս ազգը ինծի կարդացուցած է, ազգի շնորհիւ է, որ մարդ դարձած եմ: Ես խղճի խայթ կ՛ունենամ, եթէ պարտականութիւնս կատարած չըլլամ այդ մարդոց», ասում է Յովհաննէս Մանուկեանը:
Նա Գրիբոյեդովում գնած իր հողատարածքը կտակել է Համազգային մշակութային միութեանը, որը վայելում է ՀՅԴի հովանաւորութիւնը: Յովհաննէս Մանուկեանն ասում է, որ դաշնակցական է ծնուել եւ դաշնակցական էլ կը մեռնի, բայց միաժամանակ յաւելում է, որ իրեն հետաքրքիր չէ, թէ «Հայաստանը ինչ կուսակցութեան կը պատկանի», քանի որ Հայաստանը պէտք է կուսակցութիւններից վեր լինի:
Խորհրդային Միութեան ժամանակ Յովհաննէս Մանուկեանի գնած 109 հա. (հեքթար) հողամասում եղել է Հայաստանի ամենամեծ խոզաբուծարաններից մէկը: Ամէն ամիս այս խոզաբուծարանից 30 հազար գլուխ խոզի միս է ուղարկուել Ռուսաստան: Այժմ հողատարածքի գոմերից միայն 5ն է կանգուն, 3-4ը՝ քանդուած ու կողոպտուած է: Յովհաննէս Մանուկեանի՝ տարածքը գնելուց յետոյ էլ գոմերից մէկը քանդել ու կառուցատարրերը գողացել են հողամասում:
«Կանգուն եւ քարուքանդ գոմերը առաջին անգամ, երբ առի 2004թ.ին դեռ յայտնի չէր (Արցախում պատերազմ կար) ինչ պիտի ըլլայ: Նպատակը՝ այստեղ առնել ու ցորեն ցանել էր, մեր ազատամարտիկներուն օգնութեան հասնելու համար: Ցորենի առաջին հունձքը ունեցանք 33 թոն: 33 թոնը դժբախտաբար չհասաւ Արցախ. արդէն աստեղէն գողցան անոնք, որոնք կ՛աշխատէին: Ով գողցաւ՝ չիմացանք», պատմում է Յովհաննէս Մանուկեանը:
Յետոյ՝ 6 տարի շարունակ, նա առւոյտ է ցանել հողամասում եւ վաճառել գիւղացիներին: Այժմ նա գոմերը եւ հողը վարձակալութեամբ տուել է գիւղացիներին: Գրիբոյեդովի եւ մօտակայ գիւղերի գիւղացիներն ամէն ինչ աճեցնում են նրա հողում: Գիւղացիների սեփական հողերը շատ աւելի փոքր են, եւ դրանցից շահոյթ ստանալ չեն կարող: Իսկ Յովհաննէս Մանուկեանի հողը ոռոգւում է, գիւղացիները 2ից 20 հա.անոց հողատարածքներ են վարձում ու հողագործութեամբ զբաղւում: Հողերը վարձակալած գիւղացիները այս տարի, ցաւօք, բերք չեն ստացել: Ուստի,Յովհաննէս Մանուկեանը ծրագրում է ինքն էլ այս տարի արտում առւոյտ ցանել:
«Դժբախտաբար, գիւղացին չ՛օգտուիր, ծանր հարկեր կան վրան, ծանր տուգանքներ կու գան: Հայաստանի ժողովուրդը իրաւունք ունի կերակրուելու, ապրելու, ընտանիք մը պէտք է ապրի: Խեղճ գիւղացին անօթի է: Բան մը չի մնար գիւղացիին: Անօթի ժողովուրդը ամէն ինչ կ՛ընէ, երկիրն ալ կը ձգէ կ՛երթայ, տունն ալ կը ձգէ կ՛երթայ: Երկիրը անօթի ձգել չէ կարելի:
Ամէնէն առաջ՝ գիւղացին: Գիւղացիին իր տունը տուէք, արտը տուէք, որպէսզի ապրի, ոչ թէ ըսէք՝ այսքան տուրք պիտի վճարես, հարկ պիտի վճարես: Մարդը ուտելու հաց չունի, որ քեզի հարկ վճարէ: Տունը տեղը կը ծախէ, կ՛երթայ», ասում է Յովհաննէս Մանուկեանը:
Երկու-երեք տարի առաջ գիւղացիների ձեռքով նրան հասել է մի զրպարտագիր, որն ուղղուած էր իրեն եւ վարչապետին: Զրպարտագրում անհիմն մեղադրանքներ են հնչում Յովհաննէս Մանուկեանի հասցէին, կասկածի տակ դրւում նրա մտադրութիւնները, վերջում վարչապետին կոչ է արւում Հայաստանում հաստատուած սփիւռքահայի գոմերը եւ դաշտը 5 տարով տրամադրել գիւղացիներին, իսկ չտրամադրելու դէպքում զրպարտագրի հեղինակը սպառնում է դիմել երկրի նախագահին՝ «հողաբաժինը ընդհանրապէս առգրաւելու պահանջով»: Զրպարտագրում նշւում է, թէ այն ստորագրել է յարակից գիւղերի 123 բնակիչ, սակայն դրանում չկայ ոչ որեւէ անուն, ոչ ստորագրութիւն, ոչ կնիք, ոչ ամսաթիւ: Զրպարտագիրը ստանալուց անցել են տարիներ, բայց Յովհաննէս Մանուկեանը այլեւս ոչ մի լուր չի ստացել ոչ զրպարտագրից, ոչ վարչապետից, ուստի ենթադրում է, որ զրպարտագիրը գրել է մէկ հոգի: Սփիւռքահայը այս եւ ծագող այլ հարցերը դատական կարգով լուծել չի ցանկանում, քանի որ դրա համար չէ, որ Հայաստան է եկել:
Այժմ Յովհաննէս Մանուկեանն աշխատում է «Իմ կեանքը» ինքնակենսագրական գրքի վրայ: «Իմ կեանքը շատ խառնիճաղանճ, շատ բարդ կեանք եղած է: Կեանքս մէկ հատորով չի լրանար: Վաղը կեանքս, աս բոլորը պիտի գրեմ: Հայաստանը պիտի նկարագրեմ ինչպէս որ է, որպէսզի մեր գալիք սերունդը առողջ վիճակի մէջ ըլլայ: Թէ ոչ՝ այսպէս դէպի անկում կ՛երթանք», ասում է նա:
Յովհաննէս Մանուկեանը նաեւ բանաստեղծութիւններ է գրում «Ալագեազ» գրական կեղծանունով: Բանաստեղծութիւնների 4 գիրք ունի:
Այս Էջը Կը Հովանաւորէ
ՔԱԼԻՖՈՐՆԻՈՅ
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆԸ