ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Ցանկացած իրավիճակում մարդիկ ձգտում են բարեկեցիկ կեանքի. սա է նրանց գլխաւոր նպատակը: Սակայն յաճախ այնպէս է պատահում, որ ինչ-ինչ պատճառներով այդ նպատակին հնարաւոր չէ հասնել: Այդ դէպքերում գլուխ է բարձրացնում աղքատութիւնը եւ իր կործանարար ազդեցութիւնն ունենում տնտեսութեան վրայ: Եթէ բնակչութիւնը դրամ չունի ապրանք ձեռք բերելու համար, տնտեսութիւնը չի կարող աճել, ինչն էլ իր հերթին յանգեցնում է աւելի խորը աղքատութեան:
Տնտեսական ճգնաժամի սկսուելու պահից թէ՛ կառավարութիւնը, թէ՛ ղեկավար այլ կառոյցներ ձգտում են սահմանափակել աղքատութեան տարածումը, եւ մինչեւ վերջին ժամանակներն այնպիսի տպաւորութիւն էր ստեղծւում, թէ նրանց ջանքերը յաջողութեամբ են պսակուել: Սակայն Ամերիկեան մարդահամարի բիւրոյի ներկայացրած տուեալների համաձայն Միացեալ Նահանգներում գնալով աճում է աղքատների թիւը: Անցեալ տարի այս ցուցանիշն աւելացել է 2,6 միլիոնով: Վիճակագրութիւնը երբեւէ այսքան խօսուն չէր եղել: Միջին խաւի ընտանիքների եկամուտն անցեալ տարի իջել է 1996թ. գրանցուած մակարդակին: Մեծ Ճգնաժամից (great depression) մինչ օրս առաջին անգամ է, որ այսքան երկար ժամանակ միջին եկամտի աճ չի գրանցուել: Ո՞վ կարող էր մտածել, որ ներկայումս միջին խաւի ընտանիքն աւելի վատ վիճակում է, քան 1990ականների վերջին:
Փաստօրէն, վերջին տասնամեակների բոլոր զարգացումները չկարողացան որեւէ կերպ մեղմացնել այն ցնցող հարուածը, որն ամերիկացիները ստացան 2007թ.: Ցաւալին այն է, որ այս պարագայում ամենամեծ կորուստները կրում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքները: Մարդահամարի բիւրոյի տուեալները ցոյց են տալիս, որ 2010թ. աղքատութեան շեմից ցածր եկամուտ ստանում էր ընտանիքների 15,1 տոկոսը, մինչդեռ այդ շեմը կազմում է ընդամէնը $22,314 դոլար: Այս մակարդակը հաւասար է 1993թ. արձանագրուած տուեալներին: Տպաւորութիւն է ստեղծւում, որ ղեկավարութեան քայլերը էլ աւելի են բարդացնում իրավիճակը: Ո՛չ տոկոսադրոյքի ցածր մակարդակի պահպանումը, ո՛չ նոր աշխատատեղերի ստեղծման ծրագիրը չկարողացան օգնել միջին եւ ցածր խաւին վերականգնել իրենց «յարաբերական անդորրը». նրանք պայքարում են գոյատեւման համար եւ յոյս չեն կարող փայփայել, որ մօտ ժամանակներս իրավիճակը կը շտկուի: Իսկ եթէ յիշենք ճգնաժամի սկիզբը, կը տեսնենք, որ այս տնտեսական խնդիրները նոյնիսկ ճգնաժամ չէին ցանկանում որակել, սակայն, ինչպէս տեսնում ենք, ըստ բոլոր ցուցանիշների սա իսկական ճգնաժամ է:
Ինչպէս ցանկացած տնտեսական ճգնաժամի դէպքում, ամենաբարձր եւ ամենացածր խաւերի եկամուտների միջեւ հսկայական անդունդ է ստեղծուել: Հասարակութեան ամենացածր շերտի եկամուտները նուազել են 12 տոկոսով, մինչդեռ նոյն ցուցանիշն ամենաբարձր խաւի համար կազմում է ընդամէնը 1,5 տոկոս: Այս տուեալը ակնառու կերպով ցոյց է տալիս, որ հարուստները իրենց ունեցուածքի միջոցով կարողանում են համեմատաբար կայուն վիճակ պահպանել, իսկ աղքատները, ովքեր մեծապէս կախուած են պետութեան կողմից ֆինանսաւորուող սոցիալական ծրագրերից, աւելի ու աւելի են մխրճւում աղքատութեան անդունդը: Եթէ ինչ-որ մէկը դեռեւս յոյս ունի, որ այս տարին աւելի պայծառ հեռանկար է խոստանում, ապա պիտի հիասթափեցնենք նրան՝ յայտնելով, որ ոչ մի տնտեսագիտական կանխատեսում դրական տեղաշարժներ չի ակնկալում: Արդէն իսկ վերջացել են տնտեսութեան զարգացումը խթանող միջոցները, դաշնային եւ տեղական կառավարական մարմինները մեծապէս կրճատել են իրենց անձնակազմը, իսկ սոցիալական ծրագրերի նախահաշիւը սարսափելի ծանր վիճակում է:
Ի լրումն այս ամէնին պէտք է նշել, որ փոքրամասնութիւններն աւելի մեծ կորուստներ են կրում. դեռ 2009թ. սեւամորթների եւ իսպանախօսների շրջանում աղքատութեան մակարդակը կազմում էր 25 տոկոս, իսկ ներկայումս այդ ցուցանիշն աճել է, կազմելով համապատասխանաբար 27 եւ 26 տոկոս: Սպիտակամորթների հատուածում այս թիւը կազմում է ընդամէնը 9,9 տոկոս, որը 2009թ.ից աճել է ընդամէնը 0,5 տոկոսով: Ասիացիները գուցէ ամենաշահաւէտ վիճակում են, քանի որ նրանք չեն աղքատացել. ցուցանիշը նոյնն է՝ 12,1 տոկոս:
Նախկինում յոյսով էինք, որ ճգնաժամի ամենադաժան պահն արդէն ետեւում է, իսկ իրականում եթէ նոյն միտումը շարունակուի, մինչեւ 2015թ. գրեթէ 10 միլիոն մարդ աղքատ կը համարուի: Անցեալ տարի գրեթէ 48 միլիոն մարդ (18-64 տարեկան) ամբողջ տարուայ ընթացքում չի աշխատել նոյնիսկ մէկ շաբաթ. իսկ ինչպէ՞ս կարող է վերջինս գոյատեւել, եթէ չի կարողանում աշխատանք գտնել: Ընդամէնը մէկ տարուայ ընթացքում նման կարգավիճակում գտնուող մարդկանց թիւն աճել է 3 միլիոնով. ցնցող վիճակագրութիւն, որը թոյլ չի տալիս սթափ գնահատել իրավիճակը՝ ստիպելով բնակչութեանը խուճապի մատնուել: Չէ՞ որ երկար ժամանակ չաշխատելու դէպքում աշխատանքային ոլորտ վերադառնալիս դժուարութիւններն անխուսափելի են: Իսկ ամենավտանգաւորն այն է, որ երիտասարդների շրջանում (15-24 տարեկաններ) միջին եկամտի անկումն ամենամեծն է եղել՝ կազմելով 9 տոկոս:
Մեր նախորդ ակնարկում արդէն խօսել էինք, թէ ի՛նչ մեծ վտանգ է այս անկումը ներկայացնում տնտեսութեան ընդհանուր զարգացման հարցում: Նման իրավիճակը բացասաբար է ազդում ժողովրդագրական պատկերի վրայ. 25-34 տարեկանները չեն կարողանում բաւականաչափ գումար վաստակել, կայուն աշխատանք չունեն, հետեւաբար ստիպուած են վերադառնալ եւ ապրել իրենց ծնողների հետ, ինչը կրճատում է նոր ընտանիքների ստեղծման հաւանականութիւնը: Եթէ նրանք շարունակեն ապրել միայնակ, ապա կը դասուեն աղքատների շարքին՝ ունենալով ընդամէնը $11,344 դոլար կա՛մ աւելի ցածր եկամուտ: Ի՞նչ կարելի է ակնկալել այսպիսի հասարակութիւնում:
Իսկ ամենատարօրինակն այն է, որ այս անկմանը նախորդող թուացեալ տնտեսական վերելքի շրջանը ոչնչով չի օգնել միջին խաւի ներկայացուցիչներին: Պաշտօնական տուեալների համաձայն աղքատութեան մակարդակը 2007թ. աւելի բարձր էր քան 2001թ.: Ցաւալի է նաեւ լսել, որ անցեալ տարի աւելի շատ մարդիկ ծայրայեղ աղքատութեան մէջ են յայտնուել. նրանք, ում թիւը կազմել է 20,5 մլն, ինչը ամբողջ բնակչութեան 6,7 տոկոսն է, տարեկան $11,000 դոլարից ցածր եկամուտ են ստացել: Այս ամէնի հետեւանքով աղքատութեան մէջ ապրող երեխաների թիւն աճել է, հասնելով 16,4 տոկոսի. սա 1962թ.ից մինչ օրս գրանցուած ամենաբարձր ցուցանիշն է: Երեխաները մեր ապագան են, եւ եթէ նրանք ապրեն աղքատութեան մէջ, հնարաւորութիւններ չեն ունենայ զարգացնել իրենց ունակութիւնները: Հետեւաբար, նրանց ապագան էլ աղօտ կը լինի, ինչն իր հերթին կարող է կործանարար ազդեցութիւն ունենալ մեր տնտեսութեան վրայ:

Հրապարակուած տուեալներից պարզ է դառնում, որ ներկայիս իրավիճակի մէջ դրական փոփոխութիւններ կարող է մտցնել միայն կտրուկ միջոցների կիրառումը:
Ծանր տնտեսական վիճակում որոշ երկրներից լաւ լուրեր էլ կարելի է լսել. Մեծ Բրիտանիան ներկայումս մի փուլում է, ուր նախկին Բրիտանական կայսրութեան հպատակ երկրների գործարարները մեծ ծաւալի ներդրումներ են կատարում Միացեալ Թագաւորութիւնում: Սա մի միտում է, որը կարող է ոչ միայն դրական տեղաշարժ լինել Մեծ Բրիտանիայի համար, այլ նաեւ, տարածուելով ամբողջ աշխարհում, հաւասարակշռել ծայրայեղ տարբեր մակարդակների վրայ գտնուող տնտեսութիւնները: Դարեր առաջ ֆինանսական միջոցները հոսում էին Բրիտանական կայսրութիւնից դէպի Արեւելք, ներկայումս հնդկական Տատա ընկերութիւնն է լայնածաւալ ֆինանսական հոսք ապահովում դէպի Արեւմուտք: Այդ դրամը ներդրւում է տնտեսութեան տարբեր ճիւղերում, եւ դրանով իսկ խթանում ճգնաժամից զգալի կորուստներ կրած կազմակերպութիւններին: Զարմանալին այն է, որ Մեծ Բրիտանիան, որն աշխարհում ամենաաւանդապաշտ երկրի համբաւն ունի, ամենամեծ ֆինանսական հոսքերի նպատակակէտն է հանդիսանում: 2000-2010թթ. այս երկրում կատարուած ընդհանուր ներդրումները կազմել են $129 մլրդ դոլար, աւելի մեծ ցուցանիշով կարող է պարծենալ միայն Միացեալ Նահանգները ($193 մլրդ), սակայն եթէ հաշուի առնենք այս երկրների տնտեսութիւնների տարբերութիւնները, պարզ է դառնում, որ Բրիտանիայի ցուցանիշը քառապատիկ աւելի է:
Այս փաստը կարող է բացատրուել մի քանի գործօններով: Բրիտանական տնտեսութիւնը ծայրայեղ բաց է. այն խրախուսում է արտասահմանցի ներդրողներին, եւ մրցակցութեան հաւասար պայմաններ ստեղծում բոլորի համար: Ի տարբերութիւն Ֆրան-սիայի, ուր Դանոն ընկերութեան ձեռքբերման փորձը Փեփսիքօի կողմից ազգային հարստութեան քննարկման հարց դարձաւ, Մեծ Բրիտանիան չի համարում, որ Թեթլի թէյի արտադրողի վաճառքը հնդկական ընկերութեանը իր համար զգալի կորուստ է, նոյնիսկ ընդհակառակը: Եթէ յիշենք, որ 1980ականներին, երբ բրիտանական աւտոարտադրութիւնը անկման փուլ էր ապրում, եւ Ֆորդ ամերիկեան ընկերութիւնն ի զօրու չեղաւ վերակենդանացնել Ճագուար եւ Լենդ Րովեր ընկերութիւնները, նոյն պարագայում Տատան դրանք շահութաբեր դարձրեց:
Հարց կարող է ծագել. իսկ ի՞նչ շահ ունեն արտասահմանեան ընկերութիւնները, որոնք մեծ ներդրումներ են կատարում յայտնի, բայց խնդրահարոյց կազմակերպութիւնների մէջ: Պատասխանը բաւականին պարզ է. նախ եւ առաջ նրանց գայթակղում է հնչեղ անունը, որը բազմաթիւ գնորդների է ծանօթ: Բացի այդ Հին Աշխարհի կազմակերպութիւնները բաւականին խորն արմատներ ունեն, ինչը նրանց թոյլ է տալիս բարձր որակաւորման եւ մեծ փորձի տէր անձնակազմ ունենալ : Այսպիսի միաւորումները երկուստէք շահաւէտ են դառնում. մի կողմը միւսին բարձր որակ է մատակարարում, իսկ ի պատասխան ստանում է զգալի ներդրումներ:
Արդէն ժամանակն է պատասխանել այն հարցին, թէ արդեօք բրիտանացիները չեն վախենում կորցնել իրենց ընկերութիւնները, ինչպէս միշտ տնտեսական վերլուծութիւնները փարատում են բոլոր կասկածները՝ փաստելով, որ համատեղ ղեկավարութիւն ունեցող ընկերութիւններն աւելի կենսունակ են, քան միայն մէկ երկրի կառավարիչներ ունեցողները: Այստեղ միայն մէկ կասկած է մնում. արդեօ՞ք Միացեալ Թագաւորութիւնը նոյն խանդավառութեամբ կընդունի օրինակ՝ չինացի գործարարներին. չէ՞ որ վերջիններս երբեւէ իրենց հպատակները չեն եղել, իսկ ներկայումս Չինաստանն ամենաարագ զարգացող երկրների շարքում է, հետեւաբար այսպիսի հնարաւորութիւնն աւելի հաւանական է դառնում: Այս հարցը միանշանակ պատասխան չի կարող ունենալ:
Այսպիսով նման գործարքների կարիք ունեցող ֆինանսաւորողները պէտք է շտապեն, քանի դեռ զարգացած երկրները ընդունում են իրենց: