
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Մաքառումի դասն անողոք
Մենք սերտել ենք Վարդանանքով
Ու դարերի փոշու դիմաց
Տոկացել ենք յանց լեռ Մասսեաց:
Այժմ չի պատի ձեր հողմը բութ
Գագաթներին մեր ձիւնակութ,
Որ մխրճել ենք դարերի
Լուսաթաթախ գիրկն եթերի:
Այնտեղ Այբն է արեւ վառում,
Արդարութիւն աղաղակում:
Բենը բանի բուրվառն է սուրբ,
Բոց է բորբոք,
Բարձունք է լուրթ:
Գիմը գոյի գինեգաւն է,
Գիտութեան վեհ գերական է:
Դան՝ դաշնալուր դրուաբանը,
Սասմայ Դաւթի դիցականը,
Հայոց դպրոց, դասարանը:
Եչը երգ է ու երգերգոց,
Գողթան կուսանց անուշ հոգոց:
Զան զանգակն է մեր զօր զարմի,
Զրնգոցով ազատազնի:
Է՝ էութեան Էջմիածին,
Էպոսը մեր էթնոսածին:
Ըթ՝ ընտանի, ընտանեկան,
Այլեւ ըմբոստ, ընդդիմական:
Թորգոմեան Թոն թոնիր է թէժ,
Ժայթքում է Ժէ հայրենավրէժ:
Ինին ինքեան իմաստութեամբ
Իմացութիւն է ինքնութեան:
Լիւն՝ լեզու է լեռնաստանի,
Մաշտոցական տեսլականի,
Որ սրբեղ է ու լուսածիր
Լիանուագ, հնչիւնալիր:
Խորախորհուրդ խազմական Խէն
Խիստ ու խրոխտ է ապաքէն:
Ծագեցնում է Ծան՝ ծիածան,
Կենի կամքով կոթողական:
Համազգային հայալեզու
Հոն յամօրէն է հայասուն:
Ձայ՝ մատենից ձոյլ ձեռագիր,
Ծաղկադրուագ, երկաթագիր:
Ղօղանջող Ղատ՝ ձայնեղ փանդիռ:
Ճէ՝ ճառագայթ ճշմարտութեան:
Մեն՝ իմաստը մեր մեծութեան:
Յին յիշատակն է սուրբ հաշտից
Նուիրական Նաւասարդից:
Նուն ներդաշնակ ներբող է նուրբ
Նպատակի նորոգ ու սուրբ:
Շայ՝ շանթ է շէկ ու շկահիւն,
Ոգորումով Ո՜ հմայուն:
Չարադրուժ Չան է չքնաղ,
Պակուցում է քանց Պէ խիզախ:
æինջ է ջեռ æէն,
æինջ է յանց ջուր,
Ծարաւաբեկ, ջինջ սառնաղբիւր:
Ռազմագոչ Ռան ռազմիկ է ծուռ,
Փոցխը, մաճը, բահը ի բուռ:
Սէն սխրանքի սէր է ու սուր,
Վատութեան դէմ՝ Վեւ սայրասուր:
Տիւն, Րէ՝ տարերք են տարափոխ,
Տարր արգաւանդ, բերրի մայր հող:
Ցոն ցանք է ցիր ցորեն արտի,
Ոսկուն ցոլանք ու ցօղ ցայգի:
Վիւնը փոքր չէ, ո՛չ էլ հիւծուած,
Հիւսուած նարօտ է երանգուած:
Ու թէ փողփայ, փայլատակի
Փոթորիկը Փիւր կը փրթի,
Քերթելու Քէ քնարական,
Քաղցրաբարբառ, քանքարական…
Տառ ու գրի գիւտ գերագոյն,
Ձեռամբ հզօր ու սրբագոյն
Սուրբ Մեսրոպի, սուրբ Սահակի
Փառքով անխախտ յաղթանակի,
Ոտքի է, օ՜ն, վեհ պայքարի
Մեր դրօշն է տանում մարտի,
Ազգապահպան մեր խոյանքի
Ու սխրանքի,
Որ տքնական տոկունութեամբ,
Արարատեան տիտանութեամբ,
Ամրակուռ է մեր հայութեամբ,
Հայոց լեզուով, աւանդութեամբ…
Արդ, մեր դիմաց, ո՛չ, չի պատի
Ձեր հողմը բութ ու տմարդի,
Քանզի վաղուց
Մաքառումի դասն անողոք
Մենք սերտել ենք Վարդանանքով:
Թեհրան, 19820723
=========================================================================================================
ժայռանման
Մեր արմատները մենք մխրճել ենք
Լեռների կարծր ժայռերի մէջ,
Հիւթեղ աւիշը յանց կենսատու բերք
Ստանում ենք նոյն ժայռերից պերճ:
Թէեւ պատմութեան յեղյեղուկ ճամբում
Փոթորիկներն են ծեծել մեզ յար,
Բայց մեր փշրանքը աւազ չի դառել,
Այլ մնացել ենք անփշուր ժայռ:
Եւ մեր կողքերից ժայթքել են քարեր,
Քարեր, որ ժայռ են դարձել կրկին.
Մենք այդպիսով ենք միշտ յարատեւել,
Սնել ենք սերունդ ժայռի ժեռին.
Ու քանդակել ենք ժեռուտ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ…
Թեհրան, 19811204
=================================================================================================
ՍՐԲԱԶԱՆ ԵՐԱԶ
Խաւար էր իջել աշխարհի վրայ,
Խաւար էր իջել ե՛ւ հոգիներին,
Լոյս չկար անգամ գունատ, հեռակայ,
Հսկայ անդունդ էր բացւում ահագին:
Անդունդի եզրին կանգնել էր դողդոջ
Մի ողջ ազգ, երկրով բաժան ու տկար.
Եւ չկար յոյսի ոչ մի քար, կամ խոչ,
Որին յենուելով չընկնէր փոս ու դար:
Արեւն էր ծագում ուրիշի՜ համար…
Մեր դէմ խաւարն էր խաւարին պատում,
Ու աշխարհային խաւարից խաւա՛ր
Հոգո՛ւ խաւարն էր ազգին թրատում:
Եւ նա էլ քուն էր խաւարում այն մութ,
Ու խաւար կեանքով յղփանում էր նա.
Բայց ընդոստ ծագեց բոցով մի կապոյտ
Մի անմահ երազ՝ մեծ սրտում նրա…
Մի երազ ծնուեց հրով սրբազան,
Ու վառեց այն ինչ խաւար էր ու սեւ.
Եւ այն երազում գոյներ զանազան
Իրար մերուեցին ու դարձան արեւ…
Ա՜… արեւ, արեւ… նա ձեռքը մեկնեց,
Մութը ճեղքելով բռնեց արեւին,
Արեւին բռնեց… Ա՜… աղաղակեց
Ու Ա՛ քանդակեց երկնքի դէմքին:
Ա՜, Այ՛բ… նա գոչեց… արեւ ու աստուած.
Ա, աշխարհարար, Ա, անմահութիւն.
Ա, աղբիւր կեանքի ամենատարած.
Ա, արդարութիւն, Ա, ազատութիւն…
Տառ-տառ ծնւում էր հրաշքն անպատում
Ու մի կուռ բերդ էր յառնում բառ առ բառ,
Երկաթագրով հիմքն էր ամրանում,
Յարկն էր կամարւում երկաթաբարբառ:
Ամէն մի քիւը եւ սիւնը կայուն
Տաճար էր դառնում սրբազան ուխտի.
Մատաղ սերունդն էր դպրութեամբ սնւում,
Բացում ակօսը ապագայ բախտի:
Կայծը ընկել էր խաւարի շեղջին
Ու մէկի՛ց շեղջը բռնկուեց հրով,
Որ լափեց նոյնիսկ հոգու խաւարտչին
Գիտութեան լոյսի ազգային բառով:
Թեհրան, 19761001
Ուղղակի հրաշալի էր մեր այբուբենի հիւսուածքին, իր հնչականութեան համապատասխան նշանակութիւն ստեղծել ու իւրաքանչիւր տառին տալ առաքինի յատկութիւն եւ խոր, թելադրական իմաստ: Գրիշը յաջողած է այս սխրանքը իրագործել հաւատքով եւ տեսիլքով՝ վառ հայրենասիրութեամբ եւ մեզ վարակած է նաեւ հպարտութեամբ՝ զոր Թէքէեան «հացի եւ ջուրի» չափ կենսական նկատած է:
Վարձքդ կատար Գրիշ ճան եւ գրիչդ միշտ դալար:
Սարգիս Վահագն