Վ. ՅԱԿՈԲԵԱՆ
Սոյն տարուայ Օգոստոս ամսի 26ին տեղի ունեցաւ իրանահայ հինգ գրող-բանաստեղծուհիների միասնական ելոյթը, ներկայացնելու իրենց գրական գեղարուեստական գործերը: Ձեռնարկը կազմակերպուել էր ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղի եւ Լոս Անջելեսի Իրանահայ միութեան մտայղացումով, հանրութեան ծանօթացնելու մեր արուեստագէտ կանանց եւ նրանց տարիների աշխատանքը: Մասնակցողներն էին Ալմա Յովհաննիսեան, Ռոզմարի Յարութիւնեան-Քոհան, Սաթօ Աճէմեան-Ամիրեան, Սեդա Ադամեան եւ Հելենա Արմաշ:
Ալմա Յովհաննիսեանը գրում է անգլերէն լեզուով, ունի աւելի քան մի քանի տասնեակ գրքեր ու յօդուածներ՝ տպագրուած Թեհրանի, Լոնդոնի եւ Լոս Անջելեսի պարբերականներում: Իր վերջին վէպը բովանդակում է իր կենսագրութիւնը, որի մասին բացատրեց եւ կարդաց մի քանի էջ:
Դոկտ. Ռոզմարի Յարութիւնեան-Քոհանը գրում է ֆրանսերէն եւ ագլերէն, ունի բազմաթիւ գրքեր՝ գրականութեան տարբեր բնագաւառներում: Այդ երեկոյ Ռոզմարին ծանօթացրեց մեզ իր վերջին հատորի հետ, որը մի վաւերական վէպ է Հայոց Ցեղասպանութեան քիչ յիշուած շրջաններից: Վէպի հերոսուհին եւ պատմողը Ռոզմարիի մօրենական տատն է՝ բնիկ խոյեցի, որը այդ թիւերում լինելով փոքրիկ աղջնակ՝ մնում է իր սպաննուած ընտանիքի անդամներից մէկի դիակի տակ, իսկ գազան թուրքը նրան էլ սպաննուած կարծելով՝ տունը թալանելով փախչում է: Այս վէպը թարգմանուել է հայերէնի ու տպագրուել Երեւանում: Իսկ ամենահետաքրքրականը ներկայիս պարսիկ կառավարութեան վերաբերմունքն է այս գրքի հետ: Բացատրեմ. գիրքը նաեւ թարգմանուել է պարսկերէնի եւ տպագրուելուց առաջ պիտի անցնէր գրաքննութիւնից: Գրքում շեշտուած է, որ այդ օրերի Ատրպատականի նահանգապետը, իմանալով թուրքերի ներխուժումը Պարսկաստան՝ անմիջապէս ուղարկում է պարսկական զօրքը Խոյ եւ Մաքու, որուն յաջողւում է դուրս քշել թուրքին իր սահմաններից, ու փրկել տարածաշրջանի հայ բնակչութեանը: Այդ պատճառով էլ պատմողը գովում ու շնորհակալական իր խօսքն է ասում պարսիկ ժողովուրդին: Ներկայիս Պարսկաստանի կառավարութիւնը գրաքննութիւնից տեղեկանալով գրքում յիշուած դէպքերի մասին՝ որոշում է կայացնում իր հաշուին տպագրել գիրքն ու հրաւիրում է Ռոզմարիին Պարսկաստան, եւ խոստանում է ամէն տեսակ աջակցութիւն՝ այդ ժամանակաշրջանի պատմականը ուսումնասիրելու եւ գրի առնելու:
Սաթօ Աճէմեան-Ամիրեանը գրել է սկսել դեռ իր պատանեկան տարիքից: Նրա բանաստեղծութիւնները չափածոյ են, թեթեւ ու զգացական, եւ գուցէ մի տեսակ տէրեանական: Նա կարդաց իր արտակարգ նուրբ բանաստեղծութիւնները, որոնք մեծ ընդունելութիւն գտան ներկաների կողմից, յատկապէս՝ մօր մասին բանաստեղծութիւնը, որ ներկաները ողջունեցին երկար ծափերով ու դեռ վերջում էլ պահանջում էին, որ Սաթօն շարունակի, բայց ժամանակը սահմանափակ էր: Նրա բանաստեղծութիւնների գիրքը տպուել ու մատչելի է գրասէր հասարակութեան:
Սեդա Ադամեանը տարիներ շարունակ դասաւանդել է Թեհրանի տարբեր հայկական եւ պարսկական դպրոցներում, դրա հետ զուգընթաց աշխատակցել է տեղի տարբեր պարբերականների հետ՝ երկու լեզուներով էլ: Ունի մի քանի գրքոյկներ: Նա կարդաց իր հայերէն եւ պարսկերէն արձակ ստեղծագործութիւններից մի քանի նմոյշներ, որոնք ցոյց են տալիս Սեդայի նուրբ եւ զգայուն ներաշխարհը:
Մասնակիցներից ամենաերիտասարդն էր Հելենա Արմաշը. երբ նայում ու լսում ես նրան, տեսնում ես հայրենասէր, ազգային շնչով լցուած, խրոխտ ու գեղեցիկ հայ կնոջ կերպարը. նա էլ կարդաց իր մի քանի յօդուածները, որոնք ներկայացուել էին Երեւանի գրական համաժողովին եւ մեծ ընդունելութիւն գտել եւ պարգեւատրուել բարձր գնահատականներով:
Մի քանի խօսք էլ հանդիսականների մասին. ես յաճախ ներկայ եմ եղել տարբեր գրական երեկոյթների եւ նոր գրքերի գինեձօնների: Ընդհանրապէս քիչ թուով՝ հազիւ 10ից 30, 40 գրասէրներ են ներկայ լինում նման ձեռնարկների:
Բայց ինչ որ պատահեց այդ երեկոյ, անսպասելի ու աննախընթաց էր: Երեւակայեցէք Օգոստոս ամսուայ տաք Կիրակի օրուայ ժամը 4ին, 250 հոգուց աւելի մի խուռներամ բազմութիւն եկաւ լսելու հայ պոէզիան: Սա ժողովրդի այն հատուածն է, որին չենք հանդիպում տարբեր հաւաքոյթ-ձեռնարկներում: Այս դասը գիտէ գնահատել ու ոգեւորել արժէքաւորը:
Վերջում, գնահատելով երկու միութիւնների համագործակցութիւնը՝ ցանկալի կը լինի, որ ապագայում աւելի շատ նման ձեռնարկներ հրամցուին մեր գրականասէր հասարակութեանը: