ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ

Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան նախաձեռնութեամբ, Չորեքշաբթի, Հոկտեմբերի 17ին, երեկոյեան ժամը 7ին, Իրանահայ միութեան դահլիճում տեղի ունեցաւ Արաքս Մանսուրեանի բարձրորակ ու հիասքանչ ելոյթը:
Միութեան մթնոլորտը մտերմիկ էր: Սպիտակ շուշաններով զարդարուած բեմահարթակից հոգեւոր իմաստ ու շունչ էր յորդել դէպի դահլիճ: Յաճելի էր, որ կարճ ժամանակամիջոցում կազմակերպուած սոյն միջոցառումը ընդառաջուել էր ժողովրդի կողմից, եւ Իրանահայ միութեան դահլիճը, ինչպէս միշտ, լեփ-լեցուն էր արուեստասէր հանդիսատեսներով: Ներկայ էին երգահան ու երաժիշտ մաէստրօ Կոստանդին Օրբէլեանը, անուանի երգչուհիներ, ԻՀՄ Կենտրոնական, Խնամակալ, Տիկնանց եւ յարակից բաժանմունքների նախագահ-նախագահուիներ, անդամներ, օտար ու հայ հիւրեր եւ մեծ թուով երիտասարդներ:
Հանդիսութեան բացումը կատարեց ԻՀ միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Նժդիկ Փիրջանեանը: Նա ողջունելով ներկաներին, հպարտութիւն յայտնեց, որ ԻՀՄ յարկի տակ հիւրընկալում են միջազգային բեմերում փայլող արուեստագիտուհիներ Արաքս Մանսուրեանին եւ Լիզա Բելլին: Ապա բեմ հրաւիրեց Լոս Անջելեսի ՀՀ գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանին:
Հիւպատոս Գ. Յովհաննիսեանը ամփոփ գծերով անդրադարձաւ Արաքս Մանսուրեանի գործունէութեանը, ձեռքբերումներին եւ, շեշտը դնելով նրա նկարագրի իւրայատկութեանը, ասաց. «Հետաքրքիր է արուեստագիտուհու ներքին ու արտաքին ներդաշնակ՝ հայուհու կերպարը, նրա պայքարունակ հոգին, ուժականութիւը եւ արուեստի ասպարէզում նրա անշեղ գործունէութիւնը: Արաքս Մանսուրեանը այն բացառիկ կանանցից է, որ կեանքի դաժան խաղերի հետ պայքարել, քաջութեամբ յաղթահարել եւ քայլել է առաջ: Տարիները նրա վրայով անցել են աննկատ, եւ նա պահպանել է իր հմայքը»: Արաքս Մանսուրեանը 1974թ. աւարտել է Կոմիտասի անուան Պետական երաժշտանոցը եւ ընդունուել Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոն՝ որպէս մեներգչուհի: Նա երգել է նաեւ Թբլիսիի օպերային թատրոնում, Թումանեանի ծննդավայր Լոռիում եւ 1989ին՝ ԱՄՆում: Բազմիցս մենահամերգներ է ունեցել Հայաստանում եւ արտասահմանեան մի շարք երկրներում, ծրագրում, եւրոպական երգահանների կողքին, ունենալով Կոմիտաս, հոգեւոր միջնադարեան երգեր, հայ երգահանների ստեղծագործութիւններ: Այժմ բնակւում է Աւստրալիայում, հանդիսանում է «Սիդնի Օպերա Հաուս»ի մենակատար: Զուգահեռ դասաւանդում է Սիդնիի երաժշտանոցում՝ հանդիսատեսին ծանօթացնելով հայկական երգարուեստը: Նրա շնորհիւ բազմաթիւ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչեանի, Մելիքեանի, Սպենդիարեանի եւ այլ հայ երաժիշտների ստեղծագործութիւները: Երգչուհի Լիզա Բելլին 7 տարի աշակերտել է Արաքս Մանսուրեանին, եւ նրանք այսօր, երկու սոփրանօներ, ելոյթ են ունենում բեմերում: Վերջում հիւպատոսը ընթերցեց Աւստրալիայի վարչապետ Ժուլիա Գիլերդի գնահատական ուղերձը: Ապա բեմ բարձրացաւ ԻՀՄ Խնամակալ մարմնի խորհրդատու Թոմիկ Ալեքսանեանը եւ յայտարարեց, որ կեանքի է կոչուել քաղցկեղի դէմ պայքարելու բարեսիրական մի ֆոնդ: Այդ նպատակով երգչուհիների ձայնաերիզները վաճառուում են միութիւնում, որոնց ամբողջական հասոյթը յատկացուելու է Հայրենիքում քաղցկեղով տառապող երեխաներին եւ քաջալերեց ներկաներին գնել ու տարածել գաղափարը:
ԱՐԱՔՍ ՄԱՆՍՈՒՐԵԱՆԻ ՄՈՒՏՔԸ ԲԵՄ
Արաքս Մանսուրեանը բեմ բարձրացաւ առեղծուածային դիրքով. նրա կարմիր ու սեւ ճաշակաւոր զգեստը, մետաքսեայ մազերը եւ բեմական պահւածքը ուշագրաւ էին, իսկ երբ հնչեց նրա առաջին՝ Կոմիտասի «Մարօն է կայնել» երգը, սրահը անշշուկ, ելեկտրականացած զմայլուեց նրա ելոյթով: Ապա հանդէս եկաւ Լիզա Բելլը սեւ, գիշերային գեղեցիկ զգեստով, եւ մեկնաբանեց Կոմիտասի «Հով արեք» երգը, համոզիչ եւ այնքան հստակ հայկական առոգանութեամբ, որ հարցնում էինք միմեանց. «Նա հա՞յ է»: Յայտագիրը շարունակուեց երկու սոփրանօների մէջ ընդ մէջ կատարումներով, որոնք մերթ մենակատարութեամբ ու մերթ զուգերգով հանդէս էին գալիս Կոմիտասի, հոգեւոր միջնադարեան երգերի, հայ եւ օտար երգահանների ստեղծագործութիւններով: Երգացանկը ընտրուել էր բծախնդրութեամբ, մեկնաբանուեցին աւելի քան 13 բարդ ու հետաքրքիր դասական երգեր եւ օպերաներից քաղուած արիաներ: Միջոցառման մակարդակը պատկերացնելու համար անհրաժեշտ եմ համարում յիշատակել յայտագիրը: Առաջին բաժնում մեկնաբանուեցին Կոմիտասի «Հով արեք», «Գարուն ա», Les Filles de Cadix (Delibes)- Guisto Chiel, Lassedio di Corinto (Rossini)- Summertime, Porgy and Bess (Gerhwin)- Sull- Aria, Marrage of Figaro (Mozart) ստեղծագործութիւնները:

Ընդմիջումից յետոյ յատագրի երկրորդ բաժինը սկսուեց Լիզա Բելլի ելոյթով: Նա ըմբռնումով կատարեց Կոմիտասի «Գարուն ա» երգը, ապա, մէկ ընդ մէջ երկու երգչուհիներ իրար յաջորդելով, ներկայացրին Scherza infida, Air of Ariodante (Handel)-Song to the Moon, Rusulka (Dvorjak): Կոմիտասի «Քելէր-ցոլեր»ը ներկայացրեց Արաքս Մանսուրեանը: «Կռունկ»ը Լիզա Բելլը հնչեցրեց կատարողական արուեստի համոզիչ ու մանաւանդ բառերի արտայատչականութեան ճշգրիտ արտաբերումով՝ կենդանացնելով հայի պանդխտութիւնը խորհրդանշող ԿՌՈՒՆԿԸ: Իսկ վերջին երգը՝ Բ. Կանաչեանի «Օրոր»ը, Արաքս Մանսուրեանը երգում էր ամբողջ բջիջներով, նրա հոգին եւ մայրական զգացումները թեւածում էին մեղեդիների ոլորտներով, իսկ նրա թատերականացած նրբագեղ շարժումները, մանկիկին քնացնելու ձեռքերի տարուբերումը, այնքան բնական էր ու յուզիչ, թափանցում էր ներկաների սրտերը: Մենք շղթայուած էինք մեր զգացումներով: Հանդիսատեսները բռավոներով եւ յոտնկայս, անվերջանալի ծափողջիւններով եւ ծաղկեկողովներով գնահատեցին նրանց: Երգը կրկնուեց, բայց՝ այլ տարբերակով. «Օրոր»ը ներկայացուեց զուգերգով, Լիզա Բելլի հետ: Ամբողջ համերգի ընթացքում դաշնամուրի վրայ նրանց ընկերակցում էր ճանաչուած երաժիշտ Լեւոն Աբրահամեանը իր անզուգական նուագակցութեամբ:
Խնամուած եւ բարձրորակ էր միջոցառումը: Աշխարհահռչակ Արաքս Մանսուրեանն ապացուցեց, որ արուեստը պիտի մատուցել բարձրորակ մակարդակով, եւ իզուր չէ, որ նա բազմաթիւ օտարազգի երիտասարդ երգիչ-երգչուհիների երգացանկում յաջողել է ուսուցանել Կոմիտասի, Կանաչեանի, Մելիքեանի, Սպենդիարեանի եւ այլ հայ երաժիշտների ստեղծագործութիւններ, որոնցից մէկին՝ Լիզա Բելլին հանդիպեցիք սոյն ձեռնակում, Իրանահայ միութեան դահլիճում: Նրա կատարումները ու մանաւանդ Արաքս Մանսուրեանի հետ զուգերգերը ապացուցում ու հիմնաւորում էին Արաքս Մանսուրեանի ուսուցչական կարողութիւնը: Զուգերգերում երկու երգչուհիների իրար հանդէպ ունեցած սէրն ու յարգանքը, ձայնային ելեւէջները եւ հոգուց բխած խայտն ու երգեցողութիւնը, յուզական էին ու զգացական: Գնահատելի է Արաքս Մանսուրեանի առաքելութիւնը: Նա հպարտութեամբ ու առեղծուածային անհատականութեամբ յաջողել է իր ասպարէզում օտարներին ծանօթացնել հայ արուեստի ու մշակոյթի գոհարները, չկորցնելով իր հմայքը:
Վարձքդ կատար, սիրելի Արաքս Մանսուրեան: