ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Երբ աշխարհը խօսում է լինել չլինելու հեռանկարների մասին, տնտեսական առումով, իսկ համաշխարհային շուկաները տատանւում են այնպիսի արագութեամբ, որ ճօճանակ են յիշեցնում, ստեղծելով ու սրբելով միլիարդաւոր դոլարներ, այս ֆօնի վրայ կատարւում են իրադարձութիւններ, որ մարդու զարմանք է առաջացնում: Սրա մասին քիչ յետոյ: Պարզւում է, որ տնտեսական վերելքի տարիներին հարիւրաւոր միլիարդների կարողութիւն է ստեղծուել, առանց դրա համար բաւարար հիմքերի: Արհեստական գնաճների, անշարժ գոյքի պղպջակների, եւ այլ կեղծ միջոցներով մարդկանց գրպանում ու բանկային հաշիւների մէջ միլիոնաւոր դոլլարներ առաջացան, եւ ճգնաժամի գալստեան հետ յօդս ցնդեցին, իրենց հետ տանելով նաեւ իրական արժէքներ, դարձեալ տնտեսական առումով: Միաժամանակ, գերհարուստների մի զգալի մասը բազմապատկեց իր ունեցուածքը, աւելի հարստանալով: Այսպէս կոչուած «մէկ տոկոսը», ինչպէս անուանում են գերհարուստներին, տնտեսական ճգնաժամի օրերին ծլեց, ծաղկեց, զօրացաւ ու շարունակում է իր յաղթարշաւը: Նրանց համար վտանգաւոր չեն տնտեսական ճօճանակի վայրիվերումները, իսկ շատերի համար այս տատանումները նոր հնարաւորութիւններ են ստեղծում: Մի տեսէք թէ ինչպիսի կատաղի պայքար է գնում, երբ խօսքը վերաբերւում է հարուստների հարկերի բարձրացմանը. Նրանք արդարութիւն են պահանջում, բարձրաձայն աղաղակում են, թէ իրենց որպէս թիրախ ընդունելը անարդար է, թէ բոլորը պէտք է հաւասարաչափ տանեն ներկայ վիճակի ծանրութիւնը: Միաժամանակ գտնւում են ընկերութիւններ, ովքեր ապրանքներ ու ծառայութիւններ են հնարում, որոնց արժէքը տասնապատիկ կա՛մ հարիւրապատիկ անգամ ուռճացուած է իրական արժէքից: Ապա ինչպէ՞ս կը բացատրէք, որ 2 հազար դոլարի ինքնարժէք ունեցող ժամացոյցը վաճառւում է 30 հազար դոլարով: Այս մասին տեղեկացայ ընկերոջիցս, ով անմիջապէս զբաղւում է եւրոպական այս բրենդի ժամացոյցների պատրաստմամբ: Իսկ «մէկ տոկոսը» գնում է այդ ժամացոյցը, քանի որ ինչ որ կերպ պէտք է հաստատի իր կարողութիւն ունենալու փաստը: Ստեղծւում են ապրանքներ ու ծառայութիւններ միջին դասակարգի (որ գնալով հալւում է) համար եւս: Օրինակ, դեկտեմբերի 7ին «Սթարբաքս»ը վաճառքի է հանել սահմանափակ քանակութեամբ «գիֆթ քարտ»եր, որոնք արժեն 450 դոլար: Այս քարտերը մետաղեայ են: Ահա մարդիկ, ովքեր յաճախ են «Սթարբաքս» այցելում, արդէն աշխուժօրէն խօսում են, թէ ովքեր կը լինեն այդ «երջանիկները», որ կը կարողանան ձեռք բերել նոր քարտերը: Այս քարտերով մարդիկ ի վիճակի կը լինեն գնել 100 ից աւելի «ֆրապուչինօ», կա՛մ 200 հատ այլ տեսակի սրճեղէն: Բայց կարեւորը ոչ թէ սուրճն է, այլ այն, որ սահմանափակ քանակի քարտ պիտի տրուի մարդուն, այն էլ ծննդեան տօներից անմիջապէս առաջ, եւ այս իւրօրինակ նուէրի տէրերը երջանիկ կը լինեն, քանի որ իրենք կ’ունենան մի բան, որ միլիոնաւոր մարդիկ չունեն: Նմանօրինակ հոգեբանութիւնը դարձել է մեր առօրեայի անբաժանելի մաս: «Ես ունեմ մի բան, որ շատերը չունեն» միտքը պէտք է որ երջանկութիւն բերեր մարդուն, շատերի համոզմամբ: Բայց արի ու տես, որ այս զգացումը շատ կարճ է տեւում, ու շատերը դժբախտանում են, դուրս գալով մրցավազքի, մէկ այլ ապրանք, ինքնաշարժ, տուն, կա՛մ ծառայութիւն գնելու: Անկախ առարկայի արժէքից, նոր գնումը ժամանակաւոր հաճոյք է պատճառում, իսկ դրա արդիւնքում առաջացած դատարկութիւնը (խելացի մարդու համար) աւելի է մեծանում: Տխմար մարդիկ եւս վայելում են իրենց ձեռքբերումը, նրանց ե՛ւս պատում է դատարկութեան զգացումը առարկային տիրանալուց կարճ ժամանակ յետոյ, բայց այսպիսիները չարանում են իրենց, շրջապատի, ու աշխարհի հանդէպ, կարճ ժամանակ անց: Նրանց չես կարող համոզել, թէ որտեղ է ընկած իրենց չարանալու աղբիւրը:
Ծննդեան ու Նոր Տարուայ տօներն են առջեւում: Ոչ մի խնդիր չկայ, եթէ որոշել էք թանկարժէք նուէր գնել ձեր մերձաւորի համար, չէ՞ որ աշխատել էք այդ գումարը: Պարզապէս աւելի հաճելի կը լինի, եթէ ձէր նուէրը համեմէք մի ջերմ համբոյրով, մի սրտաբուխ երկտողով, որն աւելի կ՛ընդգծի այն փաստը, թէ կարեւորը ոչ թէ առարկան է, այլ ձեր վերաբերմունքը: Իսկ եթէ հնարաւորութիւն չունէք մեծ նուէրներ գնելու, ցաւ չէ: Մի ընկճուէք, քանի որ առարկայի առաջացրած հետեւանքը ժամանակաւոր է:
Իսկ ամենակարեւորը, երեւի թէ չարժէ առարկայի ինքնարժէքից հարիւր կա՛մ հազար անգամ աւել վճարել նուէրի համար՝ տպաւորելու նպատակով:
Պի՛նդ կացէք, կ՛ասէր աներհայրս: