———————————
ՕՆՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
———————————

2012 թուականը բեղմնաւոր տարի է եղել Ռուբիկ Օհանեանի համար, որովհետեւ այդ տարուայ ընթացքում նա հասցրել է տպագրել երեք գիրք, որոնք յամառօտակի ներկայացնում ենք ստորեւ.
Ա) Բառացանկ-Բառարանը, որը 174 էջերի սահմանում ընդգրկում է Սալմաստի բարբառում գործածուող շուրջ 3700 բառեր՝ իրենց իմաստով: «Բառացանկի մէջ ներառուլ են նաեւ՝ հեղինակի Ներածականը եւ մի մեծադիր նկար:
Բ) Առածանի Սալմաստ գաւառի բարբառով գրքոյկի 60 էջերի մէջ տեղ են գտել՝ շուրջ 880 առած, հինգ նկար, հեղինակի Ներածականը եւ Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոսի Ողջոյնի խօսքը:
Գ) Խինդ ու Խոհ գրքի 245 էջերի մէջ հեղինակը հաւաքել է մի շարք երգիծական խօսքեր, անեկդոտներ, կատակ ու ծիծաղ, մտորումներ, ասացուածքներ, մտքեր ու իմաստուն խօսքեր եւ այլն: Լեզուն պարզ գրական հայերէնն է, սակայնտեղ-տեղ նկատւում են ուղղագրական եւ լեզուական վրիպումներ:
Երեք գրքերն էլ տպագրուել են Թեհրանում, Ալիք տպարանում եւ իւրաքանչիւրը 500 տպաքանակով:
Ռուբիկ Օհանեանը ծնունդով Սալմաստ գաւառի (պատմական Զարեհաւան գաւառ) Հաւթուան գիւղից է: Այժմ նա բնակւում է Ատրպատականի Թաւրիզ քաղաքում: Նա այս աշխատութիւններում որոշ չափով օգտագործել է իր հօր գրառումները եւ գրքերի հրատարակութիւնը նուիրել է իր ծնողների՝ հանգուցեալ Մեխակ եւ Գոհար Օհանեանների անմեռ յիշատակին:
Տասնամեակներ առաջ Սալմաստը կանգուն էր իր հայահոծ բնակչութեամբ: Սակայն այսօր, դժբախտաբար, այդ գաւառը, որ հայ ժողովրդի համար աշխարհաքաղաքական տեսակէտից կարեւոր դիրք ու նշանակութիւն ունի, գրեթէ հայաթափ է: Գիւղերը մեծ մասամբ քրդաբնակ, թրքաբանակ ու ասորաբնակ են: Հայկական եկեղեցիները, ուխտատեղերը, գերեզմանատները, պատմական նշանակութիւն ունեցող վայրերն ու մշակութային կոթողները լքուած են իրենց բնիկ տէրերից: Յատուկ ծէսերն ու աւանդոյթները, բարբառը, հոգեւոր մշակոյթն ու բանահիւսութիւնը միգամած են ու չքացման են դատապարտուծ:
Այս պայմաններում խիստ գնահատելի է Ռուբիկ Օհանեանի մտահոգութիւնն ու կատարած աշխատանքը՝ գէթ փրկելու համար որոշ պատառիկներ: