ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Հայաստանի քաղաքական վարքականոնի մէջ տրամաբանութիւն փնտռելն անիմաստ ու անշնորհակալ գործ է: Անիմաստ է, ի հարկէ, եթէ դատողութիւններդ պիտի փորձես կառուցել քաղաքագիտական, քաղաքակրթական կամ ժողովրդավարական չափանիշների ու կանոնների վրայ: Բայց քանի որ, հակառակ ՀՀ սահմանադրական ամրագրմանը, ժողովրդավարութիւնը հեռաւոր աղերսներ իսկ չունի հայաստանեան խաղի կանոնների հետ ու ժողովրդավարական ինստիտուտներն էլ սոսկ բուտաֆորիներ (թատրոնի բեմի աշխատող, որ վարագոյրի ետեւէն զանազան առարկաներ կը մաաուցէր դերակատարներուն-Խմբ.) են եւ ծառայում են իշխանութեան խաղի կանոնների լեգիտիմացմանը (օրինականացման-Խմբ.), ուրեմն այն, ինչ կատարւում է Հայաստանում, շատ էլ բացատրելի է եւ գործող քաղաքական աւանդոյթների ու քաղաքական մշակոյթի համատեքստում նոյնքան էլ տրամաբանական:
Շուրջ մէկ ամիս էր հայ «քաղաքական միտքը», գրեթէ շեքսպիրեան ծանրութեամբ, սեւեռուել էր մէկ հարցի շուրջ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանը կ՛առաջադրի իր թեկնածութիւնը նախագահական ընտրութիւններին, թէ՝ ոչ:
Ու մինչ առաջնորդը մտածում էր, մամուլն ու զանգուածային լրատուամիջոցները ողողուած էին հնարաւոր զարգացումների սցենարներով (բեմագրութիւններով-Խմբ.): Իսկ այդ սցենարներում եւ քաղաքական դիսկուրսում (խօսակցութիւններու մէջ-Խմբ.), ինչպէս յարիր է Հայաստանին, օրակարգայինն ընդամէնը անձերի եւ ոչ երկրի հեռանկարի որակական ու բովանդակային խնդիրներն են:
Հաւանաբար սա էլ է բացատրելի, որովհետեւ մեզանում քաղաքական գունապնակը վաղուց երկու գոյնից է բաղկացած՝ սեւից ու սպիտակից, մերոնցից եւ ոչ մերոնցից, եւ միեւնոյն քաղաքական թիմում լիբերալի, պահպանողականի, քրիստոնեայ դեմոկրատի, ռուսամէտի կամ արեւմտամէտի ներկայութիւնն անգամ զարմանալի չէ: Զարմանալի չէ, որովհետեւ տղերքը շատ պարզ մի խնդիր են լուծում՝ իշխանամերձութիւն եւ իշխանակազմութիւն:
Յանկարծ չշփոթել իշխանակազմութիւնը ընտրութեան հետ. Հայաստանում ընտրութիւնները ոչ իշխանակազմութեան եւ ոչ էլ իշխանափոխութեան գործիք են: Պարզապէս քրէաօլիգարխիկ տարրը ընտրական գործընթացների իր մասնակցութեամբ ու ծառայութիւններով՝ կազմակերպում է իշխանութեան վերարտադրութիւնը եւ ըստ իր «ներդրումների» ու հաւատարմութեան ռեսուրսի սոցիալական եւ տնտեսական լծակների բաժնետէր դառնում:
Ու շարքային հայաստանցին, ինչպէս միշտ, կանգնում է վատի ու աւելի վատի ընտրութեան առջեւ:
Քաղաքական այսպիսի համապատկերի վրայ ԲՀԿն փոխանցում է իր որոշումը. Գագիկ Ծառուկեանը ընտրութիւններին չի առաջադրւում եւ նախագահական ընտրութիւններին չի սատարելու որեւէ քաղաքական ուժի: Ահա այսպիսին է խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի որոշումը, որին խորհրդարանական ընտրութիւններին աջակցել է շուրջ 450,000 ընտրող: Մի կողմ թողնելով աջակցութեան որակը (սոցիալական գործօն, ընտրակաշառք, ադմինիստրատիւ ռեսուրս (վըարչական միջոցներ-Խմբ.) եւ այլն), այնուամենայնիւ Հայաստանի ընտրողների մէկ երրորդը կազմող այդ 450,000 քաղաքացիները իրաւունք ունին մոլորուելու կամ իրենց խաբուած զգալու: Ու քանի որ Հայաստանում քաղաքական գործընթացներում տրամաբանութիւն փնտռելն անիմաստ է եւ նոյնքան էլ անիմաստ քաղաքական պատասխանատուութեան ինստիտուտից խօսելը, անմիջապէս շրջանառութեան մէջ են դրւում

հնարաւոր ալիբիները (արդարացումները-Խմբ.). Հայաստանի ճակատագիրը դրսում է որոշւում, ներքին ու արտաքին ճնշում, ռուսական եւ ոչ ռուսական գործօն եւ այլն:
Այն, որ քաղաքական այսպիսի զարգացումներն անհեռանկարայնութեան, յուսահատութեան եւ ազգային անկարողութեան մթնոլորտն են թանձրացնում յստակ է: Նոյնքան էլ վտանգաւոր է այն հիւանդագին իրողութիւնը, որ մեղաւորներ տեսնում ու փնտռում ենք ամէնուր, բացի ինքներս մեր մէջ: Ու այս էլ քանի դար պատմութիւնը դաս չի դառնում մեզ. Հայաստանի բախտը կը շարունակենք դրսերի հետ կապել ու նրա ճակատագրի բանալին օտարին վստահել, քանի դեռ հայ ժողովուրդը մասնակից չէ սեփական իշխանութեան ձեւաւորմանը:
Մինչդեռ քաղաքական այս ամլութեան մէջ մեղաւոր ու դերակատար են բոլորը եւ առաջին հերթին իշխանութիւն- քաղաքական մեծամասնութիւնը, որը սեփական տրոյական ձիերով խաթարում է ժողովրդավարական պետութեան բանաձեւը:
Խուճապի եւ իրավիճակը սթափ գնահատելու մարտահրաւէրի առջեւ է նաեւ ընդդիմութիւնը: Այն ընդդիմութիւնը, որին այդպէս էլ չի յաջողւում միասնական ազգային-քաղաքական օրակարգ ձեւաւորել ու երկիրը փոսից դուրս բերել:
Չեմ ուզում թանձրացնել գոյները, բայց ստեղծուել է մի իրավիճակ, ուր քաղաքական թէ սեւ, թէ սպիտակ կողմերը չեն պատասխանում հանրային սպասումներին, ձգտումներին ու պատուէրին, չեն կարողանում բաւարար համոզիչ լինել միասնական ճակատ ու օրակարգ ձեւաւորելու հարցում:
Ո՞րն է երքը, Ինչպէ՞ս ազատագրուել այս երկու տասնամեակների ընթացքում ձեւաւորուած մեր պետական-ազգային ընթացքը խափանող հակաքաղաքակրթական բարքերից ու բանաձեւից, ռեժիմից, որ երկիրը քաղաքական ճգնաժամի է յանգեցրել:
Գուցէ Ծառուկեանի քաղաքական պայքարից հրաժարուելը նաեւ քաղաքական սանիտարիայի (առողջացման-Խմբ.) սկիզբ դառնա՞յ:
Կը յաջողուի՞ արդեօք քաղաքական որեւէ ուժի կամ անհատի օգտագործել ժողովրդի հիասթափութեան եւ յուսահատութեան էներգիան (ուժը-Խմբ.) եւ այն ուղղորդել ի նպաստ Հայաստան պետութեան շահի, ցոյց կը տայ ժամանակը:
Իսկ մինչ այդ վիճակագրութիւնը շարունակում է անողոքօրէն արձանագրել. անցեալ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստանից 70,000ով աւել մարդ է հեռացել: