ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Իրանահայ ազգագրական եւ պատմաբանասիրական գրականութեան երախտաշատ վաստակաւոր, բազմաթիւ հրատարակութիւնների հեղինակ Լեւոն Գ Մինասեանը անցնող աւելի քան 60 տարիների հետեւողական ու նուիրուած աշխատանքով ակնառու իւրովսանն (իր կարողութեան համաձայն-Խմբ.) է ներդրել Իրանի Նոր Ջուղա հայաքաղաքի, նրա շրջակայ գաւառների, մասնաւորաբար Փերիա գաւառի մշակութային, կրթական, հրատարակչական, ընկերային, ազգագրական, աւանդական, պատմական, եկեղեցական, ազգային-հասարակական միութիւնների ու մարմինների պատմութեանը վերաբերող նիւթերի, աղբիւրների եւ ակունքների ուսումնասիրութեան բնագաւառում: Մի քանի նիւթերի դէպքում, կապուած Նոր Ջուղային ու Փերիա գաւառին, նրա աշխատութիւնները սկզբնաղբիւրային արժէք ունեն:
Լ Գ Մինասեան նշանաւոր բանասէրի, հասարակական, ազգային եւ կրթական գործչի նկարագիրը կոփուել ու ամրացել է նրա հայրական ընտանիքի նահապետական հարկի տակ. նրա մանկութեան ու պատանութեան Խոյգան գիւղի, ապա Նոր æուղա հայաքաղաքի Կենտրոնական դպրոցի դասարաններում ու նստարանների վրայ, ուր փնտռող ու որոնող պատանին էջ առ էջ, ու գիրք առ գիրք հասունացել է հայութեամբ ու կրթութեամբ, նուիրականութիւններով ու յանձնառութիւններով, որ կեանքի հերկուող դաշտում իր վեցկու ակօսը բանայ: Եւ բացել է:
Դեռեւս պատանի նա սկսում է բանաստեղծութիւններ գրել, ինքնուրոյն, առանց մէկի խրախուսանքի: Շուտով նա սկսում է հանդէս գալ Թեհրանում հրատարակուող «Ալիք» օրաթերթում, որին շարունակաբար աշխատակցել է 1940 թուականից ի վեր:
Լ Գ Մինասեանի առաջին հրատարակած գիրքը՝ «Պատմագիր Ստեփանոս Երէց» հատորն է, տպուած 1956թ: Գիրքը ներկայացնում է Փերիա գաւառի Հազարջրիբ գիւղի Տէր Ստեփանոս քհնյ. Տէրտէրեանի կեանքն ու գրականութիւնը. դա առաջին լուրջ ուսումնասիրութիւնն է նրա կեանքի ու գրական ժառանգութեան, որով եւ ճշգրտւում է նրա ծննդեան թուականը, որ մինչեւ այդ ենթակայ էր տարաձայնութեան:
1964թ լոյս է տեսնում «Փէրիայի հայ աշուղները» գիրքը. ցարդ հրատարակուածներից ամենաբովանդակալից աղբիւրն է, որը կազմելու համար Լ Գ Մինասեանը ոչ թէ միայն ուսումնասիրել է մինչեւ այդ եղած աղբիւրները ու գտանելի անձնական արխիւները, այլեւ անձամբ շրջագայել է Փերիա գաւառը, գրի է առել տեղեկութիւններ եւ երգեր ծերունիներից, գերեզմանաքարերից: Գրքում տուել է գուսանների կենսագրութիւնները, նրանց երգերը, պահպանելով բարբառային հարազատութիւնը, դրանց լաւագիտակ լինելու ճշտգրտութեամբ: Անդրադարձել է գուսանական երգերի պատմական ու կենցաղային արտացոլումներին, տեղական ասացուածքներին: Այդ երգերը ուսումնասիրելով դասակարգել է ըստ կրօնական, պատմական, ազգագրական, խրատական, սիրային, հասարակական, ներբողական, հանելուկային, այլաբանական, մրցահամեմատական, երգիծական, զղջման-քաւութեան եւ զանազան նիւթերի, բնանիւթերի: 1967 թ. հրատարակել է «Երգասաց Տէր Կարապետ» մենագրութիւնը նուիրուած գուսանի կեանքին ու գործին:
1971 թուականում լոյս է ընծայել «Իրանի հայկական վանքերը», որ ներկայացնում է Սբ. Թադէ, Սբ Ստեփանոս եւ Սբ. Ամենափրկիչ վանքերը, դրանց՝ այդ թուականի իրավիճակով:
Կոթողական աշխատութիւն է «Պատմութիւն Փերիայի հայերի» հատորը, սկզբնաղբիւրային արժանիքով, հրատարակուած 1971 թուականում, որ ընդգրկում է 1606-1956 պատմաշրջանը: Կարելի ամենալրիւ պատմութեան հետ այնտեղ տրուած է նաեւ Փերիա գաւառի փոխյարաբերութիւնները Նոր æուղայի եւ գաւառների հայ գիւղերի հետ: Այս հատորը հարազատ օղակն է այն պատմագրութեան, որ սկիզբ առաւ Առաքէլ Դաւրիժեցու պատմութեամբ՝ 1602-1662թթ, շարունակեց Ստեփանոս Երէցը՝ 1665-1789թթ, ապա Նոր æուղայի երախտաւոր պատմագիր Յարութիւն Տէր Յովնանեանը՝ 1605-1870թթ, եւ արդ՝ Փերիայ գաւառի երախտաւոր պատմագիր Լ Գ Մինասեանը:
Հայ տպագրութեան պատմութեան մի շքեղ էջն է ներկայացնում «Նոր æուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը» հատորը, լոյս տեսած 1972թ: Այդ տպարանը, հիմնադրուած 1636-7թթ, Խաչատուր Վարդապետ Կեսարացու միջոցով, առաջին տպարանն է Միջին Արեւելքում, ներառեալ Հայաստանը եւ Կովկասը: Իսկ ի սփիւռս աշխարհի՝ եղած տպարանների եօթներորդն է: Գիրքը պարունակում է տպարանի տպած գրքերի ցանկը 1638-1972թթ, որ աժէքաւոր ու հետաքրքրական է:
Սկզբնաղբիւրային արժէք ունեցող հատոր է «Պատմութիւն Փերիոյ Հայոց Հիւանդանոցի» գիրքը, տպագրուած 1973թ, ուր տրուած է հիւանդանոցի հիմնադրութիւնը, նրա 30ամեայ գործունէութիւնը 1942-1972թթ, որ հանդիսացաւ ամբողջ գաւառի, ներառեալ պարսիկ եւ մուսուլմանացած վրացի գիւղերը, առաջին հիւանդանոցը, ուր վառուեց գաւառի առաջին էլեկտրալոյսը, ուր զրնգաց գաւառի առաջին հեռախօսը: Յիշեալ տարիներում գաւառի համատարած յետամնացութեան մէջ հայերը եղան նման առաջադիմութեան քայլեր անողները, առանց պետական, կամ օտարի օգնութեան, հէնց նոյն գաւառից ելած փոքրաթիւ անհատների միասնական ջանքերով: Լեւոն Մինասեանը իր պատանութեան՝ մօտից ծանօթ ու ականատես է եղել այդ արժանաւոր իրագործումին, այնուհետեւ իր լաւատեղեակութեամբ, այլեւ փաստաթղթերի ու արձանագրութիւնների հիման վրայ, կազմել է Փերիոյ Հայոց Հիւանդանոցի եւ նոյնանուն միութեան ամբողջական պատմութիւնը:
1978թ լոյս է տեսել «Համառօտ պատմութիւն Փերիոյ Կրթասիրաց Միութեան» գիրքը, ուր տրուած է գաւառի հայոց դպրոցների կարիքների եւ ուսուցչական ուժը մատակարարող միութեան յիսնամեայ գործունէութիւնը 1928-1978թթ:
Բովանդակութեամբ կարեւոր գրքոյկ է «Ծանօթագրութիւններ Նոր æուղայի պատմութեան Ա եւ Բ հատորների» աշխատութիւնը, որ լոյս տեսաւ 1980թ: Լ Գ Մինասեանը դրանով պատմական կարեւոր ճշտումներ է կատարում Նոր æուղայի պատմութեան մէջ եղած աղբիւրային անճշտութիւնների ու սխալների:
«Դիւան Սբ. Ամենափրկչեան Վանքի 1606-1960 թթ» հատորը արդիւնքն է տասը տարիների անխոնջ աշխատանքի, որով Լ Գ Մինասեանը մէկ առ մէկ կարդացել, ուսումնասիրել, դասակարգել ու ցանկագրել է Նոր æուղայի վանքի 354 տարիների հազարաւոր ձեռագրեր, գրութիւններ, կայսերական, թագաւորական ու պետական հրամանագրեր ու օրինագրեր, փաստաթղթեր, որոնց մէջ գտնւում են նաեւ ազգային թանկարժէք գրութիւններ. ինչպէս՝ 1787 թ հայ պարբերական մամուլի հիմնադիր՝ Յարութիւն Քահանայ Շմաւոնեանից. 1829թ մեր ոսկեղենիկ աշխարհաբարի ռահվիրա՝ Խաչատուր Աբովեանից. 1833թ դասական վիպասան եւ ուղեգիր՝ Մեսրոպ Թաղիադեանից. 1861թ Վասպուրականի եւ հայ յեղափոխութեան արծիւ՝ Խրիմեան Հայրիկից. 1880թ հայ ազատագրական պայքարի մտորողներից՝ Մկրտիչ Յովսէփ Էմինից. 1887թ հայ յեղափոխութեան ռահվիրաններից՝ Մկրտիչ Փորթուգալեանից. 1887թ մեծ ծովանկարիչ՝ Յովհաննէս Այվազովսկիից. 1902թ հայ թատերգութեան դասական՝ Շիրվանզադէից. 1911թ Իրանի սահմանադրութեան հայ հերոս՝ Եփրեմ Խանից. 1920 թ ամենայն հայոց բանաստեղծ՝ Յովհաննէս Թումանեանից. 1927 թ անմահ երգահան՝ Ռոմանոս Մելիքեանից. 1948թ հայ գրականութեան թուխ Արամազդ՝ Աւետիս Ահարոնեանից, եւ այլն: Առաջին հատորը հրատարակուեց 1976թ, լրացուցիչ հատորը՝ 1983թ:
Շուրջ չորս դարեայ բացօթեայ թանգարան է Նոր æուղայի հայոց գերեզմանատունը՝ հանգստարանը: Դրա մասին հաւաքած հսկայական նիւթերի մի սահմանափակ մասը օգտագործելով, Լ Գ Մինասեանը, ըստ նոյն գրքոյկի «Երկու խօսքում» տրուած բացատրութեան, ներկայացնում է հանգստարանը մի ընդհանուր ակնարկով. միաժամանակ տալիս է որոշ տեղեկութիւններ եւ պատմական տապանաքարերի արձանագրութիւնների նմուշներ: Ցանկալի է լրացուցիչ հատորով լրացնել բացը, մանաւանդ որ նիւթերը հաւաքուած են ըստ էութեան:
Հայ արհեստաւորների շնորհալի հանրաշարքում հայ ոսկերիչները, դարերի ընթացքում, ունեցել են համաշխարհային ճանաչում. «Ոսկերչութիւնը Նոր æուղայում» հատորը, թէեւ բացթողումներով, այնուամենայնիւ ներկայացնում է ազգային պարծանքի այդօրինակ մի լուսաւոր էջը. գիրքը լոյս է տեսել 1983թ:
Այսպէս կարելի է ցանկագրել ու բնութագրել Լեւոն Մինասեանի բազմաթիւ ուսումնասիրութիւնների, հրատարակութիւնների խորագրերը, որոնք կազմում են շուրջ 60 գիրք, գրքոյկ ու պրակ: Արդարեւ, խուսափելով այդ բանից, լոկ յիշատակեմ մի քանի հրատարակութիւններ եւս, որոնք վերնագրով իսկ բնորոշում են ներհուն ու բազմավաստակ գիտնական բանասէրի տքնութեան ժառանգութիւնը: «Իրանի հայ եկեղեցիները» (1983թ.), «Պատմութիւն Նոր æուղայի Ազգային Երկսեռ Դպրոցների» (1985թ.), «Հայ ազգային տօները» (1988թ.), «Գրչութեան արուեստը Նոր æուղայում» (1991թ.), «Նոր æուղայի եկեղեցիները» (1992թ.), «Իրանահայ պարբերական մամուլը» (1994 թ.), «Նոր æուղայի թատրոնը» (1995թ.), «Սպահանի հայոց թեմի առաջնորդները» (1996թ.), «Բարեգործ ու մեկենաս ջուղայեցիները» (1997թ.), եւ այլն:
Լեւոն Գ Մինասեանը իր մահկանացուն կնքեց 2012թ Դեկտեմբերի 31ին: Նոր æուղայի ազգային մարմիններին է մնում տէր կանգնելու Լ. Գ. Մինասեանի գրական, պատմաբանասիրական հսկայական արխիւին, ի պահ առնելով այն Նոր æուղայի Սբ Ամենափրկիչ Վանքի Մատենադարանում: