Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ուժը
ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիրները ժամանակի հայ կեանքի ամէնէն իրազեկ մարդիկն էին: Այդ վկայում են նրանց թողած երկերը, բայց, մանաւա՛նդ՝ ՀՅ Դաշնակցութեան առաջին ծրագիրը: Մինչդեռ նրանցից առաջ եւ յետոյ հայ կուսակցութիւն կազմողները ընդհանրապէս մեկնում էին վերացական դատողութիւններից, անում էին բնազանցական ընդհանրացումներ, ՀՅ Դաշնակցութեան ծրագրի հեղինակները խօսում են միայն կենդանի փաստերի եւ իրական տուեալների մասին: Այդ պատճառով նրանց եզրակացութիւններն էլ կենդանի են եւ իրական: Դաշնակցութիւնը պատասխանում է հայ իրականութեան նզովեալ հարցերին: Դաշնակցութիւնը դնում է հա՛յ միջավայրից բխող պահանջներ: Դաշնակցութիւնը հաշուի է առնում միայն Հայաստանի ու հայ կեանքի առանձնայատկութիւնները: Ուստի եւ ՀՅ Դաշնակցութեան ծրագրում տիրական է ազգային տարերքը: Եւ Դաշնակցութեան ծրագիրը ո՛չ միայն կուսակցական ծրագիր է, այլեւ՝ ընդհանրական հայ ազգային հաւատամք:
Նոյնը պէտք է ասել եւ ՀՅ Դաշնակցութեան կազմակերպական ձեւի մասին: ՀՅ Դաշնակցութեան հիմնադիր ժողովում, 1890 թուին, ընդունուել էր խիստ կենտրոնացման սկզբունքը, սակայն, երկու տարուայ փորձը բաւական եղաւ, որպէսզի Դաշնակցութեան հիմնադիրների առողջ բնազդը ըմբռնէ, որ կենտրոնացումը անհամապատասխան է հայ իրականութեան պայմաններին: 1892 թ. առաջին Ընդհանուր Ժողովում արդէն կենտրոնացման դրութիւնը փոխարինուեց ապակենտրոնացումով: Հնչակեան կուսակցութիւնը քայքայուեց ծայրայեղ կենտրոնացման հետեւանքով: Դաշնակցութիւնը ապրեց եւ զօրացաւ շնորհիւ ապակենտրոնացման:
Կայ եւ մի ուրիշ խիստ կարեւոր պարագայ. միւս հայ կուսակցութիւնները կառուցուած են նուիրապետական սկզբունքով. վերից վար իշխում է տիրողի ու ենթարկուողի, հրամայողի ու հրամանը կատարել պարտաւորուածի իրաւական փոխյարաբերութիւնը: Սոսկ մեքենայական կարգապահութիւն: Դաշնակցութեան մէջ, մանաւա՛նդ նրա կեանքի սկզբնական շրջանում, իշխանութիւնն ու կարգապահութիւնը զուտ բարոյական են: «Յեղափոխական գործում,- ասուած է ՀՅ Դաշնակցութեան 1892 թ. ծրագրում,- չի կարող լինել իրաւունքի եւ պահանջի խնդիր, այլ միայն բարոյական պարտաւորութեան եւ բաւարարութեան խնդիր»: Եւ սա միայն խօսք չէր. «բարոյական պարտաւորութեան» գիտակցութեան ուժն էր, որ հարիւրաւոր ու հազարաւոր դաշնակցական ընկերներին մղում էր դէպի հերոսական գործեր, յաճախ դէպի անխուսափելի մահ: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ուժը այսօր էլ բարոյականութեան մէջ է,

յեղափոխական պարտքի եւ իրաւունքի բարոյական հիմքերի մէջ:
ՀՅ Դաշնակցութիւնը սովորական կուսակցութիւն չէ. նա եւ Ուխտ է, միաժամանակ, բառի լաւագոյն իմաստով՝ եղբայրակցութիւն: Դաշնակցականը դաշնակցականի համար միայն գաղափարակից ու զինակից չէ, այլեւ բարոյական պարտականութիւններով եւ իրաւունքներով եղբայրացած անհատ: Մի անտեսանելի, շատերի համար անհասկնալի խորհուրդ, մի հոգեւոր զօրութիւն սաւառնում է ՀՅ Դաշնակցութեան, բոլոր իսկական դաշնակցականների գլխին, պաշտպանում նրանց ժամանակի ու մարդկային կրքերի ժանգից, ուժ է տալիս նրանց, ներշնչում գաղափարական անձնազոհութեան եւ հերոսական գործերի համար:
ՀՅ Դաշնակցութեան մէջ կայ ուժի մի աղբիւր եւս, որից զուրկ են բոլոր հայ կուսակցութիւնները.- տիրական պաշտամունք անցեալ գործերի եւ նահատակ ընկերների: Դաշնակցութիւնը այն չէ միայն, որ այսօր կայ. Դաշնակցութիւնը

ամբողջ մի վիպերգութիւն է, պատմական մի էպոս է, որ յղացուել է կէս դար առաջ եւ աճում ու զարգանում է դեռ, ծաւալում ու խորանում է անընդհատ՝ հայ ժողովրդի կեանքի եւ գիտակցութեան մէջ: Դաշնակցութեան անդամները նրանք չեն միայն, որ արձանագրուել են կուսակցութեան տոմարներում, այլեւ բոլոր նրանք, որոնք երբեւիցէ ապրել, գործել ու նահատակուել են Դաշնակցութեան դրօշի տակ: Մեզ հե՛տ են միշտ, մեր մէջ են բոլոր մեր գաղափարական առաջնորդները եւ մարտիկները՝ հիմնադիրների սրբազան երրորդութիւնից սկսած մինչեւ այսօր՝ բոլոր նրանք, որոնց մարմինը հանգչում է յայտնի կամ անյայտ գերեզմաններում, բայց որոնց հոգին մի՛շտ մեր մէջ է, մեզ հետ՝ իբրեւ ներշնչող, ուղեցոյց, մարտակից եւ առաջնորդ: Երբ դաշնակցական ժողովները բանաձեւ են հանում, այդ բանաձեւին քուէարկում են ո՛չ միայն ժողովին ներկայ եղողները, այլեւ՝ Քրիստափորները, Զաւարեաններն ու Ռոստոմները: Երբ դաշնակցական մարտիկը կռուի դաշտ է մեկնում, նրա կողքին են ե՛ւ Արամ Արամեանները, ե՛ւ Բաբկէն Սիւնիները, ե՛ւ Սերոբներն ու Գէորգ Չաւուշները, եւ՛ Դումաններն ու Խէչոները:
ՀՅ Դաշնակցութիւնը մի եզակի ընտանիք է, մի բարոյական մեծ եղբայրակցութիւն, մի գաղափարական վեհ ուխտ, հայ ժողովրդի ծոցից դուրս եկած, հայկական միջավայրում ծնուած ու սնուած մի հզօր կուսակցութիւն: Այս իմաստով նա ինքը հայ ժողովուրդն է, հայութեան կազմակերպուած կամքը, նրա ստեղծագործող հանճարի մարմնացումը: Նա ուրիշ կուսակցութիւնների նման չէ: Իր խորքով ու ձեւով նա հայկական է, պտուղը հայ ժողովրդի, բնական ծնունդը հայկական միջավայրի, մինչեւ այժմ չկրկնուած ու դեռ երկար ժամանակ չկրկնուելիք:
Ահա թէ ինչու ՀՅ Դաշնակցութիւնից առաջ եւ նրանից յետոյ մէկից աւելի հայ կուսակցութիւններ են ստեղծուել, բայց նրանք կամ այլեւս չկան, կամ ապրում են սահմանափակ թուով մարդկանց մէջ: ՀՅ Դաշնակցութիւնն է միայն երկարակեաց, կենսունակ, լայնքով ու խորքով համաժողովրդական, գործօն ու զօրաւոր, որ ծննդեան օրից սկսած մինչեւ այսօր գրանիտի պէս անսասան կեցած է քաղաքական պայքարի առաջաւոր դիրքերում: