ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Գլենդելի Քաղաքապետական խորհրդի անդամ Րաֆֆի Մանուկեանը ներկայացրել է օրինագիծ մը, ինչը նախատեսում է արգելել զէնքի ու զինամթերքի ցուցադրութիւններն ու վաճառքը՝ պետութեանը պատկանող հաստատութիւններում: Այս նախաձեռնութիւնն ուղղուած է մասնաւորապէս Գլենդելի «Սիվիք Աուդիտորիում»ում, Մարտ, Օգոստոս եւ Նոյեմբեր ամիսներին անցկացուող զէնք-զինամթերքի ցուցահանդէս վաճառքին: Հարկ է նկատել, որ նման նախաձեռնութեամբ Մանուկեանը հանդէս էր եկել նաեւ 2006ին, սակայն օրինագիծը չէր ընդունուել: 2012ի Դեկտեմբերին, Նիւթաունի Կոնեկտիկուտ դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադէպը, որի զոհ դարձաւ 26 մարդ, այդ թւում՝ 20 երեխայ, Ռաֆֆի Մանուկեանի համար կրկին առաջնային է դարձրել այս նախաձեռնութիւնը: «Ժողովուրդը ցանկանում է ապահովութեան զգացողութիւն ունենալ, յատկապէս այս ողբերգութիւնից յետոյ: Գլենդելում անցկացուող զէնքի ու զինամթերքի ցուցահանդէս-վաճառքը տեղի է ունենում Գլենդելի Հանրային քոլեջի շրջակայքում գտնուող պետութեանը պատկանող հաստատութիւնում: Իմ ներկայացրած օրինագիծը նաեւ պատգամ է, որ կառավարութիւնը չի քաջալերում զէնքի վաճառքն ու տարածումը», նախաձեռնութեան մասին «Ասպարէզ»ին յայտնեց Քաղխորհրդի անդամ Րաֆֆի Մանուկեանը: Օրինագիծը նաեւ նախատեսում է, որ զէնք-զինամթերքի ցուցադրութիւնները պէտք է տեղի ունենան կրթական հաստատութիւններից, այս պարագայում՝ Հանրային քոլեջից, 1000 ֆութ հեռաւորութեան վրայ: Մանուկեանի նախաձեռնութիւնը պաշտպանում է Գլենդելի քաղաքապետ Ֆրանկ Քինտերօն:
Յունուարի 15ին, Գլենդելի քաղաքապատերանում, Քաղխորհրդի բաց նիստում, Ռաֆֆի Մանուկեանը ներկայացրեց իր օրինագիծը, որը մինչ քուէարկութիւնը՝ կը ներկայացուի հանրային քննարկման: Յունուարի 22ին, այս խնդրով մտահոգ բոլոր անհատները, այդ թւում նրանք, ովքեր Գլենդելի բնակիչ չեն, կարող են մասնակցել Գլենդելի «Սիվիք Աուդիտորիում»ում նախատեսուած բաց քննարկմանը ու իրենց տեսակէտը յայտնել այս հարցի շուրջ: Հանրային կարծիքը նաեւ Քաղխորհրդի անդամների համար կարող է որոշիչ լինել քուէարկութիւնից առաջ: Օրինագիծը Քաղխորհրդի նիստում քուէարկութեան կը դրուի ամենայն հաւանականութեամբ՝ յաջորդ շաբաթ: