
ԵՐԵՒԱՆ, «Փան Արմինիըն».– Ստեղծուած է առաջին փոխազդեցիկ (ինթըրէքթիւ) հայկական հեքիաթը: Հայր եւ որդի Գէորգեանները ընտրած են Անահիտի մասին պատմող Աղայեանի հեքիաթն ու փլանշեթներու համար զայն վերածած են շարժունի եւ փոխազդեցիկ: Որդի Գէորգեանը պատասխանած է «Փան Արմինիըն»ի թղթակիցին հարցումներուն՝ պատմելով նաեւ, թէ ինչո՛ւ ընտրած են Անահիտին հեքիաթը:
«Նման նախագծեր տեսել էի արտասահմանում: Մեծ տարածում ունի յատկապէս «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի ինտերակտիւ տարբերակը: Անահիտի կերպարը եւ խորհուրդը դեռ փոքր տարիքից եմ յիշում: Նա խելացի էր ու Վաչագանի առջեւ դրած նրա պայմանը (արհեստ սովորելու) հետագայում փրկեց արքայի կեանքը: Անահիտի մասին պէտք է իմանալ», յայտնած է ծրագրաւորող Վահրամ Գէորգեանը:
Ան ու ձեւագծումով հետաքրքրուող հայրը 5 ամսուան ընթացքին բարի եւ ուժեղ կերպարին մասին հեքիաթը վերածած են շարժունի՝ 150 բաղադրիչներու միջոցով։ Անոնք նաեւ երաժշտութիւն աւելցուցած են եւ պատմութիւնը ներկայացուցած երեք լեզուներով:
«Մօտ 1 ամսիս առաջ ներկայացրել ենք «Էփըլ սթոր»ում է: Արժէքը՝ 3.99 տոլար: Յաւելուածը նախատեսուած է «Այ. փետ»երի եւ մինի «Այ. փետ»երի համար: Յառաջիկայում կը ներկայացնենք նաեւ «Անտրոյտ»ների համար: Սմարթֆոնների համար չենք նախատեսում, քանի որ մանր էլեմենտներ ենք օգտագործել, իսկ փոքր էկրանին դրանք չեն երեւում», նշած է Վահրամ Գէորգեանը՝ աւելցնելով, որ հետագայ ծրագիրներ կան, սակայն աւելի ուշ պիտի յայտարարեն այդ մասին։