
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Անցնող Երկուշաբթին շաբաթուայ կամ ամսուայ միւս օրերից առանձնապէս տարբերուելու նշաններ ցոյց չէր տայ, եթէ, ի հարկէ, չլինէր Կենտրոնական ընտրական յանձնաժողովի որոշումը. Յունուարի 21ը 2013 թ. նախագահական ընտրութիւնների պաշտօնական քարոզարշաւի մեկնարկի օրն է:
Իսկ իրականում Հայաստանի Հանրապետութեան հազարաւոր քաղաքացիների համար գրեթէ ոչինչ չասող, շարքային օր՝ անսպասում, անտարբեր, հոգսաշատ:
Տանից դուրս գալիս՝ շէնքիս պատին նկատում եմ գործող նախագահի մեծադիր նկարն ու մի կարճ պահ տարակուսելուց յետոյ գլխի ընկնում՝ հա, քարոզարշաւն է սկսուել:
Մի քիչ տարօրինակ, մի քիչ զուարճալի, իսկապէս տխուր ու հաստատ վիրաւորուելու չափ ապոլիտիկ (ապաքաղաքական-Խմբ.) ստացուեցին այս ընտրութիւնները: Գուցէ եւ դրսից տպաւորութիւնն այլ լինի, ինչո՞ւ տարօրինակ, տխուր կամ զուարճալի՝ ի վերջոյ ութ թեկնածուներ են ընդգրկուած «ընտրապայքարում»՝ նախկին վարչապետ, արտգործնախարար, Ամենայն Հայոց քաղբանտարկեալ ու ինքնորոշման մարտիկ, էպոսագէտ, նախագահի երկու յաւերժական թեկնածուներ, որոնց բոլոր նախորդ ընտրապայքարների միասնական ցուցանիշը 1 տոկոսից չի անցնում, եւ մի անկուսակցական ակտիւիստ, որն այն գլխից, արդարացիօրէն համոզուած լինելով, որ ընտրութիւնները Հայաստանում իշխանութիւն ձեւաւորելու գործիք չեն, քարոզարշաւն սկսել է հացադուլով՝ նախագահի նստավայրից հարիւր մետր հեռաւորութեան վրայ ընտրելով հացադուլի վայր :
Ասում եմ «ընտրապայքար» ու ցաւում, հաստատ ցաւում եմ. գրեթէ ինքնաոչնչացման ու փոխադարձ արժէզրկումի այս կացութեան համար, ու մտքիս մէջ տրոփում է Յովհաննէս Թումանեանի յայտնի հեքիաթի պատկերը: Ախր ինչպէ՞ս չտրոփի, երբ քարոզարշաւը չսկսուած՝ երկուսը հրաժարւում են պայքարից, մէկը հացադուլ է անում, միւսը յայտարարում է, որ մի քանի օրից մի երկու օրով կը միանայ հացադուլին, միւսի շտաբի պետը, որ նաեւ զոքանչն է, դեռ որոշում չի կայացրել, իսկ էպոսագէտ-թեկնածուն, որ հաստատ գիտի, որ «վերեւում Աստուած կայ», քարոզարշաւին հետեւում է հեռուստացոյցով: «Ընդամէնը 100 քայլ» համոզուած է երկիրը մի անգամ տնտեսական անկումի մատնած նախկին վարչապետը, դէ Րաֆֆին էլ սովորոյթի համաձայն քայլում է, քայլում յորդորելով՝ «միասին հնարաւոր է»:
Սերժ Սարգսեանի քարոզարշաւում այլեւս փուչիկներ չկան, բոլոր փուչիկները վաղուց «դաւադրաբար» պայթել են (պարզւում է հելիումը պայթում է), ու հաւանաբար նաեւ սա է պատճառը, որ նա այս անգամ «ապահով Հայաստան» է խոստանում: Ու խօսում է, խօսում նախագահը, խոստանումով գիտէ՞, գուցէ ինքն իրեն լսի, շատ լսի, հաւատայ ու փոխուի ու իսկապէս ապահով Հայաստան ունենանք: Յոյսը վերջինն է մեռնում (այս մէկը Թումանեանից չէր):
Իսկ EURONEWS- ի թղթակիցը, որ հաստատ Յովհաննէս Թումանեան չի կարդացել ու համեմատելու եզրեր չունի, EURONEWS-ի պաշտօնական կայքում Հայաստանի նախագահական ընտրութիւնների մասին գրում է՝
«Հայաստանում ընտրողները զրկուել են ընտրութիւն կատարելու հնարաւորութիւնից: Հայաստանցիները Փետրուարին նոր նախագահ պիտի ընտրեն, բայց գործող նախագահն արդէն կարելի է ընտրուած համարել: Նրա երկու հիմնական հակառակորդների ընտրապայքարին չմասնակցելու որոշումը Սերժ Սարգսեանին երկրորդ անգամ նախագահ դառնալու անվրէպ հնարաւորութիւն են տալիս»:
Մեր քաղաքական իրողութիւններում տրամաբանութիւն կամ քաղաքագիտական բացատրութիւններ գտնելու ցանկութիւնն այնքան մեծ է նաեւ Հայաստանում Միացեալ Թագաւորութեան դեսպան Քեթի Լիչի մօտ, որ վերջինս, խախտելով ներքաղաքական զարգացումներին չմիջամտելու դիւանագիտական էթիկետը, իր անձնական բլոգում անդրադարձել է մեր ընտրութիւններին: Հաստատ Տիկին Լիչն էլ չի կարդացել Թումանեան ու մեր ազգային խառնուածքին ոչ քաջածանօթի պէս, զարմացած ու անկեղծ հարցեր է տալիս՝ թէ որոնք են ընտրութիւններին չմասնակցելու հնարաւոր պատճառները, արդեօք որոշներն ընդդիմադիր են, որոշներն աւելի ընդդիմադիր, ինչպէս կարելի է ընտրութիւններին չհաւատալ, բայց մասնակցել 2008ի եւ 2012ի ընտրութիւններին:
Իսկ Հայաստանում՝ ինչպէս Հայաստանում: Gallup սոցիոլոգիական ընկերութիւնը հրապարակում է ընտրութիւնների արդարութեան վերաբերեալ 125 երկրներում անցկացրած ուսումնասիրութեան արդիւնքները: Հայաստանն ամենաքիչը հաւատացող երկրների եռեակում է: Ամենաքիչը ընտրութիւնների արդարութեանը հաւատում են Հայիթիում, Մոնղոլիայում, ապա՝ Հայաստանում:
Այսօր քարոզարշաւի չորրորդ օրն է՝ Մի քիչ տարօրինակ, մի քիչ զուարճալի ու հաստատ վիրաւորուելու չափ ապոլիտիկ: Այս բոլորը մենք ենք՝ դերակատար, մասնակից ու արժանի.
Բագրատեանը շարունակում է համոզել, Րաֆֆին՝ յորդորել, Սարգսեանը՝ խոստանալ.
Եւ ի՛նչ հեշտ է թւում ամէն ինչ. Ընդամէնը հարիւր քայլ եւ Միասին Հնարաւոր է Ապահով Հայաստան: